2016-09-29 09:46:00

Վրաստանում Հայ Կաթողիկէ եկեղեցին - Ախլցխայի շրջան


Ծղալթբիլա կամ Նորշէն․- 1830թ․ մայիսի 15ից սեպտեմբեր 20-ը Էրզրումի Նորշէն և Ռաբատ գիւղերից գաղթած շուրջ 34 գերդաստանները եկել են և բնակութիւն հաստատել Վրաստանի Ախալցխայի գաւառի Ծղալթբիլա գիւղում։ Ներկայումս գիւղը բաւականին ընդարձակուած է, 1850 բնակիչով, ունի իր դպրոցը և հիւանդանոցը։ 1836 թուականին գիւղում կառուցուել է եկեղեցի Յիսուս Փրկիչ անուան։ Եկեղեցին մշտապէս խնամուել է 25 տարիներ իր հոգևոր սպասաւորութիւնը կատարող ներկայիս ժողովրդապետ Հ Անատոլի Ծ․ Վրդ Իվանյուկի և գիւղի ժողովրդի կողմից։ Գիւղի եկեղեցում մատուցւում են ամենօրեայ Ս․ Պատարագներ, ժամերգութիւններ, Ս․ վարդարանի և այլ ջերմեռանդական աղօթքներ։ Բնակչութեան  թիւը շուրջ 1850 հոգի։

Նէոխրեբ կամ Նաոխրեբ․- Գաղթել են 1829թ Էրզրումի վիլայեթի նորշէն, Կամբեր և Արծիթ գիւղերից, շուրջ 80 ընտանիք։  Գիւղում 1886 թուականին կառուցուել է Ս․ Փրկիչ եկեղեցին, որը ներկայումս էլ գործում է անխափան, ժողովրդապետն է Տէր Պօղոս քհն․ Գրիգորիանը։ Բնակչութեան  թիւը շուրջ 1100 հոգի։

Ծինուբան․- նշանակում է «դիմացը հարթ» - Նախնիները եկել են 1829թ աշնանը Էրզրումի Արծթի, Ղարագեբակ և Կամբեր գիւղերից Մաթոս քահանայի առաջնորդութեամբ և վերջինս էլ ամփոփուած է գիւղի Դուտենց կոչուած այգում։ 1879թվականին կառուցուել է Ս․ Աստուածածին եկեղեցին, որ այժմ գիւղացիները անվանում են նաև Մայր եկեղեցի։ Այն գործում է անխափան, ժողովրդապետն է Տէր Պօղոս քհն Գրիգորյանը։ Բնակչութեան  թիւը շուրջ 660 հոգի։

Աբաթխև հնում նաև Խաշութ․- Գիւղի նախնիները եկել են 1829-1830թթ Էրզրումի Խաշութ գիւղից։  Ներկայումս էլ անխափան գործող գիւղի եկեղեցին կառուցուել է 1886թվականին կրելով Ս․ Խաչ անունը։ Գիւղը ունի շուրջ 600 բնակիչ, ժողովրդապետն է Տեր Պողոս քհն Գրիգորեանը։

Ջուլղա – Գիւղի բնակիչների նախնիները եկել են 1830թ Էրզրումի Չիֆթլիկ գիւղից և հիմնադրուել աւերակ բնակավայրի տեղում։

Տասնամեակներ շարունակ Ջուլղայի հայերն իրենց գիւղում ոչ թէ եկեղեցի, այլ երբևէ նոյնիսկ աղօթատուն չեն ունեցել։ 1990 թ. գիւղի գերեզմանոցին կից Հայր Անատոլի վարդապետի նախաձեռնութեամբ կառուցւում է Ավետումն Մարիամ Աստուածածնայ եկեղեցու առաջին հարկը (ըստ նախագծի ՝պէտք է լիներ երկյարկանի)։ Ներկայումս ժողովրդապետ Հ Անատոլի Ծ Վրդ Իվանույկն է, եկեղեցին գործում է անխափան, բնակչութեան թիւը շուրջ 500 է։

