2016-09-26 12:53:00

Մայր Թերեզային նուիրած Սբ. Պատարագ Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում։


«Սրբոց Նահատակաց» հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում 2016թ. սեպտեմբերի 18-ին Սբ. Պատարագ մատուցուեց՝ ի յիշատակ Սրբուհի Մայր Թերեզայի:

Սբ. Պատարագը մատուցուեց ձեռամբ Գյումրու հայ կաթողիկէների ժողովրդապետ Տէր Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանի: Գյումրու ժողովրդապետը հաւատացեալներին ուղղուած իր խօսքում յիշեցրեց, որ պէտք է զերծ մնալ հպարտութեան դրսևորումներից, քանզի Աստուածաշունչն ասում է, թէ այն մեղքի առաջին արմատն է: Մարկոս Աւետարանիչի պատմութիւնը ներկայացնելով՝ նա շարունակեց.

«Քրիստոսի մօտ գալիս է մի երիտասարդ, ով մանկութիւնից ի վեր պահել էր բոլոր պատուիրանները և հարցնում, թէ վարդապետ ինչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ: Քրիստոսը շատ պարզ ու յստակ պատասխան է տալիս, որն իր մէջ հրաւէրք ունի և ուղղուած է մեզ բոլորիս. «Վաճառիր քո ունեցուածքը, վերցրու քո խաչը և արի իմ ետևից»: Պէտք է հետևել Քրիստոսին, վերցնել ու կրել նրա խաչի ծանրութիւնը և քայլել դէպի յաւիտենականութիւն»:

Այնուհետ Գյումրու ժողովրդապետն իր խօսքում նշեց, թէ Լեռան քարոզի ժամանակ Քրիստոսն ասում է`երանի՛ նրանց, ովքեր հոգով աղքատ են: Մարդկանց մօտ շատ յաճախ այդ «հոգով աղքատ» ասուածը տարակարծութիւնների տեղիք է տալիս: Մինչդեռ Քրիստոսն ասում է, թէ այն մարդիկ են հարուստ, ովքեր հոգո՛վ են աղքատ, քանզի իրենք իրենց ամբողջութեամբ կտրել են աշխարհից, չեն մտածում աշխարհի փառքի մասին, այլ` միայն մտածում են, թէ ինչպէս կարող են կեանքը և ժամանակն այնպէս նուիրաբերել Աստծոյն, որպէսզի հնարաւոր լինի յաւիտենական կեանքը ժառանգել և մի փոքր խաչ ունենալ` իրենց ուսերին կրելու համար:

Հարուստը, շարունակում է Տէր Գրիգոր աւագ քահանան, մտածում է, թէ ամբողջ կեանքում իր հարստութիւնն օգտագործելով, այս աշխարհում պիտի ունենայ փառք և բոլոր մարդիկ նրա ձեռքերը պէտք է համբուրեն, իսկ ինքը մի քանի գրոշներ նետելով՝ կգոհանայ, թէ իսկապէս իր կեանքն ապահովուած է, մինչդեռ`եթէ դուք ունէք աւելին, քան միւսները, փորձէք մի քիչ էլ ուրիշներին տալ:

«Եւ այդ ուրիշին տալու մէջ է ուրախութիւնը,-ասում է Տէր Գրիգորը- քանզի, երբ տալիս ես մէկ բան, կրկնակի, եռակի անգամ ստանում ես: Այնպէս չէ, սիրելիներս, որ պէտք է անընդմէջ մտածել միշտ ունենալու մասին: Տեղին է այստեղ յիշել Յովհաննէս Թումանեանի խօսքը, որ ասում է, թէ անց են կենում սերը, գանձը, բայց մարդու գործն է միշտ անմահ: Ուստի ապրենք մէկ մտածումով` հետևել Քրիստոսին»:

Հետևել Խաչեալ Քրիստոսին. այս է եղել նաև Մայր Թերեզայի ամբողջ կեանքի իմաստը, ով ասել է. «Թող Քրիստոսի սիրոյ լոյսը սփռուի քո բարի գործերի միջոցով»: Սբ. Պատարագին ներկայ էին նաև Մայր Թերեզայի հետևորդ գթութեան այն քոյրերը, ովքեր 1988-ի երկրաշարժից յետոյ եկել են Հայաստան ու մնացել Սպիտակում, որպէսզի շարունակեն իրենց բարի առաքելութիւնը:

