2016-08-25 12:42:00

Իտալիայում ՀՀ դեսպանութիւնում թեժ գիծ է բացուել՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար։


Իտալիայում ՀՀ դեսպանութիւնում բացուել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակութեան կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայութիւնից:

Նշենք, որ Իտալիայի կենտրոնական հատուածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է 247-ի: Երկրաշարժից տուժած Ամաթրիչը, Պեսկարե դել-Տրոնտո, Ակումոլի եւ Արկուատա շրջաններում շարունակւում են փրկարարական - որոնողական աշխատանքները:

Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկութիւն է ստացուել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանութեան ծառայութեան սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցուել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնւում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հիւսիսային լայնութեան 42.790 աստիճան եւ արեւելեան երկայնութեան 13.290 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնուում է 10 կմ խորութեան վրայ:

Ստորերկրեայ ցնցման ուժգնութիւնն էպիկենտրոնում կազմել է 9 բալ: Երկրաշարժին յաջորդել են յետցնցումներ` 5.4 եւ 4.9 մագնիտուդներով: 

Երկրի մակերեւոյթի ցնցումներ է զգացուել նաեւ Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թուում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Աւերածութիւններ են գրանցուել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարքէ մարզերում: Առաւել տուժել են լեռնային տեղանքում գտնուող բնակավայրերը:








All the contents on this site are copyrighted ©.