2016-07-29 10:16:00

Դեսպան Բաղդասարեանը հաւատարմագրերը յանձնեց Իտալիայի նախագահին


Յուլիսի 28-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն իր հաւատարմագրերը յանձնեց Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին «Հայերն այսօրին» յայտնում ԱԳՆ մամուլի ծառայութիւնից:

Հաւատարմագրերի յանձնման պաշտօնական արարողութիւնից յետոյ տեղի ունեցած առանձնազրոյցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհաւորեց դեսպանին պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ և յաջողութիւն մաղթեց նրան` հաւաստիացնելով, որ Իտալիայի պետական ատեաններն իրենց աջակցութիւնը կբերեն Հայաստանի և Իտալիայի միջև յարաբերութիւնների զարգացմանն ուղղուած դեսպանի նախաձեռնութիւններին:

Դեսպան Բաղդասարյանը վստահեցրեց, որ իր պաշտօնավարման ընթացքում  հնարաւոր բոլոր ջանքերը կներդրի՝ հայ-իտալական բարեկամական յարաբերութիւնները  և առկայ համագործակցութիւնը էլ աւելի խորացնելու ու ամրապնդելու  ուղղութեամբ:

Երկուստեք ընդգծուեց, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպէս նաև Իտալիայում դարերի ներկայութիւն ունեցող հայ համայնքը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխ-շահաւէտ համագործակցութիւն զարգացնելու համար:








All the contents on this site are copyrighted ©.