2016-09-14 11:28:00

Սբ. Խաչի տօնական Սբ. Պատարագը Գիւմրիում մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասեանը


2016թ. սեպտեմբերի 11-ին Սբ. Խաչի տօնական Սբ. Պատարագը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասեանը՝ խնդրանքով Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանի:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Խաչի խորհուրդին ներկաներին խնդրեց մտածել այն մասին, թէ ինչպէս են այսօր իրենց կեանքում ապրում Տիրոջ Խաչի խորհուրդը և կեանքի կոչում նրա պատուիրանները.

«Սիրելի՛ հիւրեր ու եղբայրներ, ահաւասիկ Սուրբ Եկեղեցին մեզ մէկ անգամ ևս միասին հաւաքեց, որպէսզի տօնենք Քրիստոսի Խաչը: Խաչը տեսնելով՝ յիշում ենք Խաչեալին և այն, ինչ որ կարդացինք ու լսեցինք Սուրբ Աւետարանի խօսքի մէջ: Արդ, Աստուած իր միածին որդուն տուեց աշխարհին, որպէսզի աշխարհը փրկի, սակայն ինչպիսի բռնութեամբ խաչի վրայ հանեցին Քրիստոսին` Աստծու Միածին Որդուն, որպէսզի մեզ իր արիւնով լուա, մաքրի, որդեգրի ու վերածնի Աստծոյ ընտանիքում: Այս ամենը արուեց, որպէսզի մենք ունենանք յաւիտենական կեանք, որտեղ չկայ ոչ ցաւ, ոչ էլ դժուարութիւն, այլ կա միայն երջանկութիւն ու ուրախութիւն: Նման զոհողութեան առջև մենք`որպէս քրիստոնեայ,դնում  ենք մեր խիղճը, որպէսզի տեսնենք զոհողութեան և նուիրումի մեր պատասխանը: Խղճի քննութիւն`տեսնելու համար, թէ մենք որքանով ենք համապատասխանում այս զոհողութեանը: Թերևս ինձ պէտք է ասէք, որ մենք գալիս ենք եկեղեցի, հաւատում ենք  ու աղօթում ենք, ճի՛շտ է և շնորհաւորում եմ ի սրտէ, լաւ է հաւատալը, աղօթելն ու եկեղեցի գալը, բայց դրանով չի աւարտւում, այլ երբ ես եկեղեցուց դուրս եմ գալիս, որքանով եմ շարունակում ապրել Քրիստոսի հետ միացած, որքանո՞վ եմ վկայում այս փրկութեան մեծ գնով տրուած զոհողության մասին, որքանո՞վ եմ ես ապրում ու վկայում,որ ես հաւատում եմ, որ ճշմարտապէս քրիստոնեայ եմ, այլ ոչ թէ օրուայ դժուարութիւններից մղուած` ամեն ինչ մոռացութեան մատնում:  Քրիստոս, որ կարող էր մէկ խօսքով աշխարհը փրկել՝ ընտրեց խաչը, և մեզանից իւրաքանչիւրն էլ ունի իր խաչը,  յանկարծ չդժգոհենք, որ մեր խաչը մեզանից աւելի մեծ է կամ ծանր: Մի պատմութիւն կայ մի անձի մասին, որ ուզում եմ ձեզ պատմել։ Այդ անձը գանգատւում էր Աստծուն, որ իր խաչը ծանր է.«մի աւելի փոքր խաչ տուր ինձ, որ կարողանամ հաւատարիմ մնալ քեզ», ասում էր Տիրոջը: Աստուած նրան տանում է մի սենեակ ու հարցնում, թէ որն է իր խաչը և մարդն ընտրում է փոքրագոյն խաչը`ասելով. «Ես այս խաչը սիրով կտանեմ քեզ համար»: Աստուած նրան պատասխանում է.«Սա՛ է քո խաչը, որը տուել եմ քեզ»:

Մենք մեր կեանքում ունենք դժուարութիւն, յուսահատութեան ու գանգատի պահեր, ձևական պնդումներ, որպէսզի ունենանք լաւագոյնն ու միայն լաւագոյնը: Չունենք զոհողության պատրաստութիւն, ուզում ենք միշտ ծիծաղ,  սակայն չկայ ոչ մի գործ մեր ամենօրեայ կեանքում, որը մեզանից զոհողութիւն չպահանջի: Դու´ք, հայրեր, մայրեր, քոյրեր և եղբայրներ ինձանից շատ լաւ գիտէք, որ ձեր ընտանիքի մէջ ձեր զաւակի երջանկութիւնը ապահովելու համար ինչպիսի զոհողութիւններ էք կրում ու ինչ սիրով էք դրանք տանում: Ինչու՞: Որովհետև ուզում էք, որ ձեր  զաւակներն ուրախ լինեն: Չե՞ք կարծում, որ Աստուած ևս նոյնքան մտահոգւում է իր զաւակների համար: Չե՞ք կարծում, որ նա ամեն պահի մեզ հետ է և մեզ տալիս է այն,  ինչ-որ պակաս է, քանի վտանգներ ենք անցել, որ նա մեզ պահել ու պահպանել է։ Սակայն մի պահ պիտի գայ, որ Աստուած պիտի ասի.

