2017-10-09 09:54:00

Միօրեայ բակային ճամբար՝ Փանիկում


Հոկտեմբերի 7-ին Փանիկի հայ կաթողիկէ երիտասարդները կազմակերպել էին մէկօրեայ  բակային ճամբար՝ ժողովրդապետ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի առաջնորդութեամբ:

Օրակարգը յագեցած էր. այն սկսուեց Ս. և Անմահ Պատարագով, որի ընթացքում աղօթք բարձրացուեց աշխարհի բոլոր անկիւններում գտնուող հայ կաթողիկէ երիտասարդների համար: Այնուհետև Հայր Գառնիկը դասախօսեց «Ընտանիք» թեմայով` ներկայացնելով, թէ ինչպիսին պէտք է լինի  քրիստոնեայ ընտանիքը, դրա դերն ու նշանակութիւնը առողջ հասարակութեան ձևաւորման հարցում: Երիտասարդները ծանօթացան նաև  նաև Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի «Ընտանիք» Հովուական թղթին:

Շատ հետաքրքիր և ճանաչողական էր երիտասարդների կազմած խաչբառը, որում ընգրկուած հարցերը  հոգևոր թեմայով էին. դրանց քննարկումով նրանք ամրապնդեցին և հարստացրեցին իրենց հոգևոր գիտելիքները:  Իւրաքանչիւր մասնակցի ճիշտ պատասխանի համար տրուեց մէկ տառ ու նկարի մէկ կտոր. խաչբառի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելուց յետոյ բոլոր տառերը համադրելով ստացուեց հետևեալ նշանաբանը. «ՅԻՍՈՒՍ ՍէՐ Է», իսկ նկարը`Յիսուս Քրիստոսի պատկերը:

Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են իւրաքանչիւր երիտասարդի թէ հոգևոր, թէ կազմակերպչական ունակութիւնների զարգացման հարցում, ուստի երիտասարդները նախատեսում են զարգացնել նոր գաղափարներ և իրականութիւն դարձնել նոր բակային ճամբարներում:








All the contents on this site are copyrighted ©.