2016-10-27 12:22:00

ՀՀ Սփիւռքի նախարարութեան շնորհակալութիւնը Գանադայում ծառայող հայ կաթողիկէ հոգեւորականին:


Գանատայի Թորոնթօ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցու հոգևոր հովիւ Հոգշն. Հ. Եղիա ծ.վ. Գիրեջյանը ՀՀ անկախութեան 25-ի առթիւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից պարգեւատրուել է շնորհակալագիրով՝ հայապահպանութեան գործում մեծ աւանդի համար:

Հայր Գիրեջյանր Թորոնթոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ եկեղեցու հոգևոր հովիւն է արդեն քառասուն տարի:

Հայր Եղիա Ծ.Վ. Գիրեջեանը ծնուել է Բեյրութում, հոգեւոր կրթութիւն ստացել Հռոմի Գրիգորեան համալսարանում և 1966թ. ձեռնադրուել քահանայ: Հոգեւորական առաքելութիւնը նախ իրականացրել է Մերձաւոր Արեւելքում, իսկ 1973 թուականից՝ Կանադայում:

«Յարատեւ, անտեղիտալի նուիրումի, ծառայութեան ճանապարհ, որտեղ ամեն քայլափոխի առաջնորդուել եմ Աստծոյ պատուիրաններով», այսպէս է գնահատում հոգեւորականն իր անցած ուղին, որի ընթացքում իր ծառայութեամբ նպաստել է հայապահպանութեանն ու մատաղ սերնդի դաստիարակմանը:

Հ. Եղիա Գիրեջեանը նաև Թորոնթոյի հայ կաթողիկէների միութեան ղեկավարն է, ստեղծել է Հայ կաթողիկէ շաբաթօրեայ դպրոցի հիմնադրամը, Թորոնթոյում նախաձեռնել հայոց ցեղասպանութեանն և հայոց այբուբենին նուիրուած յուշարձանների տեղադրումը, կազմակերպել միջոցառումներ՝ նուիրուած Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

«Իմ տարած համեստ գործունէութեան համար արժանացայ Գնատահագիրի մը Հայաստանի Սփիւռքի նախարարութեան կողմէ, որ ինձ յանձնուեցաւ Գանատայի մօտ Հայաստանի լիազօր դեսպան վսեմաշուք տիար Արմեն Եգանեանի կողմանէ, ուրտեղ հրապարակաւ իմ ջերմագին երախտագիտութիւնը և հոգեկան խառն երջանկութիւն ու յուզումը յայտնելէ ետք վսեմաշուք դեսպանին առաջարկեցի հետևեալ երկու խնդրանքները. Առաջին՝ եթէ այս գնահատագիրը կարող էի նուիրել համայն Գանատահայութեան իւրաքանչյուր բեկորին անխտիր և ապա արդեօ՞ք այս գնատահագիրը կարող էի ընդունիլ որպէս ՀՀ–յանձնագիր»:

Գիրեջեանը ներկայացրել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու մօտեցումը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ.

«Ոճիր մը կներուի միմիայն հետևեալ անքակտելի երեք պայմաններու գործադրութեամբ, որմէ ետք ներում կշնորհուի ոճրագործի ու կիրագործուի ճշմարիտ Արդարութիւնը.– Ճանաչում՝ Ցեղասպանութեան, զղջում,ցաւ, ցասում Ցեղասպանութեան, և արդար ու ամբողջական հատուցում Ցեղասպանութեան»։

Պատմելով Գանադայում իր ծառայութեան մասին՝ Հ. Գիրեջյանն ասել է, որ հոգեւոր բարձրագոյն իշխանութիւնների հրահանգով՝ 1970-ականներին Լիբանանից գալով Գանադա՝ կարողացել է բազմաթիւ խոչընդոտներ յաղթահարել: Որպէս անծանօթ և ներգաղթեալ՝ փորձել է յարմարուել ապրելակերպի ու մտածելակերպի, աշխարհագրական, կլիմայական պայմանների, օրէնսդրութիւնների ու սովորութիւնների տարբերութիւններին: Այնուհետև անցել է գործնական քայլերի՝ իր նպաստը բերելով մատաղ սերնդի դաստիարակութեան գործին:

«Եկեղեցւոյ առաքելութեան կողքին հիմնեցինք շաբաթօրեայ վարժարանը մանկապարտէզի նախակրթարանի միջնակարգի և երկրորդականի բաժանմունքներով, որ շրջանաւարտներու բեղուն հունձքեր տուաւ 35 տարիներու ճանապարհին՝ ներկայիս աշակերտութեան թիւն է 250»,– արդիւնքներով հպարտանում է Հայր Եղիան՝ շեշտելով, որ նահանգի պետական իշխանութիւններն ու տեղական կաթողիկէ ուսումնական խորհուրդը լրջօրէն նպաստել են այս գործին`աջակցելով նիւթական ու կրթական գործընթացին:

Արել է ամեն ինչ՝ օտար հողում հայ համայնքի հայեցիութիւնը պահպանելու համար, որի երաշխիքները երեքն են` Հայ Եկեղեցին, դպրոցը և, առաւել եւս, հայ ընտանիքը: Այս ամենից բացի, նաեւ նախաձեռնել է այնպիսի կարեւոր աշխատանք, ինչպիսին է Հայոց ցեղասպանութեանն և Հայոց այբուբենին նուիրուած յուշարձանների բացումը:

«Կառուցեցինք և ձանձրացուցինք մեր հայ ազգի դիմագիծի հիմնական երրորդութեան բաղադրիչ եւ անբաժան խորհուրդները, որոնք կվկայեն և պիտի վկայեն յարաժամ և յամենայն ժամ ոչ թէ միայն է հայ անհատին այլ օտարազգի բոլոր անոնց, որոնք պիտի այցելեն Հայրենիք Հայաստանի այս մասնիկ հողակերտը այս ափերուն»,– ասել է վարդապետը՝ մանրամասնելով այն գաղափարը, որ տալիս են այս յուշարձանները.Հայ եկեղեցին հայ ազգի՝ Քրիստոնեայ հաւատամքի, հոգևոր էութեան և լինելիութեան մարմնացումն է խորհրդանշում, նոյնը նաեւ այբբենարանին և ապրիլեան պատերազմի զոհերին նվիրուած յուշարձանների գաղափարի հիմքում է:








All the contents on this site are copyrighted ©.