2016-10-26 11:30:00

Հայաստան այցելեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն Մեծ Վարպետը


«Մենք մարդասիրական օգնութեան ծրագրեր ունենք ձեր երկրում»:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով շաբաթ երեկոյեան Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: Նա յայտնել է, որ 900 տարիների ընթացքում սա Մալթայի ուխտի վարպետի  առաջին  այցն է  Հայաստան։

«Պատմութեան մէջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան՝ դուք: Եվ պատահական չէ, որ դուք յայտնի եք՝ որպէս ամենահին քրիստոնեայ ժողովուրդ, և մենք չպէտք է մոռանանք, որ Հայաստանի պատմութեան մէջ եղել են նաև ողբերգութիւններ: Այսօր կէսօրից յետոյ իմ պարտականութիւնն եմ համարում այցելել յուշայամալիր և յարգանք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձութիւնների զոհ գնացած սուրբ նահատակների յիշատակին»,-նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մեթյու Ֆեսթինգը:

Նա նաև նշել է, որ Մալթայի Ուխտը ցոյց տուեց իր յանձնառութիւնը Հայաստանին՝ օգնելով փախստականներին 1988 թուականին, երբ  երկիրը տուժեց ահաւոր երկրաշարժից:

«Մենք մարդասիրական օգնութեան ծրագրեր ունենք ձեր երկրում, օրինակ, Էջմիածնում՝ մանկատունը, Դիլիջանում՝ առողջարանը և այստեղ՝ Երևանում էլ մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարաւորութիւն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի և Հայաստանի Հանրապետութեան միջև»,-ասել է  Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը և  շեշտել է, հոյս ունի, որ կարող են շարունակել  համագործակցութիւնը, ինչպէս նաև այն աշխատանքները, որ Ուխտը կատարում է Հայաստանում:

«Ես հաւատացած եմ, որ այս այցը Հայաստան հնարաւորութիւն կտա մեզ շարունակելու կառուցել մեր միջև արդեն իսկ առկայ արտակարգ յարաբերութիւնները: Մենք կարողանալու ենք բարելաւել կեանքը և կենսապայմանները նրանց, ովքեր կարիքի մէջ են»,-ասել է  նա՝ շնորհակալութիւն յայտնելով նախագահ Սերժ Սարգսեանին ընդունելութեան համար:

Նախագահ Սարգսեանն ու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆեսթինգը խոսել են Հայաստանի և Հռոմի Սբ. Աթոռի միջև գոյութիւն ունեցող կապերի, այդ թւում Հռոմի Սրբազան Պապի կողմից Հռոմում 2015 մատուցուած Սբ.Պատարագի մասին, ի յիշատակ 1915-ի անմեղ զոհերի, իսկ Հռոմի Սրբազան Պապի այցը  միջեկեղեցական ամուր կապերի խորացման փայլուն օրինակ էր, ինչպէս ասաց Ֆեսթինգը:

Առանձնայատուկ դատապարտուեց Սիրիայում քրիստոնեաների՝ հալածանքների ենթարկուելու փաստը, կողմերը պատրաստակամութիւն յայտնեցին ամէն կերպ նեցուկ լինել Մերձաւոր Արևելքում քրիստոնեաներին օգնելու հարցում:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆեսթինգը այցելեց  նաև Սբ. Էջմիածին, խօսեց քոյր Եկեղեցիների կապերի ամրապնդման մասին, ինչից յետոյ այցելեց Երևանի Սբ.Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետութիւն, ծանօթացաւ Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութեան դրուագների ու մասնակցեց Սբ. Պատարագի, որը մատուցուեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ Հ. Մեսրոպ ծայրագույն թագադիր վարդապետ Սուլահեանի և առընթերակայութեամբ Հ. Նարեկ վրդ. Մնոեանի և Տ. Կոմիտաս քհն. Դավէեանի:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը կաթողիկէ միաբանութիւն է, որը հիմնուել է 1099թ.՝ Երուսաղեմում Երանելի Ասպետ Գերարդի կողմից: Կենտրոնը Հռոմի Պալացցո Մալթան է: Այս կրօնական միաբանութեան առանձնահատկութիւնն այն է, որ զինուորական բնոյթ ունի և ասպետական պետութիւն է, միջազգային իրաւունքի սուբյեկտ՝ առանց փաստացի տարածքի. ունի միայն երկու ամրոց և մի քանի վիլլա, որոնք Իտալիայի տարածքում են։ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ունի անսահմանափակ լիազօրութիւններ: Հռոմի Սրբազան Քահանայապետը միաբանութեան Մեծ Վարպետին կարդինալի աստիճան է շնորհել:

Այս Ուխտի գործունութիւնը բարեգործութիւնն է՝ «Կաթողիկէ հաւատքի պաշտպանութիւն և օգնութիւն աղքատներին (Tuitio fidei et obsequium pauperum) կարգախօսով: Միջին դարերում միաբանութիւնը զէնքով պաշտպանել է Երուսաղեմի քրիստոնեաներին մահմեդական զաւթիչներից, մասնակցել Խաչակրաց արշաւանքներին: Ուխտը ինքնանկախ է ճանաչուել 1113թ.՝ Հռոմի Պասխալիուս Բ Սրբազան Քահանայապետի կողմից: Սրբուհի Աստուածածինը Ուխտի պահապանն է:

Որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ, այն մշտական դիտորդ ունի նաև ՄԱԿ-ում, թողարկում է իր առանձին անձնագրերը, դրամական միաւորը: Ուխտն ունի երեք բրիգադից բաղկացած զինուորական գունդ, որը տեղակայուած է Իտալիայի տարբեր վայրերում և միաւորուած է Իտալիայի բանակի հետ: Միաբանութիւնն ունի 13.500 ասպետ և ասպետուհիներ, գործատու է 25.000 բժիշկների, բուժքույրերի, ունի մոտ 80.000 կամավորական, գործում է մօտ 120 երկրներում, բարեսիրական օգնութիւն տրամադրում երեխաների, անտունների, հաշմանդամների, փախստականների, ծերերի, հիւանդների, բորոտների:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը ծրագրեր է իրականացնում նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայնքներում՝ համագործակցելով Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի և միւս հայ կաթողիկէ հոգևորականների:

Հ. Գառնիկ վրդ. Յովսեփեանը 2015թ. Լեհաստանում ծառայող Մալթայի միաբանութեան անդամ, ռեկտոր Հ. Հենրիկ Բլաշչիկի կողմից պարգևատրուեց Ուխտի աջակից կամաւորական խմբի անդամութեան իրաւունքով: Հ. Հենրի Բլաշչիկը Կլոբարկում ծառայում է նաև հայ կաթողիկէների հոգևոր կարիքների համար:








All the contents on this site are copyrighted ©.