2017-09-26 09:18:00

Ջեռուցման համակարգեր՝ հայ կաթողիկէ եկեղեցիներում


Արեւիկի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղադրուել է ջեռուցման համակարգ: Աշխատանքները ֆինանսաւորուել են  ԱՄՆ Կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի կողմից՝ Հայկական Կարիտասի ծրագրով:

Արեւիկի եկեղեցու ջեռուցման համակարգի արժէքը մօտ 2,5 մլն.դրամ է: Տեղադրուել է ջեռուցման կաթսայ եւ Fan Coil կոչուող համակարգը, որն աշխատում է գազով եւ էլեկտրականութեամբ:

Ջեռուցիչի այս տեսակը լայնօրէն օգտագործւում է եւրոպական երկրներում՝ կրթական, մարզական եւ այլ հանրային հաստատութիւնների ջեռուցման համար: Հարմար է շահագործման համար եւ արդիւնաւէտ՝ ծախսային առումով: Հաշուի առնելով տարածաշրջանի ցուրտ կլիման՝ այս տարին կլինի փորձնական՝ համոզուելու համար՝ արդեօք այս համակարգը պատշաճ է տեղի կլիմային, թէ ոչ: Այդ համակարգից կտեղադրուի նաեւ Ազատանի եւ Լանջիկի եկեղեցիներում:

Ջեռուցման համակարգերի տեղադրման անհրաժեշտութիւն կա Շիրակի մարզի եւ Տաշիրի տարածաշրջանի հայ կաթողիկէ եկեղեցիների մեծ մասում՝ յատկապէս Տաշիրում եւ Աշոցքի տարածաշրջանում, որտեղ ձմռանը մարզի հարաւային եւ կենտրոնական համայնքներից միջինը 5 աստիճանով աւելի ցուրտ է լինում, եկեղեցիներում շատ դժուար է մէկ ժամից աւելի աղօթելը եւ ծիսակատարութեան մասնակցելը: Իսկ եղած էլեկտրական ջեռուցիչները խնդրի լուծում չեն: Այս դժուարութիւնները ի նկատի ունենալով՝ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը մտադիր է աստիճանաբար ջեռուցման համակարգով ապահովել բոլոր եկեղեցիները:

Տաշիրի Սբ. Աստուածածին եկեղեցում  եւս մի քանի օր առաջ տեղադրուել է ջեռուցման համակարգ՝ լոկալ ջեռուցման մարտկոցներ՝ տաշիրցի ռուսաստանաբնակ բարերար Էդուարդ Սուքիասեանի  նուիրատուութեամբ, մօտ 2մլն. դրամ արժողութեամբ:

Եկեղեցին բնական գազով ապահովելու մոնտաժման աշխատանքները ֆինանսաւորել է Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը: Նուիրատուութիւնները կատարուել են Տաշիրի ժողովրդապետ. Հ. Ներսես Վրդ. Գալստեանի խնդրանքով:








All the contents on this site are copyrighted ©.