2017-03-28 08:30:00

''Ափերուս մէջ գրեցի անունդ'' խորհրդածութիւն։


Բայց այդ Կիրակին …  Հոգիս ծարաւի կը մտնէի եկեղեցի։

Եկած  էի  փնտռելու  Աստուած,  որմէ  հետզհետէ  կը  հեռանայի,  կեանքի ամէնօրեայ մակնթացութիւններէն տարուբեր։

Այս  դուռէն անդին,  ուր պահ  մը  կ՚անհետին  աղմուկները  աշխարհի, ձայն մը  հեռուէն  զիս  կը  յափշտակէ. « Խաղաղութիւն  ամենեցուն »,  որպէս  ողջոյն բարի գալուստի։

Լուռ են մարդիկ ամէնուրեք ՝ ամփոփումով պարուրուած, մինչ խորանէն կը  ծորի  յանկարծ  երգ  մը  անըմբռնելի. «   Եւ  զքոյս  ի  քոյոցս  զքեզ մատուցանեմք ».  այսինքն  ՝  « Ինչ  որ  քուկդ  է,  քեզի  պատկանածէն  Քեզի կ՚ընծայենք »։

Խօսքեր  ահաւոր,  յիշեցնելու,  թէ  հո՛ն  խորանին  վրայ,  կը  կատարուէր միեւնոյն  սրբագործումը  Գողգոթայի  խաչին.  յիշեցնելու,  թէ  մարդեղացած Աստուածը,  հրաժեշտի  պահուն,  խնդրած  էր  իր  ապիկար  արարածներէն  ՝« Ասիկա ըրէք իմ յիշատակիս համար » (Ղուկաս  22,19)։

Ու  կը  մնամ  այսպէս  պահեր երկար,  հայեացքս  յարած  անխօս մոմերուն,  զգալով  իրապէս,  թէ Աստուած  ներկայ  էր  կողքիս,  ներկայ  ՝ եկեղեցիին  մէջ.  « Ուր  երկու  կամ  երեք հոգի  հաւաքուած  ըլլան  իմ  անունովս  ՝ես  հո՛ն,  անոնց  մէջն  եմ »  ( Մատթէոս 18, 20) ։

Անիրական  անդորր  մը  կը համակէ  զիս.  կարծէք ձայն  մը  սաստած ըլլար  ՝  « Հանդարտէ՛ »,  ինչպէս  օր  մը անցեալին  ծովակը  մրրկայոյզ Գալիլեայի  (Մարկոս  4  ,39).  Կարծէք ըլլար  այդ  նոյն  ձայնը,  որ  դարերու ընդմէջէն  կը  կրկնէ  միշտ. «Մի՛վախնար, որովհետեւ ես  քեզի հետ  եմ» (Եսայի 43, 5) ։

Բայց  այդ  Կիրակին  …  Կը  մտնէի  եկեղեցի  տանելով  բեռը  ՝  կեանքը խոշտանգող երկընտրանքներուն,  ոչն  ու  այոն՝  ազատօրէն  մեղանչելու  կամ սիրելու  Աստուած,  որոնք  սակայն  մէկիկ  մէկիկ  կ՚անէանան  ,   երբ  կը հաղորդուիմ  շարականներու  թաւալքին  հետ.   « Ի  քաւութիւն  եւ  ի թողութիւն մեղաց »։

Հրաշագործութիւնն  է  հացի  ու  գինիի.  Աստուծոյ  չափանիշը  ՝  Խաչի զոհաբերումին  ,  որ  կը  հակադրէ  ոչն  ու  այոն  տխեղծ  մարդուն  էութեան  .  հո՛ն,  ուր մեղքը կը սկսի ՝ ազատութեան հրապոյրէն ։

Լուսեղէն  գոյութիւն  մըն  է,  որ  կ՚ապրիմ  հոգեղինացած  այս  ոլորտին  մէջ,  ուր  մեղքի  ստուերները  յաղթահարուած  ՝  մարդկային  ձայնն  է  այժմ,  որ  կը գովերգէ. « Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր » ։

Ու  կ՚ըմբռնեմ,  թէ  արդ  ՝  ինծի  կը  մնար  խորանին  միայն  մերձենալ,  ճաշակելու  այդ  քաղցրութիւնը,  որ  հոգեկան  ցամաքութեան  ընտել  այս  դարը՝ կարող չէ երբեք շնորհել։

Բայց  այդ  Կիրակին  …  Եկած  էի  փնտռելու  Աստուած  եւ  այժմ  կը  կրեմ զայն  ափերուս  մէջ,  նման  այս  փոքր  նշխարին,  որ  կը  ներփակէ  անպարագիծ խորհուրդը ՝ « Այս է մարմին իմ » ։ 

Ծարաւած  հոգիս  գտած  էր  Աստուած,  որ  այդ  օրուընէ  կը  դարբնէ անդադար խորը հոգիիս, թէ ի յաւիտենից՝ «Ափերուս մէջ գրեցի անունդ » (Եսայի 49 ,16) ։








All the contents on this site are copyrighted ©.