2016-08-10 12:44:00

«Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016». Վրաստանի Հայ Համայնքի անդամները Հայաստանի եւ Արցախի մէջ


Վրաստանի Հայ համայնքի «Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016» ամառնային չորրորդ ճամբարը՝ տասն օրուան ընթացքին՝ հնարաւորութիւն տուած է տեղի համայնքի անդամներուն այցելելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարեւորագոյն պատմամշակութային եւ բնութեան յուշարձանները:

Շփուելով անկախ Լեռնային Ղարաբաղի ամենօրեայ կեանքին հետ` անոնք կրցած են ճանչնալ Հայրենիքը: Տասը յագեցած օրերը թոյլ տուած են Վրաստանի հայ համայնքի ամառնային չորրորդ ճամբարի մասնակիցներուն՝ իրենց աչքերով տեսնել այնպիսի տեսարժան վայրեր, ինչպէս՝ Նորավանքը, Տաթեւի վանքը, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Շուշիի բերդ-ամրոցը, Հադրութը, Տիգրանակերտը, Ստեփանակերտը, Քարահունջը…

««Ճանաչիր Հայրենիքդ 2016» ճամբարի շրջանակներում Վրաստանի հայ համայնքի անդամներն անմոռանալի ժամանակ անցկացրին Ջերմաջուրում, Սեւանայ լճում, Ունոտ գետային կիրճում եւ շատ այլ վայրերում: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ճամբարի անցկացման հիմնական նպատակն, ի հարկէ, Վրաստանի հայ համայնքի անդամներին պատմական Հայրենիքի հետ ծանօթացնելն էր: Չորրորդ ամառային ճամբարի մասնակիցների մեծամասնութիւնը առաջին անգամ եղան Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղում Ամառային Ճամբարի անցկացումը յատուկ նշանակութիւն ստանձնեց անկախ Արցախի բնակիչների դէմ ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում այս տարուայ ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողութիւնների հաշուառմամբ»,- նշած են ծրագիրի կազմակերպիչները:

«Իմ ծանօթներից շատերը փորձում էին տարհամոզել ինձ մասնակցել ամառայի ճամբարին: Ասում էին, որ Արցախում պատերազմ է,այնտեղ վտանգաւոր է: Ամենահետաքրքիրն այն է, որ, դա ասում էին այնպիսի մարդիկ, ովքեր երբեք չեն եղել Արցախում, ովքեր նորութիւնների մեծ մասը իմանում են հեռուստացոյցից: Երբ ես առաջին անգամ տեսայ Շուշին եւ քաղաքի դարպասների վրայ գրուած հայկական տառերը, ինձ համակեց ազգային հպարտութեան զգացումը: Տասը օրը շատ արագ անցաւ… Ոչ ոք չէր ուզում վերադառնալ: Արցախը դրախտ է: Այտեղ ամէն ինչ իւրայատուկ է` բնութիւնը,ճարտարապետութիւնը եւ, ի հարկէ, մարդիկ: Այդ մարդիկ իրենց ձեռքերով էին պաշտպանում այդ հողը: Մեր պարտքն է գնալ, խոնարհուել նրանց առջեւ, շնորհակալութիւն ասել եւ ամէն ինչ անել, որպէսզի Արցախի հողի վրայ խաղաղութիւն լինի: Արցախում խաղաղութիւն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Շուշիի բերդի պարիսպները կը զարդարեն հայկական տառերը, իսկ հայորդիները` Արցախում եւ Սփիւռքում կը կանգնեն հայկական պետութեան սահմաններին: Ես անպայման կը վերադառնամ Լեռնային Ղարաբաղ եւ կը տանեմ ինձ հետ ընկերներիս եւ հարազատներիս: Բոլորը պէտք է իմանան, որ Արցախում ոչ միայն անվտանգ է հանգստանալը, այլեւ դա հիանալի ապրելու վայր է…»,- ըսած է «Ճանաչի՛ր Հայրենիքդ 2016» ամառնային ճամբարի մասնակից 16-ամեայ Մարիան:

Վրաստանի հայ համայնքը շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր այն մարդոց, որոնք իրենց ներդրումը ունեցած են «Ճանաչիր Հայրենիքդ-2016» ծրագիրի իրականացման հարցով: Յատուկ շնորհակալութիւն կը յայտնեն Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան եւ «Տաթեւեր» ճոպանուղիի վարչութեան:








All the contents on this site are copyrighted ©.