
Հայ-թրքական սահմանի բացումը կրնայ տեղի ունենալ Երեւանի եւ Անգարայի փոխադարձ համաձայնութեամբ`
առանց նախապայմաններու: Այդ մասին «Ռուսիան այսօր» (Russia today) լրատուական գործակալութեան
գլխաւոր տնօրէն Տմիթրի Քիսելյովին տուած հարցազրոյցի ժամանակ ըսած է Հայաստանի Հանրապետութեան
նախագահ Սերժ Սարգսեան:
«Ես միշտ, գուցէ դա արդէն ոչ պոպուլեար օրինակ է, ասում եմ, որ ցանկացած հարսանիք
եւ ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնութիւնը: Այստեղ չի կարելի ասել, որ
հարցը 50 տոկոսով լուծուած է, դա այդ դէպքը չէ: Այդ առումով մեզանից ոչինչ կախուած չէ»,-
ըսած է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսեան ընդգծած է, որ Հայաստան իր կողմէ շատոնց պատրաստ է ձեռնարկելու յարաբերութիւններու
կարգաւորման ուղղուած քայլերը:
«Մինչեւ 2009 թուականն անգամ մեր որոշ ընկերներ ասում էին, որ մենք բարդութաւորուած
ենք ցեղասպանութեամբ, որ մենք պարզապէս թուրքերի հետ չենք ցանկանում որեւէ յարաբերութիւն,
մինչեւ նրանք չճանաչեն Ցեղասպանութիւնը: Բայց մենք գնացինք դրան: Դուք հասկանում էք այդ
ժամանակ իմ վիճակը, երբ ես շրջում էի գրեթէ ողջ աշխարհով` հանդիպելով հայկական սփիւռքի
ներկայացուցիչների հետ: Իսկ Փարիզում, Նիւ Եորքում, Լոս Անճելեսում, Պէյրութում Հայաստանի
նախագահի դէմ դուրս էին եկել այդ երկրի` հայկական ծագումով հազարաւոր քաղաքացիներ, որոնք
պահանջում էին չստորագրել այդ արձանագրութիւնները (Հայ-թուրքական արձանագրութիւնները-
Tert.am): Ես աշխատում էի, ես համոզում էի, ես խնդրում էի»,- ըսած է Սերժ Սարգսեան:
«Արդիւնքում` ստորագրեցինք, նրանք իրենց պարտաւորութիւնները չեն կատարում: Էլ ի՞նչ
անել: Ասել. այո, եկէք անվտանգութեան գօտին տանք Ատրպէյճանին, իսկ Թուրքիան կը բացի սահմանները:
Եւ յետո՞յ: Երեք ամսից, մէկ տարուց, մէկուկէս տարուց մի կոնֆլիկտ կը լինի, կրկին կը փակի:
Դա մեզանից չէ կախուած»,- ըսած է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսեան յայտարարած է, որ կը ցանկայ Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանի բացումը:
«Ցանկանում եմ, որ թուրք երիտասարդութիւնը հասկանայ, որ նա մեղաւոր չէ, որ Օսմանեան կայսրութիւնում
հայերի ցեղասպանութիւն է իրականացուել: Որովհետեւ իրականում ո՞րն է այսօրուայ թուրք երիտասարդութեան
մեղքը: Հասկանու՞մ եք»,- ըսած է ան: