2017-05-06 08:51:00

Հայկական Կարիտասի նախաձեռնութեամբ մեկնարկել է սիրիահայ փախստականների աջակցութեան մի նոր ծրագիր


Հայ Կաթողիկէ Եկեղեցին և Հայկական Կարիտասը նոր թափով շարունակում են սիրիահայերի օգնութեան տարաբնոյթ ծրագրերի իրականացումը:

2017թ. մայիսի 2-ին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը (առաջնորդ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եւրոպայի, Ընդհանուր նախագահ Հայկական Կարիտասի) Բեյրութում ներկայ է գտնուել Հայկական Կարիտասի և Կարիտաս Լիբանանի կողմից համատեղ իրականացուող հայ փախստականների խնդիրների լուծմանն առնչուող մի ծրագրի պաշտօնական մեկնարկին, որը ֆինանսաւորում է Եվրամիությունը և համակարգում Կարիտաս Աւստրիան: Բացման արարողութեանը ներկայ են եղել նաև Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարքութեան Բեյրութի թեմի օգնական Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրեանը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամսարել Մկրտչեանը, Կարիտաս Լիբանանի նախագահ Հայր Փոլ Քարամը, «Կարիտաս Աւստրիայի» ներկայացուցիչ Ռոբերտ Մոսբրուգգերը, Լիբանանում Ավստրիայի դեսպան Մարիան Ալեքսանդեր Վրբան, Լիբանանում Եվրամիության պատուիրակութեպան փոխ դեսպան Ջուլիա Կոխը, Հայկական Կարիտասից՝ ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը, Կառավարման խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանը, «Միգրացիա եւ զարգացում» ու «Աջակցութիւն սիրիահայ փախստականներին» ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

Ծրագիրը կոչւում է «Ճանաչել, պաշտպանել, իրագործել», նախատեսում է տարաբնոյթ աջակցութիւն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխուած հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղուած է լինելու նրանց ինտեգրման դիւրացմանը, իսկ Լիբանանում՝ իրաւական կեցութեան և աշխատանքի ապահովմանը։ Այս ծրագրով նախատեսւում է սոցիալական տարատեսակ աջակցութիւն ցուցաբերել մօտ 600 հայ ընտանիքների:

Ինչպէս մեզ փոխանցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը, այս ծրագրի մեկնարկի նախաձեռնութիւնը Հայկական Կարիտասինն է: Սրբազան Հայրը շնորհակալութիւն  է յայտնել բոլոր բարերարներին և համագործակցող կողմերին, ինչպէս նաև բացատրել է  Կարիտասի ծառայութեան իմաստը, որ ինքնին սիրոյ մի աղբիւր է և, հետևաբար, ձգտում է քրիստոնէական սիրոյ մեջ պահել և պահպանել եղբայրակիցներին, ովքեր յայտնուել են դժուարին իրավիճակում: Հայկական Կարիտասի նախագահը նաև առանձին շնորհակալութիւն   է յայտնել Լիբանանի կառավարութեանը և հասարակութեանը, որ դարեր շարունակ հայերի համար եղել է բաց դուռ, որտեղից ներա մտնելով՝ պանդուխտ կամ միասնաբար աշխատելու եկած հայը գտել է պարարտ հող, սէր և բաց սիրտ՝ օգնելու բոլոր կարիքաւորներին, և յատկապէս, հայ ժողովրդին: Սրբազան Հայրը նաև մաղթել է, որ համագործակցութիւնը հաջողութեամբ պսակուի, փոխյարաբերութիւնը Կարիտասի ընտանիքի և Եվրամիության երկրների հետ աւելի ամրապնդուեն:

Իսկ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչեանն իր ելոյթում գնահատանքով է խօսել «Կարիտաս» կառոյցների երկարատև մարդասիրական գործունէութեան մասին՝ ողջունելով երեք երկրների ներգրաւմամբ և ԵՄ հովանաւորութեամբ նման ծրագրի իրականացումը։ «Ցավոք սրտի, մերձաւոր արևելեան տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Սիրիայում, շարունակուող պատերազմների հետևանքով հարիւր հազարաւոր մարդիկ տեղահանուել են իրենց բնակավայրերից, կորցրել ունեցուածքը և յայտնուել տարբեր երկրներում փախստականների կամ միգրանտների կարգավիճակով։ Սիրիայի հայ համայնքի անդամները ևս անմասն չեն մնացել այդ ողբերգական իրադարձութիւններից։ Ներկայումս նրանք առնչւում են տարբեր խնդիրների ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Լիբանանում և կարիք ունեն կանոնակարգուած աջակցութեան՝ իրենց վերագտնելու և կեանքը բնականոն հուն վերադարձնելու համար», -ասել է դեսպանը:








All the contents on this site are copyrighted ©.