2016-10-17 10:03:00

Մայր Թերեզայի քոյրերի տանը կազմակերպուեց հոգևոր կրթութիւն՝ երիտասարդների համար


2016թ-ի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հեռու գտնուող Գթութեան միսիոներների միաբանութեան քոյրերի տանը ակնարկեց եռօրեայ հոգևոր կրթութիւն, որին մասնակցում էին հայ կաթողիկէ երիտասարդական միութեան երկու տասնեակ երիտասարդներ՝ տարբեր կաթողիկէ համայններից՝ Գիւմրիից, Երևանից, Փանիկից, Լանջիկից և Աշոցքի տարածաշրջանի համայնքներից: Նախաձեռնութիւնը Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկինն է, ով և վարում է հոգևոր կրթութիւնը:

‹‹Այստեղ մենք երիտասարդների հետ հիմնականում հոգևոր աշխատանք ենք տանելու, նրանք յարատև աղօթքների մէջ են լինելու, լսելու են քարոզներ ու բանախօսութիւններ՝ հոգևոր կրթական մակարդակը բարձրացնելու համար, ինչը կօգնի ամրացնել  կապը Աստծոյ հետ››,-ասաց Հ. Ռաֆայել Կռավչիկը:

Երիտասարդները ոգևորուած են մասնակցում նմանատիպ հանդիպումներին, լաւ են գիտակցում, որ Աստծոյ  ողորմածութիւնը  իրենց վրայ առաւել կներգործի, եթէ լինեն աւելի միաբան ու սիրով լի միմեանց հանդէպ:

Յագեցած եռօրեայ ծրագրի կարևոր մաս կազմող խմբային աշխատանքի մեկնարկով սկսուեց սեմինարը: ‹‹Աստուած սիրում է քեզ և Նա հիանալի ծրագիր ունի քո հետ կապուած››.այս գաղափարն էր դրուած սեմինարի հիմքում:

«Աստծոյ սէրը անուն ունի, որն է՝ Յիսուս…»:

Շատ ենք լսում, որ մարդիկ ասում  են՝ Աստուած սիրում է մեզ…Կարևոր է ոչ միայն ասել, այլեւ զգալ այդ սէրը››ներկաներին բացատրեց Հայր  Ռաֆայէլը:

‹‹Քանզի Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իր Միածին Որդուն տուեց, որպէսզի ով նրան հաւատում է՝ չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ, սա աւետարանի կարևորագոյն խօսքերից է…

−Աստուած սիրում է քեզ, գիտես՞…

−Այո, գիտեմ,-պատասխանում են բոլորը:

-Բայց դու զգում ես՞, որ հենց քե՛զ է սիրում, այո՛, հենց  քե՛զ: Կան մարդիկ, որ այս հարցում անվստահութիւն ունեն, ինչը նշանակում է, որ Աստծոյ սէրը այս մարդկանց մէջ չկայ: Այսօր հե՛նց այսօր դուք պէտք է զգաք այդ ճշմարտութիւնը, որ Աստուած քե՛զ է սիրում: Նոյնիսկ եթէ դու մտածում ես, որ դու արժանի չես, յիշիր, Նա քե՛զ է սիրում››,- այսպէս բացատրեց Հայր Ռաֆայէլը:

Սեմինարը նաև իր մէջ ներառում է  անհատական աշխատանք երիտասարդների հետ, որն  էլ  կօգնի գիտակցել, որ  հոգևոր դաստիարակութիւնը ոչ թէ մեզ սահմանափակելու և վախեցնելու համար է, այլ մեզ յոյս, ուժ, բարութիւն, ձգտում, կեանքի իմաստաւորում և արժևորում փոխանցող ուժ է:

Մէկ կարևոր հանգամանք ևս.հոգևոր կրթութեան այդ օրերին երիտասարդները հնարաւորութիւն ունեն նաև շփուելու Մայր Թերեզայի քոյրերի հոգածութեան ներքոյ գտնուող հաշմանդամութիւն ունեցող երեխաների ու երիտասարդների հետ, քոյրերի հետ, լսելու Մայր Թերեզայի մասին ու տեսնելու քոյրերի անձնուէր ծառայութիւնը, աղօթելու նրանց հետ միասին








All the contents on this site are copyrighted ©.