2016-10-17 09:46:00

Արհ. Տ. Ռաֆայէլ արք. Մինասեանը հանդիպել է Հոլանդիայի դեսպանի հետ։


2016թ.հոկտեմբերի 13-ին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ  Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը ընդունել է Հոլանդիայի դեսպան Իոս Դաումային: Հանդիպման նպատակը ճանաչողական է եղել, քննարկել են հարցեր՝ թէ հասարակական, թէ եկեղեցական հարթութիւններից: Մասնաւորապէս, քննարկուել է Կաթողիկէ Եկեղեցու բարեգործական առաքելութիւնն իրականացնող Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպութեան գործունէութեան, իրականացրած ծրագրերի ու ապագայում ընդլայնման հարցերը: Հանդիպման ընթացքում առանձնայատուկ մատնանշուել է ծրագրերը, որոնք վերաբերւում են Սիրիայում ծաւալուած ռազմական գործողութիւններից տուժած  մեր հայրենակիցներին մարդասիրական օգնութեան ցուցաբերմանը:

«Կաթողիկէ եկեղեցին անում է ամեն ինչ, որ օգնի հայրենիք վերադարձած հայրենակիցներին, որպէսզի նրանք կարողանան ինքնաբաւ լինել և մնալ Հայաստանում»,-մեզ հետ զրոյցում վստահեցրեց  Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը:

Նոյն օրը Սրբազան Հայրը ընդունել է Ավստրիական Կարիտասի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում շօշափուել են համագործակցութեան  ծրագրեր, որոնք միտուած են օգնելու հաշմանդամութիւն ունեցող երեխաներին և կարօտեալ ընտանիքներին: Հանդիպումից յետոյ կողմերը սկսել են այցերը շահառուներին, քանի որ նիւթական աջակցութիւնից առաւել այդ մարդիկ կարիք ունեն այցելուների և ջերմագին խօսքերի, ինչպէս ընդգծեց Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը:








All the contents on this site are copyrighted ©.