Մայր Թերեզայի մէկ այլ պատգամն է. «Քո բոլոր տառապանքները դիր Նրա ոտքերի տակ. Միայն սիրտդ բացիր Նրա առաջ, որպէսզի քեզ սիրի այնպէս, ինչպիսին կաս: Մնացածը Նա կանի»:

Գթութեան քոյրերն իրենց հիմնած կենտրոնում խնամում են 30-ից աւելի հաշմանդամութիւն ունեցող երեխաների: Գթութեան քոյր Ջոյզը նրանցից մեկն է, ով անչափ տպաւորուած էր Մայր Թերեզային նուիրուած Սբ. Պատարագից:

«Պատարագի ընթացքում ես ամբողջութեամբ յիշեցի այն պահերը, որ ապրել եմ նրա կողքին,-ասում է  Գթութեան քոյր Ջոյզը,- Մայր Թերեզայի միջոցով մենք ճանաչեցինք Աստծոյ սէրը, ընկալեցինք նրա նուիրումը աղքատներին ու չքաւորներին: Նա մեզ ուսանում էր, որ բոլոր մարդիկ Աստծոյ զաւակներն են և բոլորն հաւասարապէս սիրուելու կարիք ունեն: Այս Պատարագն ինձ համար առիթ եղաւ, որ յիշեմ այն բոլորը, ինչ սովորել եմ նրանից նաև յիշեմ այն կտակը, որ ինքը թողել է մեզ»:

Եկեղեցում ֆիլմ ցուցադրուեց, որ նուիրուած էր Մայր Թերեզայի կեանքին և առաքելութեանը: Ֆիլմում հնչում էր նաև Հռոմի Պապի որոշմամբ 2016թ.սեպտեմբերի 4-ին սրբերի շարքը դասուած այս մեծ քրիստոնեայի խօսքը: Մայր Թերեզան պատմում էր, թէ իր կեանքի ընթացքն ինչ սկզբունքների վրայ է հիմնուած եղել: Նրա կեանքի իմաստը պարփակ չէ, այն հիմնուած է մարդկանց նկատմամբ անսահման սիրոյ վրայ:

 

Անարատ յղութեան հայ քոյրերի միաբանութեան մեծաւորուհի Քոյր Արուսեակ Սաճոնյանը անձամբ չի ճանաչել Մայր Թերեզային, սակայն բաւականաչափ գրքեր է ընթերցել նրա մասին:

«Երբ ինքը եկաւ երկրաշարժից անմիջապէս յետոյ,-պատմեց նա,- իմ ամենամեծ ցանկութիւնն այն էր, թէ երբ ես էլ պիտի գնամ Հայաստան, որպէսզի ժողովրդիս ցաւերը թեթևացնեմ, ժողովրդիս կողքին լինեմ այդ դժուարին օրերին: Նա բոլորին սեր է տուել»:

Պատարագի աւարտին Տէր Գրիգորը նաև կաթողիկէ համայնքի անդամներին ներկայացրեց երկու բարերարներին` Համազասպ Պետրոսեանին և Գրիշա Հովեյանին, որոնց շնորհիւ հնարաւոր դարձաւ, որ «Սրբոց Նահատակաց» հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցին այսուհետ նոր զանգ ունենայ: Բարերարներին յանձնուեցին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանի  երախտագիտութեան նամակները:

«Էս զանգի ձայնը լսելով, չէք պատկերացնում որքան շնորհակալ եմ այս երկու բարերարներից,-ասաց  քոյր Արուսեակը,- որովհետև մենք զանգով կհաւաքենք մեր երեխաներին, կհաւաքենք բոլոր հաւատացեալներին, ովքեր այս գեղեցիկ համայնքն են կազմում: Ձեզանից իւրաքանչիւրը պէտք է շատ հպարտ զգա, որ հայ կաթողիկէ համայնքին է պատկանում: Ես նաև հիացած էի, երբ Հռոմի պապը եկաւ Հայաստան և մասնաւորապէս` Հայ Կաթողիկէ եկեղեցի: Եկաւ կաթողիկէ համայնքի համար: Մեզի համար եկաւ, ձեզի համար եկաւ»:

Այսուհետ եկեղեցուց ղողանջող զանգերը կարձագանքեն հայ կաթողիկէ համայնքի հազարաւոր հաւատացեալների սրտերում՝ բացելով նրանց համար յոյսի և հաւատքի դռներ:

Սամվել Հունանյան

Քաղուած armenianchurchco.com կայքէն։

 

 








All the contents on this site are copyrighted ©.