«Հաւատարիմ ծառայ՛ կամ աղախին, դու՛, որ քո այս ամբողջ կեանքիդ ընթացքում ինձ հաւատարմութեամբ աշխատեցիր ու զոհուեցիր, այժմ ժամանակն է, որ գաս ինձ մօտ ու պսակեմ քեզ յաւիտենական երջանկութեամբ: Մտածէ՛ք` այսօր մարզիկը իր ոսկէ մեդալը շահելու համար ինչ չարչարանքների ու մարզումների է ենթարկում ինքն իրեն: Դա ժամանակաւոր է, դա մի պահ է, որոշ տարիներ յետոյ նոյնիսկ նրա անունը չեն յիշի: Մինչ մենք, որ որպէս քրիստոնեայ տանում ենք այս զոհողութիւնները մեր կեանքի ընթացքում, մեր վարձատրութիւնը յաւիտենական է, մշտական: Հարց այն է, որ դեռևս այսօր էլ շատ չէք հաւատում ու նախընտրում էք, ինչպէս այդ վաճառականը, վաճառել ամեն ինչ` մի բուռ փող ունենալու համար և ուրախանում էք այդ դրամով, փողերով: Մինչդեռ դրամը ծախսուելու և վերջանալու է…

Ահաւասիկ, այս խաչի օրը տօն է: Երբեմն երբ մահը տեսնում ենք, տխրութիւն է մեզ համար, բայց տխրութիւն է ոչ թէ յուսահատութեան, այլ բաժանումի: Բայց իրականութեան մէջ սա ուրախութեան մի առիթ է, որովհետև մենք  կը վերածնուինք յաւիտենականութեան մէջ: Եւ սրա համար է, որ մենք մեր կանքում ամեն տեսակ զոհողութիւններ պէտք է տանենք: Երբ դժուարութեան առջև ենք կանգնած, խաչը պէտք է տեսնենք: Եւ այդ խաչով պէտք է յիշենք Խաչեալին՝ Միածին Որդուն՝ Քրիստոսին, որն իր կեանքը տուեց, որպէսզի մենք փրկուենք:

Երբեմն որբը կեանքի դժուարութիւններ մեջ մնում է  մեն- մենակ  և յանկարծ գալիս է մի մեծահարուստ և ասում. «Ես քեզ սիրեցի» և նրան համբուրում է` որպէս իր որդուն: Պատկերացէ´ք այդ երեխայի  ուրախութեան պահը, երբ իր կեանքի մէջ տեսնում է մեկին, ով իրեն սիրեց: Եւ նա կսկսի մեծանալ ուրախութեան մէջ և երախտապարտ զգացումով այդ անձի նկատմամբ:

Մտածէ՛ք աւելի խորը,  եթէ Քրիստոսը մեզ սիրեց և առաւ իր մօտ, ապա մենք մեզ պէտք է երջանիկ զգանք: Այս է ուրախութիւնը այսօրուայ և վաղուայ  այն, որ Քրիստոս մեզ որդեգրեց և մեզ խոստացաւ, որ եթէ հաւատարիմ մնանք, մեզ յաւիտեանս յաւիտենից երջանիկ կպահի:

Աստուած և նրա Միածին Որդին՝ Քրիստոս, մեզ է տալիս է յաւիտենական կեանքը, որով ապրում ենք և այդ ապրումի մէջ է, որ կա այդ ճշմարտութիւնը:

Աղօթէ´ք սիրելի հաւատացեալներ, քոյրեր, որ ամենաբարի Աստուած հովանի լինի ձեր հարազատներին, ձեր ծերերին, ձեր բարեկամներին, ում որ պէտք է փրկի: Աստծոյ ձեռքը լինի ձեզ վրայ, ձեզ պաշտպանի և ձեզ լոյսի մէջ պահի։ Չմոռանանք, որ Քրիստոս Աստուած մեր կեանքի հիմնական նպատակն է, որովհետև ինքն է, որ մեզ տանում է դէպի յաւիտենական երջանկութիւն: Ամէն»:

Յաւարտ Սբ. Պատարագի Սրբազան Հայրը օծեց մի նոր զանգ, որը պէտք է տեղադրուի Սրբոց Նահատակաց Եկեղեցու զանգակատանը: Այն նուեր է ջերմեռանդ հաւատացեալների կողմից և պատրաստուած է Ռուսաստանում, Կամենսկի գործարանում, յատուկ տեխնոլոգիայով՝ բնորոշ ռուսական զանգաշինութեան արհեստին, որը յայտնի է ամբողջ աշխարհում: Օծման արարողութիւնից յետոյ խօսք առաւ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը.








All the contents on this site are copyrighted ©.