2016-07-07 09:40:00

«Ես չեմ ընդունում հակամարտությունները».Պապի հարցազրույցը՝ «La Nacion» թերթին


2016թ. յունիսի 28-ին Սրբազան Քահանայապետը պատասխանել է արկենտինական «La Nacion» թերթի լրագրողի հարցերին, հենց այդ օրն էլ Պենետիկտոս XVI Սրբազան Քահանայապետը տօնում էր իր քահանայ ձեռնադրութեան 65-րդ տարելիցը: Խօսելով իր նախորդի մասին՝ Սրբազան Հայրը նշեց, որ «նրա մեծահոգութիւնը աննախադէպ էր: Նրա հրաժարականը՝ բացայայտելով Եկեղեցու բոլոր խնդիրները, ոչ մի կապ չունէր անձնական հարցերի հետ: Դա նրա ղեկավարման վերջնական ակտն էր»: Ինչ վերաբերում է Պապի առողջութեանը, ապա Սրբազան Հայրը նշեց, որ Պենետիկտոս XVI ունի շարժողական խնդիրներ, սակայն նրա բանականութիւնն ու յիշողութիւնը անթերի են:

Այնուհետև անդրադառնալով արկենտինական իրականութեանը՝մասնաւորապէս Պապի ու նախագահ Մաուրիսիո Մաքրիի փոխյարաբերութիւններին, որոնք Արկենտինայի քաղաքական գործիչներն անվանում են սառը և խուսափողական, Սրբազան Հայրը ասաց.

«Ես ոչ մի խնդիր չունեմ նախագահ Մաքրիի հետ, ես չեմ սիրում հակամարտութիւններ: Կարծում եմ, որ Մաքրին լաւ ընտանիքից է և ազնիւ մարդ է»:

Անցեալում նրանց ճանապարհները խաչուել են Պուենոս Այրեսում, երբ ապագայ նախագահը քաղաքական վարչութեան ղեկավարն էր, իսկ ապագայ Պապը գլխաւորում էր արքեպիսկոպոսարանը: Համաձայն Ֆրանցիսկոս Պապի խօսքերի, այդ ընթացքում միայն մէկ անգամ է կոնֆլիկտային իրավիճակ առաջացել. «Այդ երկար ժամանակահատուածի ընթացքում միայն մէկ անգամ, դա շատ ցածր ցուցանիշ է», ընդգծեց Սրբազան Հայրը: «Միւս բոլոր հարցերը քննարկւում և լուծւում էին մասնաւոր կարգով, մենք երկուսս էլ յարգում էինք գաղտնիութեան այդ համաձայնագիրը: Ես ոչ մի նախատինք, կշտամբանք չեմ արել նախագահ Մաքրիի հանդէպ», – յայտարարեց Ֆրանցիսկոս Պապը:

Լրագրողի միւս հարցը վերաբերում էր  մասնաւոր ունկնդրութեանը, որը Հռոմի Սրբազան Քահանայապետը յատկացրել էր Էբե դե Բոնաֆինային՝ Մայա հրապարակի Մայրերի շարժման ամենառադիկալ ճիւղի առաջնորդին: Նա նախկինում քննադատել է Ֆրանցիսկոս Պապին՝ նրան մեղադրելով զինուորական ռեժիմին աջակցելու համար: Ժամանակի ընթացքում Բոնաֆինան փոխել է իր կարծիքը և հրապարակայնօրէն ներողութիւն խնդրել՝ կեղծ մեղադրանքների համար:

«Սպանել են այդ կնոջ երկու երեխաներին, ես խոնարհւում ու ծնկի եմ իջնում նրա տառապանքների առաջ: Ես գիտեմ, որ նա նախկինում սարսափելի բաներ է խօսել իմ մասին, սակայն դա ոչ մի նշանակութիւն չունի ինձ համար»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը: Սրբազան Հոր խօսքերով Վատիկանի ունկնդրութիւնը «ներման ժեստ էր: Նա ներողութիւն խնդրեց, ես էլ չմերժեցի», քանի որ « պէտք է ներել բոլորին»:

Արկենտինայում Հռոմի Սրբազան Քահանայապետի և Սուրբ Աթոռի պաշտօնական տեղեկատուութեան ներկայացուցչութեան վերաբերեալ Սրբազան Հայրը յայտարարեց, որ այդ երկրի համար, ինչպէս և միւս բոլոր երկրների համար, այդպիսին հանդիսանում է Վատիկանի կնիքի ծառայութիւնը:

Լրագրողի վերջին հարցը վերաբերում էր «եկեղեցու ուլտրա-պահպանողականներին»: Ֆրանցիսկոս Պապը ասաց.

«Նրանք անում են իրենց աշխատանքը, իսկ ես՝ իմը: Ես ուզում եմ տեսնել բաց, հասկացող, վիրաւոր ընտանիքներին աջակցող Եկեղեցի: Իսկ նրանք ամեն ինչին պատասխանում են «ոչ»:  Ես շարունակում եմ առաջ գնալ՝ առանց շրջուելու և որևէ մէկի «գլուխը կտրելու»: Ես երբեք չեմ սիրել դա անել և նորից եմ կրկնում. ես չեմ ընդունում հակամարտութիւնները»:

Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը








All the contents on this site are copyrighted ©.