2017-01-13 09:33:00

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի հովուական այցը՝ Ռուսաստանի Դաշնութիւն


Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը 2017թ. յունուարի 5-10-ը, Աստուածայայտնութեան տօնի առթիւ հովուական այցով գտնւում էր Ռուսաստանի Դաշնութիւնում:

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանն իր այցը սկսել է Մոսկուայից. 2017թ. յունուարի 6-ին ., Աստուածայայտնութեան   տօնական Սբ. Պատարագը մատուցել է Մոսկուայի Անարատ Յղութեան մայր տաճարում՝ ,մասնակցութեամբ Ռուսաստանում պապական նուիրակ արքեպս. Չելեստինո Միլիորեի և Մոսկուայի լատին կաթողիկէների առաջնորդ արքեպս. Պաոլո Պեցցիի, նաև համապատարագութեամբ Մոսկուայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի: Սբ. Պատարագից յետոյ կատարուել է նաև Ջրօրհնէքի սրբազան արարողութիւնը: Ներկայ էին 600-ից աւելի հայ հաւատացեալներ:

Նոյն օրը Անարատ Յղութեան եկեղեցու առաջնորդարանի սրահում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը երկու լատին արքեպիսկոպոսների հետ միասին հանդիպել է հայ կաթողիկէ համայնքի հետ, զրուցել է համայնքի կեանքի, հայ կաթողիկէ առաջնորդութեան ընթացիկ իրադարձութիւնների, մարտահրաւէրների և ձեռքբերումների մասին:

Յունուարի 7-ին Սրբազան Հայրն այցելել է Վինյով քաղաքը և տեղի ժողովրդապետ Հոգշն. Հ. Սեդրակ վրդ. Խիթարեանի հետ միասին մատուցել Սբ. Պատարագ և կատարել Սբ. Մկրտութիւն, ապա հանդիպել հավատացեալների հետ, իսկ երեկոյեան Վինյովի մշակոյթի տանը ներկայ է գտնուել հայ կաթողիկէ երեխաների պատրաստած Սբ. Ծննդեան հանդէսին:

Յունուարի 8-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը դարձեալ Սբ. Պատարագ է մատուցել Վինյովում, ապա այցելել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Տուլայի միտրոպոլիտ Ալեքսիին, ջերմօրէն շնորհաւորել նրան Աստուածայայտնութեան տօնի առիթով: Երկու առաջնորդները զրուցել են եղբայրական մթնոլորտում, խօսել համատեղ աշխատանքի մասին:

Նոյն օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը Մոսկուայի քահանայատանը հանդիպել է հայ կաթողիկէ երիտասարդների հետ:

Յունուարի 9-ին Սրբազան Հայրը Հ. Պետրոս Եսայեանի հետ միասին այցելել է Մոսկուայից մօտ 450 կմ. հեռաւորութեան վրայ գտնուող Բրյանսկ քաղաքը, որտեղ ևս հայ կաթողիկէ փոքրաթիւ համայնք կա: Բրյանսկի հայ կաթողիկէ համայնքն իր պատմութեան մէջ առաջին անգամն էր տեսնում թեմի առաջնորդին: Հանդիպումը եղել է շատ յուզիչ և տպաւորիչ, շատերն իրենց հոգևոր հովիւին դիմաւորել են արցունքներն աչքերին: Յուզուած է եղել նաև Սրբազան Հայրը: Հավատացեալները մասնակցել են Սրբազան Հօր ձեռամբ մատուցուած Սբ. Պատարագին, Մկրտութեան և Պսակադրութեան արարողութիւնների:

Բրյանսկի հայ կաթողիկէ համայնքի հոգևոր կարիքների համար այժմ ծառայում է լատին կաթողիկէ մի վարդապետ, ով Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանից իրաւունք ստացաւ հայ համայնքի համար Սբ. Խորհուրդները կատարել նաև հայկական ծէսով:

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը Հայաստան վերադարձաւ յունուարի 10-ին:

 








All the contents on this site are copyrighted ©.