2016-07-22 08:11:00

Հայ երիտասարդների 350 հոգանոց խումբն արդեն Լեհաստանում է


Հայ կաթողիկէ երիտասարդների 350 հոգանոց խումբն արդեն Լեհաստանում է: Երիտասարդները հոգևորականների առաջնորդութեամբ Լեհաստան մեկնեցին Թբիլիսիի օդակայանից, քանի որ տոմսերն այնտեղ աւելի մատչելի էին: Չուերթը բաւական երկար էր: Երիտասարդներին մեծ հոգևորութեամբ Լեհաստանում դիմաւորել են լեհ կամաւորական երիտասարդները: Ուխտագնացութեան մասնակիցների խօսքով իրենց օրակարգը մանրակրկիտ կազմակերպուած է: Նրան տեղակայուել են Պլոցկին հարակից տարբեր քաղաքներում, հիւրընկալող ընտանիքներում: Կազմակերպւում են մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցում են նաև հայ երիտասարդները՝ ներկայացնելով հայկական մշակոյթը: Ամեն օր մասնակցում են Սբ. Պատարագի, ապա լեհ ընկերների ուղեկցութեամբ այցելում են տեղի սրբավայրերը, տեսարժան վայրերը: Սկսել է առաքելութեան շաբաթը, որի ընթացքում հայ երիտասարդները այլազգի տարեկիցների հետ միասին կատարելու են ողորմութեան գործեր:

Լեհ երիտասարդների մեծամասնութիւնը շատ ջերմեռանդ է հաւատքի մէջ, ակտիվ յաճախում է Եկեղեցի, կանոնաւոր մասնակցում Սբ. Պատարագին և կատարում կամաւորական հսկայածաւալ աշխատանք՝ օգնելով քահանաներին և կատարելով աւետարանման կարևոր առաքելութիւն: Այս իմաստով հայ երիտասարդների համար շատ օգտակար է նրանց հետ շփումը և նրանց օրինակը՝ հայ կաթողիկէ համայնքներում սեփական ակտիվութիւնը մեծացնելու, նոր ծրագրեր սկսելու համար:

 Պէտք է ասել, որ Լեհաստանում կաթողիկէ Եկեղեցու հետևորդները կազմում են ընդհանուր բնակչութեան (37.507.000) 97,6 %-ը: Լեհաստանում կա 156 եպիսկոպոս, 30.661 քահանայ, մօտ 21.000 վանական՝ արական և իգական սեռի, մօտ 3500 ճեմարանական, մօտ 14.000 կրօնուսոյց: Լեհաստանը համարւում է Կաթողիկէ դաւանանքի հիմնական օջախներից մէկը, ունի 1.425 կաթողիկէ կրթական կենտրոն, 3129 բարեսիրական կազմակերպութիւն և հարիւրաւոր այլ սոցիալական հաստատութիւններ, որոնք հիմնել և ղեկավարում է Կաթողիկէ Եկեղեցին: Ի վերջոյ, Լեհաստանից է սերում Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապը, ով հսկայական ազդեցութիւն թողեց 20-րդ դարի քրիստոնէութեան պատմութեան վրայ:








All the contents on this site are copyrighted ©.