2017-10-24 08:55:00

Կեանքի Հացը՝ կեանքը աշխարհի


Անոնք ըսին . « Ի՞նչ նշան կ'ընես , որպէսզի տեսնենք եւ հաւատանք քեզի: ի՞նչ գործ կ'ընես : Մեր հայրերը անապատին մէջ մանանան կերան , ինչպէս որ գրուած է Սուրբ Գրքին մէջ . երկինքէն եկած հաց տուաւ անոնց ուտելու » : Յիսուս պատասխանեց . « Ճշմարիտ , ճշմարիտ կ'ըսեմ ձեզի , Մովսէս չտուաւ ձեզի երկինքէն եկած հացը , այլ հայրս է , որ կու տայ ձեզի երկինքէն եկած ճշմարիտ հացը: Որովհետեւ Աստուծմէ եկած հացը . ան է , որ երկինքէն կ'իջնէ եւ կեանք կու տայ աշխարհի » : Այն ատէն անոնք ըսին . « Տէր, մի՛շտ տու՛ր մեզի այն հացը » : Յիսուս պատասխանեց . « ես եմ կեանքի հացը, ով որ ինծի գայ, երբեք պիտի չանօթենայ եւ ով որ ինծի հաւատայ , երբեք պիտի չծարաւնայ . ճշմարիտ , ճշմարիտ կ'ըսեմ ձեզի , հաւատացողը կ'ընդունի յաւիտենական կեանքը» ( Յով . 6, 30-35 եւ 47-51 ) :

Չկայ անձնաւորութիւն մը պատմական,որ այնքան ժողովուրդի մէջ մտած եւ ինքզինք անոր մօտիկ զգացած ըլլայ, որքա՜ն Յիսուս Քրիստոս։ Ժողովուրդէն ու ժողովուրդին համար է Ան : Ա'յս է իր անհատնում դրամագլուխը : Սակայն , ամբոխին ջուրէն չի քալեր : Հո'ս է իր առաւելութիւնը՝ գաղտնիքը խորախորհուրդ :

Օր մը- եւ այդ օրը կը կրկնուի ամէն քսանչորս ժամ անգամ, մինչեւ այսօր , Կափառնաում քաղաքին մէջ ժողովուրդը Յիսուսէն նշան կը պահանջէ, որպէսզի Անոր հաւատայ : Հրապարակաւ եւ բոլորին առջեւ կատարած էր իր հրաշքները եւ բժշկութիւնները: Տակաւին նոր բազմացուցած էր հացը՝ մօտ հինգ հազար հոգի կերակրելով : Եւ սակայն չէին ուզեր տեսնել , համոզուիլ եւ հաւատալ :

Քրիստոս , զոր կամ-կամի բերել եւ նեղը դնել  կ'ուզէին բազմութեան մէջէն ամբոխին իմաստունները , բացայայտօրէն կը պատասխանէ , թէ իր նշանը Աստուծմէ եկած մանանան է , ճշմարիտ հացը, որ կեանք կու տայ աշխարհի :

Եւ ամէն թիւրիմացութիւն , սխալ հասկացողութիւն վերցնելու համար ՝ կը շարունակէ ու քանիցս կը կրկնէ շեշտելով . « Ե'ս եմ կեանքի հացը » : Այս հացէն կերողը պիտի չմեռնի . յաւիտենական կ'ապրի : « Եւ հացը , զոր ես պիտի տամ , իմ մարմինս է , կեանք՝ աշխարհի »:

Վայրկեան մը խորհինք ...: Կ'ամ այս Քրիստոսը կատարեալ խենթ մըն է , որ ցնդածի խօսքեր կը նետէ, կը զառանցէ ու անգիտակից կը խօսի եւ կա'մ ինքն է ամենակարող եւ գթած սէրը, որ ուղիղ , շիտակ ճամբան գտեր է ՝ Մեր ներաշխարհը մտնելու , մեր քովը մնալու եւ այն՝ առանց մեզ սարսափի մատնելու, մեծագոյն պարզութեամբ՝ հացի միջոցով ...:

Այո', դժուար է հաւատալ քրիստոսի այս խօսքերուն եւ ընդունիլ այս իրականութիւնը : Սակայն դժուար ե նաեւ չհաւատալ եւ անոնցմէ հեռանալ : Դարերու մէջէն իսկական բոլոր մեծ հոգիները եւ սուրբերը ընդունած են այս հաւատքն ու դաւաներ են իրենց համոզումը :

Չենք տեսնէր, բայց աստուածային խօսքին կը հաւատանք...: Մենք Քրիստոսը ճշմարիտ հաւատքով կ'իմանանք սեղանին վրայ , իրեն կը մօտենանք , զինք կը շօշափենք , մեր ներսը կ'ընդունինք , իրեն կ'ըլլանք մարմին եւ անդամներ, ինչպէս նաեւ Աստուծոյ որդիներ :

Ամէն մարդ՝ դո'ւն ալ, ե'ս ալ կրնանք մերժել քրիստոսի խօսքերը եւ չընդունիլ հաւատքը հանդէպ Ս. Հաղորդութեան՝ ա'յնքան ատեն , որքա՜ն կ'ուզենք ...:  

 Սակայն երբ օր մը սերէն բռնուիս , թերեւս հասկնաս, թէ Յիսուս խենթ մը չէր այլ շատ շատ՝ սիրո'յ խե՜նթ : Պիտի գիտակցիս եւ պիտի համոզուիս , որ Սստուծոյ մարդերուն հանդէպ ունեցած ամբողջ սէրը ամփոփուած է այս հացին մէջ :

     Ս. Հաղորդութեան հացին ներքեւ Աստուած կ'ըլլայ բոլորին ամէն ինչ : Ամէն մարդ կրնայ զինք տեսնել , ընդունիլ եւ ճաշակել , ամէն մարդ կրնայ խորանին առջեւ զինք պաշտել , քովը ժամանակ անցնել , հետը խօսիլ , սիրտը պարպել :

Մեծասքա՜նչ է Ս. Հաղորդութիւնը : Սիրոյ ամենագեղեցիկ գիւտը :

Այո' , դարերու ընթացքին եւ պատմութեան մէջ, անթիւ հրաշքներ ու սքանչելահրաչ դէպքեր պատահած են , որոնք կ'ապացուցանեն Քրիստոսի խօսքերուն ճշմարտութիւնը եւ կը վաւերացնեն անոր ներկայութիւնը Ս. Հաղորդութեան մէջ՝ հացին ներքեւ : Յիսուս է յաւիտենական կեանքը՝ հացի ներքեւ, որ իր ճշմարիտ մարմինն է , այս մամինը կերողը պիտի ապրի Քրիստոսով , որ անոր յարութիւն պիտի տայ վերջին օրը:

Ուրեմն, մօտեցումով սուրբ սեղանին եւ ճաշակումով սուրբ հացին: կը դառնանք Քրիստոսի արենակից՝ անոր քոյր-եղբայրները , որով՝ երկնաւոր Հօր զաւակներ , Աստուծոյ ժողովուրդ : Ամէն :

Հայր Գէորգ Եպսկ. Ասատուրեան

 








All the contents on this site are copyrighted ©.