2017-07-22 08:30:00

Կիրակի 23 Յուլիսին տօնն է Քրիստոսի Պայծառակերպութեան։


Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը հինգ տաղաւար տօներից մէկն է։

Երբ Յիսուսը աղօթքի համար երեք աշակերտների՝ Սիմէոն-Պետրոսի, Յակոբոսի եւ նրա եղբօր՝ Յովհաննէսի հետ բարձրանում է Սուրբ Թաբոր լեռան գագաթը, սկսում է սովորական գիշերային հսկումի իր աղօթքները, բայց իր աշակերտները խոր քուն են մտնում։

Քրիստոսը, այդ գեղեցիկ բնութեան մէջ վերացած, սկսում է աղօթել։ Այդ պահին հրաշալի լուսաւորումը պայծառացնում է նրա դէմքը։ Յիսուսն այլակերպւում է, ստանում՝ տարբեր, բոլորովին տարբեր տեսք։

Այդ ուժեղ լուսաճաճանչման անդրադարձը երեք քնած աշակերտներին արթնացնում է. վեր են բարձրացնում իրենց գլուխները, հիացած՝ դիտում են այդ աննկարագրելի լուսաւոր պատկերը, որի մէջ տեսնում են նրա փառքը… Այդ աննախընթաց երեւոյթի մէջ տեսնում են երկու այլ էակներ եւս՝ երկու տղամարդ. Մովսէս եւ Եղիա մարգարէներն էին։ Նրանք խօսում էին վարդապետի հետ նրան մնացած կեանքի այն սակաւ ժամանակի մասին, երբ Երուսաղէմում նրան սպասում էր գերագոյն զոհաբերութիւնը՝ մարդկութեան փրկութեան համար։

Ի վերջոյ, աշակերտները շփոթութեան են մատնւում եւ Պետրոսը մի բան ասած լինելու համար՝ ասում է. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ մնանք, կառուցենք երեք տաղաւարներ. մէկը՝ Քեզ, մէկը՝ Մովսէսի, մէկը՝ Եղիայի համար…» (Ղկ. 9.33)։

Հրաշատեսիլը հետզհետէ հասնում է իր լրումին. «Մի ամպ եկաւ եւ հովանի եղաւ նրանց վրայ, ու նրանք վախեցան, երբ ամպը ծածկեց նրանց» եւ ձայն լսեցին. «Դա է իմ ընտրեալ Որդին, դրան լսեցէք» (Ղկ. 9.35)։

Աւարտւում է Պայծառակերպութեան պահը։ Յիսուսն իր աշակերտներին պատւիրում է լուռ մնալ եւ չխօսել դէպքի մասին, մինչեւ իր երկրային կեանքի վերջը, մինչեւ մեռելներից յարութիւն առնելը (Մտ. 9-10)։

Հայաստանում քրիստոնէութեան պետական կրօն հռչակւելուց յետոյ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետը, Հայկական տոմարի հաստատումից յետոյ, Պայծառակերպութեան յիշատակութիւնը նոյնացրեց հայ հեթանոսական կրօնի ժողովրդական դիւցազնուհի Աստղիկի տօնին եւ մինչ այսօր շարունակւում է նրա հեթանոսական աւանդութիւնը։

Վարդավա՜ռ։

Հեթանոսական շրջանում Աստղիկը սիրոյ, գեղեցկութեան ու ջրի չաստւածուհի էր եւ նրան նւիրւած աղօթքներում հայը ջուր էր աղերսում իր մշակելի դաշտերի, պտղատու հողերի ու այգիների համար։

Վարդավառը զուգադիպում էր բերքահաւաքին եւ առիթ էր համարւում՝ ստացւած բերք ու բարիքի դիմաց երախտագիտութիւն եւ գոհաբանութիւն մատուցելու։

Նոյն աւանդոյթը, այդ երախտագիտական մարդկային երեւոյթը, Հայ Եկեղեցու կողմից քաջալերւեց եւ իւրացւեց նաեւ նոր կրօնում՝ Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը։ Ժողովուրդը այդ ազնւական զգացումները շարունակեց արտայայտել նաեւ նոր կրօնի միջոցով՝ հասկ, ծաղիկ, վարդափունջ նւիրել ոչ միայն եկեղեցուն, այլեւ՝ իրար։

Նոյն տօնին նաեւ աղաւնիներ թռցնելու, ջրախաղ անելու, խնջոյքներ կազմակերպելու սովորութիւն կար։ Մինչ այսօր եւս յիշեալ աւանդութիւնները մասամբ ապրում են։

Վարդավառի տօնը, անկախ կրօնական հանդիսութիւններից, նաեւ խանդավառ տօնախմբութիւնների առիթ է համարւում ընտանեկան շրջանակներում։

Շնորհաւորելի են բազմաթիւ անուններ եւ ընտանիքներում նախատեսում են ընտանեկան-բարեկամական հաւաքոյթներ՝ հետեւեալ անուններ կրողների համար.

Վարդգէս, Վարդավառ, Վարդ, Պատրիկ, Ալվարդ, Զարվարդ, Լուսվարդ, Նվ(ւ)արդ, Պայծառ, Վարդանոյշ, Վարդիթեր, Վարդուհի, Վարվառէ…

* * *

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առիթով բոլոր եկեղեցիներում հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցւեց։ Պատարագից յետոյ՝ Վարդավառի աւանդական ջրախաղը Թեհրանի բոլոր եկեղեցիների շրջափակում կատարւեց մանուկների, պատանիների, երիտասարդների ու տարեցների միջեւ եւ բոլորն էլ խանդավառւած օրւայ տօնի առիթով՝ ուրախանում էին եւ բոլոր եկեղեցիների խորհուրդների կողմից համեստ ընդունելութիւն էր պատրաստւել։

Հարկ է նշել, որ մեր հաւատացեալ ժողովրդի զաւակները բոլոր եկեղեցիներում պարտ ու պատշաճ ձեւով մասնակցեցին ս. պատարագին, ապա՝ ջրախաղին ու խրախճանքին։

«Աւանդապատում»-ում գրւած է.

«Երբ աւարտւում է Ջրհեղեղը եւ Նոյ Նահապետը Մասսի գագաթից իջնում է Նախիջեւան, որդիներին պատւիրում է ջուր ցօղել իրար վրայ, որպէսզի մարդիկ անմոռաց պահեն Ջրհեղեղի յիշատակը։

Ասւում է, թէ Վարդավառի տօնակատարութեան ընթացքում մանուկների, ծերերի, տղամարդկանց ու կանանց տներում, փողոցներում, դաշտերում, գետերի ափին, աղբիւրների եւ առուների մօտ կուժերով իրար վրայ ջուր լցնելը կամ իրար ջրի մէջ գցելը Նոյի ժամանակներից մնացել է Հայաստան աշխարհում»։

 








All the contents on this site are copyrighted ©.