2017-07-14 08:39:00

Հ. Ներսէս վրդ. Գալստեանին շնորհուեց վարդապետական գաւազան և լանջախաչ։


2017թ. յուլիսի 9-ին Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հայր Ներսէս վարդապետ Գալստեանը գնահատանքի մի գեղեցիկ նուէր ստացաւ առաջնորդ հօր՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի ձեռամբ: Վարդապետական գաւազանի և լանջախաչի շնորհման արարողութիւնը տեղի ունեցաւ Տաշիրի Աստուածածնայ վերափոխման եկեղեցում, Սուրբ Պատարագի ընթացքում, որին ներկայ էին Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, այլ պետական կառոյցների պաշտօնեաներ, Հայկական Կարիտասի Տաշիրում իրականացուող ծրագրերի աշխատակիցներ, շահառուներ, Անարատ Յղութեան Տաշիրում ծառայող հայ քոյրեր և բազում հաւատացեալներ: Հայր Ներսէսը ծնրադիր արտասանեց հաւատոյ դաւանութիւնը, ինչպէս թելադրում է կարգը: Սրբազան Հայրն իր քարոզում խօսեց քահանայի առաքելութեան մասին, որն ամբողջութեամբ պէտք է կենտրոնացած լինի Քրիստոսի անձի վրայ՝ հաւատացեալներին փոխանցելով Բարի Լուրը և սեփական օրինակով վկայելով հաւատքի մասին.

–Սիրելի Հայր Ներսէս, այս գաւազանի տուչութեամբ կդառնաս ահաւասիկ հովիւ Եկեղեցու, հովիւ Քրիստոսի՝ հովուելու համար իրեն հաւատացեալները և քեզ տրուեց ոչ թէ հաճոյք և բաւականութիւն, այլ առաւել՝ մի խաչ, առաջնորդութեան պատասխանատուութիւն:

Հայր Ներսէս վրդ. Գալստյանի հովութիւնն քաղցր բեռն իրօք մեծ է. պարտաւորութիւն ունի ծառայելու Տաշիրի շուրջ երկու տասնեակ գիւղերում, որոնցից շատերում անցած 6 տարիների ընթացքում տքնաջան աշխատանքով կարողացել է վերածնել ու զարգացնել հոգևոր կեանքը՝ բնակիչների համար լինելով հոգևոր հայր ու ընկեր, ինչպէս իր խօսքում ասաց Տաշիրի քաղաքապետը.

-Ես ևս ուզում եմ շնորհաւորել Հայր Ներսէսին, եկեղեցական այս բարձր պարգևի կապակցութեամբ: Կարծում եմ, որ սա աւելի է պարտաւորեցնելու Հայր Ներսէսին` մարդ, որն իր ծառայութեան ընթացքում շատ ազնիւ է, պարկեշտ է, հայրենասէր, նուիրուած հայրենիքին: Դրանում համոզուել եմ վերջին 5 տարիներին նրա հետ շփուելով և այդ շփումը ընկերութեան վերածելով:

Քաղաքապետն առիթն օգտագործեց նաև շնորհաւորելու Ռաֆայէլ արքեպս. Մինասեանին.

–Գիտեմ, որ նաև Սրբազան Հայր, Ձեր ձեռնադրութեան 45 ամեակն է: Ուզում եմ բոլորիս շնորհաւորել այս կապակցութեամբ, քանի որ մեր կողքին կա Ձեզ նման մարդ: Ազգասէր մարդ, որի գործունութիւնը ամբողջութեամբ նուիրուած է ազգին, հային, հայի տեսակի պահպանմանը, բարեգործութիւններ, որից անմասն չի մնացել նաև Տաշիր քաղաքը: Իմ և ամբողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալութիւն յայտնել:

Քաղաքապետը Սրբազան Հօրը նուիրեց Նարեկացու Մատեան Ողբերգութեան զարդարուած մի օրինակ: Ռաֆայէլ Սրբազանին և Հայր Ներսէսին շնորհաւորեցին նաև Հայկական Կարիտասի Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնի շահառուները, Փոքրիկ իշխանի սաները և Տաշիրի երիտասարդաց միութեան անդամները՝ նուէրներով հանդերձ: Տաշիրի երիտասարդաց միութիւնն այսօր բաւական կայացած կառոյց է, ինչը համայնքներում ակտիւ հոգևոր կեանքի առկայութեան ցուցիչ է և Հայր Ներսէսի ծառայութեան մի գեղեցիկ պտուղը:

 

Երկու խօսք՝ վարդապետի անցած ճանապարհի մասին:

Հայր Ներսէս վրդ. Գալստյանը ծնուել է 1980թ. մարտի 31-ին, Գիւմրիում: Հոգևոր ճանապարհը սկսել է Գիւմրիում բացուած հայ կաթողիկէ Ներսիսեան դպրեվանքում՝ 2000-2002թթ., ապա ուսումը շարունակել Լվովի Յոյն կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Հոգու հոգևոր ճեմարանում և 2005թ. աւարտել Լվովի աստուածաբանութեան համալսարանի փիլիսոփայութեան ֆակուլտետը: 2005-2009թթ. սովորել է Լյուբլինի Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի համալսարանում գերազանց առաջադիմութեամբ և ստացել աստուածաբանութեան մագիստրոսի աստիճան, պաշտպանել մագիստրական թեզ՝ Եկեղեցական իրանագիտութեան ոլորտում: 2009թ. յունիսի 28-ին Արևիկի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում ձեռնադրուել է կուսակրօն քահանայ՝ վարդապետ, ձեռամբ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեանի և նշանակուել Գիւմրիի հայ կաթողիկէների փոխ ժողովրդապետ: 6 ամիս անց նշանակուել է Թբիլիսիի փոխ ժողովրդապետ: 2010-2011թթ. վարել է Երևան տեղափոխուած Ներսիսյան դպրեվանքի հոգևոր տեսչի և ընդհանուր մատակարարի պաշտօնը: 2011թ. նշանակուել է Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ և այդ պաշտօնում ծառայում է մինչ օրս:

Հայր Ներսեսի ջանքերով վերանորոգուել է Մեծավանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ հայ կաթողիկէ եկեղեցին՝ բարերարութեամբ Սպարտակ Ավոյանի, զարգացել է Մեծավանի, Տաշիրի և հարակից այլ հայ կաթողիկէ համայնքի հոգևոր կեանքը, վերականգնուել կանոնաւոր պաշտամունքը: Նրա նախաձեռնութեամբ Նորաշէն համայնքն իր ֆինանսական մասնակի ներդրումն ունեցաւ գիւղի Սուրբ Խաչ եկեղեցու շինարարութեան և ներքին յարդարման մէջ, որն իրականացաւ հովանաւորութեամբ Հայ Կաթողիկէ առաջնորդարանի և օծուեց 2014-ին: 2015-ին Միխայլովկա գիւղում Հայր Ներսէսի նախաձեռնութեամբ և Հայ Կաթողիկէ Եկեղեցու աջակցութեամբ բացուեց նախակրթարան, որտեղ յաճախում է մօտ 30 երեխայ: Վարդապետը մտադիր է Աստծոյ կամօք առաջիկայում Մեծավան գիւղում հիմնել քահանայատուն և սոցիալական ծրագրերի իրականացման մի կենտրոն: Նաև քայլեր է ձեռնարկում, որպէսզի մօտ ապագայում եկեղեցիներ կառուցուեն Տաշիրի տարածաշրջանի այն համայնքներում, որտեղ գործող եկեղեցիներ առայժմ չկան:








All the contents on this site are copyrighted ©.