2016-11-14 13:00:00

Արևիկում օծուեց մատուռ ՝ ի յիշատակ Արցախում զոհուած զինծառայող Վահէ Վանոյանի


2015թ. նոյեմբերի 12-ին  ԼՂՀ Պաշտպանութեան բանակի հարաւային զօրամասերից մէկի մարտական յենակէտում   հակառակորդի գնդակից զոհուած  ժամկէտային զինծառայող Վահէ Վարդգեսի Վանոյանի յիշատակին` Շիրակի մարզի Արևիկ համայնքում՝ հերոս նահատակի հայրենի գիւղում օծուեց Վահեի անունը կրող մատուռը:

Իշխանութեամբ Հայաստանի ,Վրաստանի, Ռուսաստանի  և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տեր Ռաֆայէլ արք. Մինասեանի՝ մատուռն օծուեց ձեռամբ հայր Գառնիկ վրդ. Յովսէփեանի՝ առընթերակայութեամբ Արևիկ համայնքի ժողովրդապետ Տէր Նարեկ քհն. Թադևոսյանի:

Օծման արարողութեանը ներկայ էին մարզային իշխանութեան ներկայացուցիչներ՝ գլխաւորութեամբ Շիրակի մարզպետ Յովսէփ Սիմոնյանի, Վահէի զինակից ընկերներն ու հարազատները, ինչպէս նաև նրան ճանաչող բազմաթիւ մարդիկ:

Մատուռի օծման արարողութիւնից յետոյ հայր Գառնիկ վրդ. Յովսէփեանը ներկաներին վստահեցրեց, որ ինքնազոհութիւնը մարդկային բացառիկ  արժանիք է.

<<Սիրելի հաւատացեալներ, այս մատուռը, որը կառուցել է հերոս Վահէի հայրը, միշտ կյիշեցնի, որ սիրոյ բարձրագոյն դրսևորումը դա ինքնազոհութիւնն է, իսկ  եկեղեցի կառուցողը թէ´ այս կեանքում, թէ´ հանդերձեալում մշտապէս իր ուրոյն գնահատանքին է արժանանում Աստծոյ կողմից>>:

Արևիկ համայնքի ժողովրդապետ Տեր նարեկ քհն. Թադևոսյանն էլ ասաց հետևեալը.

<<Մատուռը որոշակի չափով մխիթարանք կդառնայ հերոս Վահէի ծնողների ու հարազատների համար, այն առիթ կլինի նաև, որ մարդիկ յաճախ մտնեն Աստծոյ Տուն և աղօթեն և´  զոհուածների հոգիների հանգստութեան համար, և´ սահմանին կանգնած զինուորների կեանքի համար>>:

<<Լաւ մարդ, լաւ տղայ, լաւ ընկեր ու զինակից, միայն այսպէս կարող եմ բնութագրել Վահէին…Ես երբեք չեմ կարող խօսել նրա մասին անցեալով, նա մեզ հետ է, մեր կողքին…Այս մատուռը ինչ որ չափով նաև հպարտանալու առիթ կտա մեզ, որ միշտ յիշենք և հպարտանանք, որ Վահէի նման ընկեր ունենք>>.-մեզ հետ զրոյցում նշեց Վահէի զինակից ընկերը՝ Գառնիկ Մուրադյանը, ով Վահէի կեանքի վերջին վայրկեաններին եղել է նրա կողքին:

Այնուհետև համախմբուած բազմութիւնը շարժուեց դէպի գիւղի գերեզմանատուն՝ Վահէի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և աղօթքներ բարձրացնելու համար առ Աստուած:

Գերեզմանատանը կատարուեց հոգեհանգստեան կարգ՝ որի աւարտին հայր Գառնիկը ի մխիթարութիւն հարազատներին Սուրբ Գրքից մէջբերեց հետևեալ խօսքերը.

<<Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ.  եթէ ցորենի հատիկը, հողի մէջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար>>:

Աննման Մինասյան

Քաղուած armenianchurchco.com կայքէն








All the contents on this site are copyrighted ©.