2016-11-04 09:38:00

Հ.Վահան վրդ. Հովակիմեանը պարգևատրուել է «Յակոբ Մեղապարտ» շքանշանով


2016թ. հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» Մատենադարանում տեղի ունեցաւ  «Անցեալի պահպանութիւն` յանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաև Վիեննայի Մխիթարեան միաբանութեան անդամներ Աւստրիայի հայ կաթողիկէների առաջնորդ  Հոգշն. Հ. Վահան վրդ.  Հովակիմեանը և Հ. Համազասպ վրդ. Քեշիշյանը: Հայր Վահանն իր զեկոյցում խօսել է Վիեննայի Մխիթարեան գրադարանի թերթերի հարուստ հաւաքածուի մասին, իսկ Հ. Համազասպը զեկուցել է Վիեննայի Մխիթարեան գրադարանի մասին: Ի դէպ, Վիեննայի գրադարանում պահւում է աշխարհի հայերէն թերթերի մեծագոյն հաւաքածուն, ընդ որում օրաթերթեր հայատառ բայց թուրքերէն, 1845 թուականների նմուշներ:

Հայ գրքի ուսումնասիրութեան, քարոզչութեան և գրադարանայինն գործում ունեցած ներդրման համար Հ.Վահան վրդ.  Հովակիմեանը պարգևատրուել է հայ առաջին տպագրիչ  «Յակոբ մեղապարտ» շքանշանով:

Համաժողովից յետոյ Հ. Վահան վրդ. Հովակիմեանը հրաւիրուել է հարցազրոյցի՝ Շողակաթ ՀՌԸ-ում: «Տարբերակ» հաղորդաշարի ընթացքում Հայր Վահանը խօսել է սփիւռքում հայագիտական կենտրոնների առջև ծառացած խնդիրների և հայկական գրադարանների, հայկական ձեռագրերի և հնագոյն հրատարակութիւնների թուայնացման գործընթացի մասին:

Նա, մասնաւորապէս պատասխանելով Մերձաւոր Արևելքում գոյութիւն ունեցող խնդիրների մասին, ասել է, որ հայագիտական արժեգները փրկելու համար ամենաառաջնային ու կարևոր պայմանը համագործակցութիւնն է  թէ Մերձաւոր Արևելքի, թէ մայր հայրենիքի և թե սփիւռքի կենտրոնների միջև, նաև՝  փորձի և կադրերի ակտիվ փոխանակումները: Ըստ նրա, ողջունելի կլինի, եթէ, օրինակ, խաղաղ պայմաններում ապրող երիտասարդները գնան պատերազմական վիճակում գտնուող երկրներ և աշխատեն  այդ ուղղութեամբ:

Նա ասել է.«Դժուար է վիճակը պատերազմող երկրներում, օրինակ Հալէպում և Քեսաբում մենք կարճ ժամանակում դժբախտաբար կորցրեցինք որոշակի քանակութեամբ գրական ժառանգութիւն, դրա համար էլ շտապում ենք թուայնացուել մնացածը»:

Անդրադառնալով հայագիտական ժառանգութեան թուայնացման գործընթացին՝ Հայր Վահանն ասել է, որ տեմպերը մի քիչ դանդաղ են, դրա համար էլ այդպիսի համաժողովների միջոցով ջանում են փորձի փոխանակման և իրար աջակցելու միջոցով արագացնել գործընթացը:  Աշխատում են համացանցի միջոցով շարունակել միմեանց սկսած աշխատանք, որպէսզի արդեն կատարուած աշխատանքը չկրկնուի:

 Նա պատմել է, որ Վիեննայից մի երեք ժամ հեռաւորութեան վրայ գտնուող  Ստրազբուրգ քաղաքում հայկական փոքր  ամբիոն է բացուել, որը ոչ  միայն հայերին, այլև օտար ազգի երիտասարդներին հայերէն է ուսուցանում: Այդտեղ սովորում են արևելահայերէն, արևմտահայերէն և գրաբար հայերէն: Այս ձեռնարկը ընդլայնելու և աւելի զարգացնելու կարիք կա: Ակնկալում են մշակոյթի նախարարութեան աջակցութիւնը: Վիեննայում գործում է հայկական դպրոց, որը գործում է շաբաթական մէկ օր: Կարևորում են եկեղեցի-դպրոց-ծնող համագործակցութիւնը: Մխիթարեան Միաբանութիւնը Աւստրիայում  ունի վեց վարդապետ, իսկ ամբողջ աշխարհում՝ քսանչորս:

«Ի հարկ է, սա փոքր թիւ է, աղօթում ենք, որ նոր հոգևորականները շատանան, աւետարանում էլ է ասւում, որ մշակները քիչ են, հունձքը՝ շատ: Մեր վարդապետները հասցնում են նաև զբաղուել գիտական գործունէությամբ: Վերջերս էլ հրատարակուեց միաբանութեան 200 ամեակին նուիրուած գիրք, որը թարգմանուեց երեք լեզուներով».ասաց Հ. Վահանը:

 








All the contents on this site are copyrighted ©.