Սուխլիս- Գյուղի նախնիները եկել են 1830թ Կարնօ գաւառի Հունձք գիւղից վարդապետ Արիստակես Շահինյանի առաջնորդութեամբ։  Եկած օրուանից հիմնել են եկեղեցի  յանուն Ս Կույսի կոչելով, ուր և կատարուել են հանապազօրեայ եկեղեցական արարողութիւնները։  1892թվականին հիմնովին վերանորոգել են եկեղեցին  և աւարտին հասցրել 1910թվականի մարտի 25ին։ Ներկայումս եկեղեցին գործում է անխափան, ժողովրդապետն է Տեր Անտոն քհն Անտոնյանը բնակչութեան թիւը շուրջ 1900 է ։

Ղուլալիս – Գյուղի բնակիչների նախնիները եկել են 1830թ Էրզրումի վիլայեթից։ Գիւղում եկեղեցի չկայ, դեռևս 1900 ական թուականներից յիշատակուում է գիւղի քահանայ Տգր Սիմոնը, ով սրբազան արարողութիւնը կատարել է մասնաւոր տան մէջ։ Առ այսօր էլ գիւղը չունի եկեղեցի և արարողութիւնները կատարւում են գիւղի բնակիչների տներում։ Բնակչութեան թիւը շուրջ 170 հոգի։

Վալէ- Գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի շրջանում ՝ Ախալցխայից ուղիղ գծով 10 կմ հարաւ-արևմուտք՝ Փոցխով գետի աջ ափից 1 կմ հեռու, ծովի մակերևոյթից 1120-1240 մ բարձրութեան վրայ։

Գյուղի դպրոցում սովորում է 115 աշակերտ, դասաւանդում ՝ 27  ուսուցիչ։Գիւղում է գտնւում Սբ. Աստուածածին եկեղեցին՝ կառուցուած 1862 թուականին։

Մեծ Պամաճ կամ Վարի Պամաճ - գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալցխայից ուղիղ գծով 7,5 հարաւ-արևմուտք ՝ հիւսիս արևելահայ մեղմ թեքութիւն ունեցող սարահարթին, ծովի մակերևոյթից  1150-1190 մ բարձրութեան վրայ

Գիւղի  Սբ. Խաչ (Սբ. Ստեփանոս) եկեղեցին 1840 թ. յիշատակւում է Սբ. Փրկիչ անուամբ։ 1837 թ. կազմուել է եկեղեցու շարժական գոյքի ցուցակը, ըստ որի եկեղեցում պահուել են ծիսական 7 գիրք (Ճաշոց, Ավետարան, Ձայն քաղ շարական, Ժամագիրք, Խորհրդատետր, Սիմոնի տօնացոյց, Հայսմավուրք), ինչպէս նաև 479 մսխալ արժողութեան  արծաթէ, պղնձէ իրեր և այլն։

Կաշեկազմ մագաղաթեայ ձեռագիրը գտնւում է համագիւղացի Արշակ Մամիկոնի Գիմիշյանի տանը։ Հարուստ է մանրանկարներով։ Կազմը ձևաւորած է թուով հինգ մետաղեայ խաչքարերով։

Եկեղեցում առ այսօր պահւում է 1723 թ. Կոստանդնուպոլսում հրատարակուած «Ճաշոց գիրք գեղեցկատիպ և վայելուչ գաղափարեցեալ մատենից հնոց պագաւորացն Հայոց» գիրքը։

Փոքր Պամաճ կամ Պզտի Պամաճ -գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝  Ախալցխայից ուղիղ գծով 6,5 կմ հարաւ-արևմուտք՝ հիւսիսահայեաց մեղմ թեքութիւն ունեցող սարահարթին, ծովի մակերևոյթից  1220-1290 մ բարձրութեան վրայ։

