2017-06-30 08:42:00

Սիրիահայերի աջակցութեան «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» ծրագրի պաշտօնական բացումը Երևանում


2017թ. Յունիսի 29-ին Երևանի Կոմիտասի թանգարանում տեղի ունեցաւ Հայկական Կարիտասի, Լիբանանի Կարիտասի, Աւստրիայի Կարիտասի և Եւրոմիութեան սիրիահայ փախստականների աջակցութեան համատեղ ծրագրի պաշտօնական բացումը: Յիշեցնեմ, որ ծրագիրը, որի մեկնարկը տրուեց Պէյրութում՝ 2017թ.մայիսի 2-ին, կոչւում է «Ճանաչել, պաշտպանել և իրականացնել»: Այն ֆինանսաւորում է Եւրոմիթիւնը և համակարգում Կարիտաս Ավստրիան: Երևանում ծրագրի բացմանը ներկայ գտնուեցին Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը, Լիբանանի Կարիտասի նախագահ վարդապետ Հայր Փոլ Քարամը, Հայաստանի Եվրամիության պատուիրակութեան Համագործակցութեան բաժնի ղեկավարի տեղակալ Գրիգորի Ցուրիսը, «Ճանաչել, պաշտպանել, իրականացնել» ծրագրի Կարիտաս Աւստրիայի համակարգող Ռոբերտ Մուսբրյուգերը, ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը, ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Նվեր Սարգսեանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հկ նախագահ Ջորջ Բարսեղեանը, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հկ նախագահ Ծովիկ Բայթարյանը, «Սիրիահայերի միութիւն» հկ նախագահ Ներսէս Քիվոն: Ծրագիրը ներկայացրեց Հայկական Կարիտասի Միգրացիա և զարգացում ծրագրի ղեկավար Լուսինէ Ստեփանեանը:

Նոր ծրագրի նախաձեռնութիւնը Հայկական Կարիտասինն է: Ծրագրով նախատեսւում է տարաբնոյթ աջակցութիւն ցուցաբերել Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխուած հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղուած է լինելու նրանց ինտեգրման դիւրացմանը, իսկ Լիբանանում՝ իրաւական կեցութեան և աշխատանքի ապահովմանը։ Այս ծրագրով նախատեսւում է սոցիալական տարատեսակ աջակցութիւն ցուցաբերել մօտ 600 հայ ընտանիքների: Ինչպէս մանրամասնել է Կարիտաս Լիբանանի նախագահ Հայր Փոլ Քարամն իր ելոյթում, Սիրիայից Լիբանան ապաստանած հայ ընտանիքներին կտրամադրուի «մարդասիրական, հոգեբանական, բժշկական, իրաւական և ֆինանսական աջակցութիւն՝ բնակության վարձավճարների տեսքով, որպէսզի օրինականացուի նրանց կարգավիճակը և նրանց հասանելի լինեն պետական բոլոր ծառայութիւնները: Սա նրանց հնարաւորութիւն կտա ազատ տեղաշարժուել և ապրել ապահով: Ի լրումն, նրանց կտրամադրուի տեղեկատուութիւն իրենց իրաւունքների և պարտականութիւնների մասին, որը նրանց կդարձնի աւելի պաշտպանուած»:

Հայր Քարամն ասաց, որ Լիբանանում հաստատուած սիրիահայերին նաև խորհուրդ են տալիս ձեռք բերել ՀՀ անձնագրեր՝ Հայաստանում հաստատուելու համար, որտեղ նրանց հետ աշխատանք կտանեն Հայկական Կարիտասի և ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակիցները՝ ջանալով դիւրացնել նրանց հաստատումը հայ հասարակութեան մէջ, աշխատանքի տեղաւորումը և հետագայ զարգացումը:

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանն իր ելոյթում ասաց հետևեալը.

«Կարիտասն այն հաստատութիւնն է, որ վկայում և ապրում է քրիստոնէական ճշմարիտ ողորմութիւնը: Կարիտասն այն հայ կաթողիկէ հաստատութիւնն է, որ անխոնջ և շարունակական ամենօրեայ գործով ծառայում է օգնութեան կարօտ հայ զաւակներին: Կարիտասը Քրիստոսի սիրոյ պատուիրանին հաւատարիմ, բարի սամարացու նման ջանում է բուժել և դարմանել մեր եղբայրների և քոյրերի վէրքերը»: Ռաֆայել Սրբազանը նաև շնորհակալութիւն յայտնեց Հայկական Կարիտասի հետ համագործակցող բոլոր կազմակերպութիւններին և անհատներին:

Ծրագրի պաշտօնական բացումը նշանաւորեց ընդհանուր համաձայնագրի ստորագրումով, որով կանխանշուեց շարունակական համագործակցութիւնը:

Հանդիպումը շարունակուեց մշակութային մասով: Ներկայացուեցին սիրիահայ լուսանկարիչ Հովիկ Թոփալյանի լուսանկարները՝ «Էրգիր.սկսելով նոր կեանք» խորագրով:

Ապա տեղի ունեցաւ սիրիահայերի խնդիրների վերաբերեալ քննարկում՝ կլոր սեղանի շուրջ:








All the contents on this site are copyrighted ©.