2017-03-27 08:52:00

Հոգեւոր կրթութիւն եւ Աւետման տօնական Սբ. Պատարագ՝ Սրբոց Նահատակաց աթոռանիստ տաճարում։


Մեծ Պահոց շրջանում, Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, հայ կաթողիկէ համայնքներում անցկացւում են հոգեւոր կրթութեան օրեր: Գիւմրիում հոգեւոր կրթութեան առաջին օրը մարտի 25-ին էր, Սրբոց Նահատակաց աթոռանիստ տաճարում՝ Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. Քհնյ. Մկրտչեանի առաջնորդութեամբ: Հոգեւոր զրոյցի թէման էր՝ «Ապաշխարութիւն, աղօթք, ողորմութեան գործեր»: Տէր Գրիգորը հաւատացեալների ուշադրութիւնը նախ հրաւիրեց ապաշխարութեան խորհրդի եւ զղջման վրայ, որոնք պահեցողութեան ամենակարեւոր մեկնակէտն են: Աղօթքը օգնում է անցնել մաքրագործման մի ճանապարհ՝ ձգտելով սրբութեան եւ Աստծոյ ներկայութեան մէջ բնակուելու աւելի ամբողջական ապրումի: Ողորմութեան գործերը ամբողջացնում են զղջումը եւ աղօթական կեանքը, գանձեր դիզում Երկնային շտեմարաններում, ասաց Տէր Գրիգորը եւ հրաւիրեց մտածել սեփական սխալների, բացթողումների վրա՝ դրանք շտկելու յստակ մտադրութեամբ:

Այս թէմայով յաջորդ հոգեւոր զրոյցը տեղի կունենայ յաջորդ շաբաթ, իսկ մարտի 25-ին, հոգեւոր զրոյցից յետոյ, Տ. Գրիգորի խնդրանքով, Աւետման տօնի Սուրբ Պատարագը մատուցեց Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը:

Իր քարոզի ընթացքում Հ. Գառնիկը հրաւիրեց մտածելու Աստուածամօր վսեմ կերպարի մասին, նրա խոնարհութեան, Տիրոջ կամքին անվերապահ հնազանդութեան մասին, որը մի իւրայատուկ դպրոց է բոլորիս համար: Հ. Գառնիկը պատմեց նաեւ տօնի հաստատման պատմութիւնը: Նա խնդրեց Տիրամօր բարեխօսութիւնը Գիւմրիի հաւատացեալների եւ ամբողջ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ համար:

Աւետման տօնի առթիւ Սբ. Պատարագ մատուցուեց նաեւ այլ համայնքներում, ինչպէս նաեւ կատարուել է մայրերի օրհնութեան կարգ:

Աւետման տօնը Հայ Կաթողիկէ տօնացոյցով նշւում է մարտի 25-ին, անշարժ կարգով, որովհետեւ հաշւում է Տէր Յիսուս Քրիստոսի Ծննդեան տօնից՝ դեկտեմբերի 25-ից ճիշտ 9 ամիս դէպի հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին Աւետման տօնը նշում է ապրիլի 7-ին՝ 9 ամիս յետադարձ հաշուարկ կատարելով յունուարի 6-ից:








All the contents on this site are copyrighted ©.