2017-04-26 10:57:00

Գիւմրիի հայ կաթողիկէ ժողովրդապետութիւնը ոգեկոչեց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը


Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին Սուրբ Պատարագ մատուցուեց հայ կաթողիկէ բոլոր եկեղեցիներում: Գիւմրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ մայր տաճարում Սբ. Պատարագը մատուցեց Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը՝ համապատարագութեամբ Տ. Սահակ քհն. Աղեկյանի:

Սուրբ Պատարագի աւարտին կատարուեց «Վասն նահատակաց Հայոց Ցեղասպանութեան» աղօթքը, որը կազմել է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը:
Աղօթքում երգւում է Արևագալի ժամերգութեան «Նահատակք կենդանիք» շարականը, «Սուրբ նահատակօքն աղաչեսցուք…» քարոզը եւ «Սուրբ ես Տէր…» աղօթքը և միասին աղօթում.

Ո՛վ նահատակներ,

Երկնաւոր Հօր սիրեցեալներ,

Ցոյց տուէ՛ք մեզ ձեր լուսաւոր դէմքերը,

Մեզ փոխանցեցէ՛ք գաղտնիքը ձեր ամբողջական նուիրումի,

Եւ ձեր սիրոյն՝ հանդէպ Քրիստոսի, Աւետարանի եւ Եկեղեցւոյ:

Ո՛վ խաչապաշտ հայ նահատակներ,

Դուք, որ աճեցիք Նարեկացու մատեանով,

Լուսաւորեցէ՛ք մեր մտքերը,

Որպէսզի գիտենանք ապրել

Հայոց նահատակութիւնը՝ մեր ամենօրեայ կեանքում:

Արի եւ յաղթող սուրբ վկաներ,

Յիշում ենք ձեզ եւ փառաւորում Աստծուն.Ամէն:

Սբ. Պատարագից յետոյ հայ կաթողիկէ երիտասարդները, Տ. Սահակ քհն. Աղեկյանի առաջնորդութեամբ, այցելեցին Գիւմրիից քիչ հեռու գտնուող Հերհերի կամ Ջարդի ձոր կոչուող վայրը, ուր 1920-ին տեղի են ունեցել հայերի զանգուածային կոտորածներ՝ թուրքական բանակի ձեռքով:

 








All the contents on this site are copyrighted ©.