2017-01-26 10:39:00

Լեհաստանում հանդիսաւորութեամբ տօնել են հայ համայնքի 650-ամեայ յոբելեանը։


2017թ. Յունուարի 20-ին Լեհաստանի կառավարութեան և Ազգային ու էթնիկ փոքրամասնութիւնների համատեղ յանձնաժողովում հայ փոքրամասնութեան ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպութիւնների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպուել էին մի շարք միջոցառումներ` նուիրուած Լեհաստանի հայ համայնքի կազմաւորման 650-ամլայ յոբելեանին:

Միջոցառումների մեկնարկը տրուեց Կրակովի թագաւորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ յարգանքի տուրք մատուցուեց հայերին յատուկ արտօնութիւններ շնորհած Լեհաստանի երևելի թագաւորներ Կաժիմեժ Մեծի և Վլադիսլավ Յագելոյի յիշատակին։

Լեհաստանի հայ համայնքի պատմութեան նուիրուած գիտական միջոցառում տեղի ունեցաւ Եւրոպայի հնագոյն համալսարաններից մէկում` Կրակովի Յագելոնյան համալսարանում, որի ընթացքում ելոյթներով հանդէս եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարեանը, Լեհաստանի նախորդ գումարման Սենատի անդամ, հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ Սեյմի պատգամաւոր, Ազգային և էթնիկ փոքրամասնութիւնների մշտական յանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին:   Իր ելոյթում դեսպան Ղազարեանը նշեց, որ 2017 թուականը յոբելենականն տարի է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլեւ հայ-լեհական դիւանագիտական յարաբերութիւնների առումով, որի 25-ամեակը լրանալու է փետրուարի 26-ին: Դեսպանի խօսքերով այս երկու յոբելեաններն իրենց էութեամբ փոխկապակցուած են միմեանց հետ, քանզի հայ-լեհական միջպետական բարեկամական յարաբերութիւնները յենուում են երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութեան ամուր հիմքերի վրայ, որի լաւագոյն արտայայտութիւնը Լեհաստանում հայերի դարաւոր ներկայութիւնն է, որի ընթացքում նրանք իրենց դրսևորել են լաւագոյն կողմերով` այդ կերպ վաստակելով Լեհաստանի թագաւորների և իշխանաւորների բարեհաճութիւնն ու արտօնութիւնները, ինչպէս նաև լեհ ժողովրդի անկեղծ յարգանքն ու համակրանքը:   Միջոցառմանը Լեհաստանի հայ համայնքի և նրան շնորհուած արտօնութիւնների մասին ծաւալուն զեկոյցով հանդէս եկաւ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրէն, Լեհաստանի հայ համայնքի պատմութեան հարցերով հետազօտող գիտնական, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան:

Նոյն օրը Կրակովի Յագելոնյան համալսարանական խորհրդի Սուրբ Աննա եկեղեցում Լեհաստանի Հայ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցու հարաւային համայնքների ժողովրդապետ Հ. Տադեուշ Իսակովիչ-Զալեսկու ձեռամբ մատուցեց Սուրբ պատարագ, որի ընթացքում ծաւալուն անդրադարձ կատարուեց Լեհաստանի հայ համայնքին, նրա դարաւոր պատմութեանը, հայ և լեհ ժողովուրդների համերաշխ գոյակցութեանը, Լեհաստանի հայ համայնքի նշանաւոր գործիչներին և Լեհաստանի տարածքում գոյութիւն ունեցող հայկական մշակութային յուշարձաններին:   Միջոցառումներին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (պետական նախարար) Վոյչեխ Կոլարսկին, ԼՀ Սեյմի պատգամաւոր, Ազգային և էթնիկ փոքրամասնութիւնների մշտական յանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին, ԼՀ Սենատի նախկին գումարումների անդամ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ արտաքին գործերի նախարարութեան և Կրակովում գործող դիւանագիտական ներկայացուցչութիւններից դիւանագէտներ, Լեհաստանի հայ համայնքին, Հայաստանին նուիրված հետազօտութիւններ իրականացնող ճանաչուած գիտնականներ, անվանի հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպութիւնների նախագահներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:

 








All the contents on this site are copyrighted ©.