Փոքր Պամաճի  դպրոցում սովորում է 68 աշակերտ, դասաւանդում ՝ 21 ուսուցիչ։

Գիւղի Սբ. Խաչ (Սբ. Յակոբ, Սբ. Աստուածածին) եկեղեցին 1837 թ. յիշատակւում է Սբ. Յակոբ, իսկ 1840 թ. վաւերագրերում՝ Սբ. Աստուածամայր անուններով։ 1841 թ.-ից եկեղեցին կրում է Սբ. Խաչ անունը։ 1837 թ. կազմուել է Փոքր Պամաճի Սբ. Յակոբ եկեղեցու շարժական գոյքի ցուցակը, ըստ որի այլ իրերի հետ մէկտեղ եկեղեցում պահպանուել են ծիսական 5 գիրք (Ճաշոց, Աւետարան՝ արծաթէ փոքր խաչով, Ձայնքաղ շարական, Ժամագիրք, Սիմեոնի տոնացույց), ինչպէս նաև 684 մսխալ արժողութեան արծաթէ, բրոնզէ իրեր և այլն։

Ուխտեց (այժմ ՝ Օլթի) քաղաքում 1490 թ. ստեղծուած ձեռագիր Աւետարան է պահւում է Տերտերանց Աղասի Սահակեանի տանը, որը «1976 թ. սեպտեմբերին բերուել է Մատենադարան, ախտահանուել, վերանորոգուել և կրկին վերադարձուել»։

Ծիրա - գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալցխայից ուղիղ գծով 10 կմ հարաւ-արևմուտք՝ ծովի մակերևոյթից 1350 մ միջին բարձրութեան վրայ։

Գիւղում է գտնւում Սբ. Գէորգ (Սբ. Հրեշտակապետաց) եկեղեցին։ 1863թ. յիշւում է որպէս փայտաշէն եկեղեցի։

1908 թ. նորընտիր երեցփոխի տնօրինութեանը յանձնուած եկեղեցու ունեցուածքի 47 անուն զանազան գրքերի, անօթների, սպասքի, խաչերի և այլնի թւում ուշագրաւ էր յատկապէս 1786 թ. Պետերբուրգում հրատարակուած պատկերազարդ Աւետարանը։

Սազել - գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝  Ախախիայից ուղիղ գծով  4 կմ հարաւ-արևմուտք՝ հարաւ արևմտահայաց ձորալանջին, ծովի մակերևոյթից 1190-1240 մ բարձրութեան վրայ։

Սազելի դպրոցում սովորում է 121 աշակերտ, դասաւանդում՝ 27 ուսուցիչ։

Գիւղի Սբ. Խաչ եկեղեցու կառուցման ստոյգ տարեթիւն անյայտ է, սակայն այս անուամբ յիշւում է 1940 թ.-ից։ 1826-1841 թուականների ընթացքում գրիչ և ստացող Մարտիրոս  Տէր-Նահապետյանցը կազմել է Ժողովածու։ Եկեղեցում առ այսօր պահպանւում է  Իլիջայից բերված 5 աղօթագիրք (մէկ Շարական, 2 հատ գործք առաքելոց  և 2 հատ Սաղմոս)։

Հողային աշխատանքների ժամանակ սազելեցի Ղևոնդ Սիմոնյանը յայտնաբերել է կարասներ, որոնք պահւում են Ախալցխայի գաւառագիտական թանգարանում, իսկ 1981 թ. Սազանաուրենց արտեր տեղամասում ջրատար առուներ անցկացնելիս Խաչատուր Քրդյանը յայտնաբերել է պղնձեղէն մի կնիք՝ հետևեալ յիշատակագրութեամբ. «Մանուկ աղա Գրիգորեան»։

Սբ. Խաչ եկեղեցուց քիչ հեռու՝ հարաւարևելեան կողմում, գտնւում է մենհիր յիշեցնող մի ժայռազանգուած, իսկ դրա մօտ՝ 9-11-րդ դարերին բնորոշ քառակող կոթողի պատուանդան։ Վերջինիս արևմտահայաց երեսին բոլորաձև շրջանակի մէջ առնուած հաւասարաթև խաչի քանդակ է։ Այս ամենի վրայ կառուցուել է մատուռանման մի պարզ շինութիւն։








All the contents on this site are copyrighted ©.