2017-08-18 11:58:00

Գդանսկի նորաստեղծ «Հայկական տունը» օրհնուեց ձեռամբ Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանի


2017թ. օգոստոսի 13-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական համայնքում տօնական իրադարձութիւններ էին: Գդանսկի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Հայաստանի, Վրաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ.Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը՝ համապատարագութեամբ հինգ հոգևորականների (Լեհաստանի հայ համայնքի կենտրոնական ժողովրդապետութեան ժողովրդապետ Հ. Ժոզեֆ Ծ.Վրդ. Նաումովիչի, Հ. Հենրիկ Ծ.Վրդ. Բլաշչիկի, Հ. Ռաֆայել Վրդ. Կրավչիկի, Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի), սպասաւորութեամբ Լեհաստանում սովորող հայ ճեմարանականների, ներկայութեամբ Լեհաստանում ՀՀ Դեսպան Պրն. Էդգար Ղազարեանի, Գդանսկի Քաղաքապետ Պրն. Պավել Ադամովիչի, Գդանսկի Հայկական ասոցիացիայի նախագահ Պրն. Գագիկ Պարսամյանի և լեհահայ համայնքի ներկայացուցիչների: Սբ. Պատարագը նուիրված էր լեհահայոց համայնքի գոյութեան 650-ամյա

յոբելեանին և Գդանսկի Շնորհաց Տիրամոր հրաշագործ սրբապատկերի թագադրութեան 80-ամյա յոբելեանին: Ի դէպ, այդ պատմական սրբապատկերը պահւում է Սբ. Պետրոս և Պօղոս եկեղեցում, որը դրա շնորհիւ, դարձել է սիրուած սրբավայր և ուխտավայր լեհահայոց համար:

Սուրբ Պատարագից յետոյ հաւատացեալների թափորը՝ հոգևորականների ուղեկցութեամբ շարժուել է դէպի Գդանսկի հին քաղաքի հատուածում գտնվող նորաստեղծ «Հայկական տուն» մշակութային կենտրոնը, որի օրհնութիւնը և հանդիսաւոր բացումը կատարել է Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը՝ Պրն. Էդգար Ղազարյանի, Պրն. Պավել Ադամովիչի և Պրն. Գագիկ Պարսամյանի, ով «Հայկական տան» նախագահն է: Նոր մշակութային տան ստեղծումը, բացման արարողութիւնը կազմակերպուել է Պրն. Գագիկ Պարսամյանը, ով յայտնի է իր հայապահպան ակտիվ գործունէութեամբ:

«Հայկական տան» բացման արարողութիւնը ուղեկցուեց գեղեցիկ մշակութային միջոցառմամբ՝ հայկական տարազներով պարերով:








All the contents on this site are copyrighted ©.