2016-06-26 14:20:00

Ֆրանչիսկոս Սրբազան Պապի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ հռչակագիրը


Այսօր  համայն  հայութեան  հոգևոր  կենտրոն  Սուրբ  Էջմիածնում,  մենք` Ֆրանչիսկոս Պապը և Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընծայում ենք մեր մտքերը  և  սրտերը  որպէս  շնորհակալութեան  տուրք  Ամենակարողին`  պայքարով քայքայուած  և  սփոփանքի  ու  յոյսի  ծարաւով  լեցուն  աշխարհում  շարունակելու  և մեծացնելու հաւատի ու սիրոյ սերտ կապերը Հայոց Եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև՝ փրկութեան աւետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայութեամբ:

Մենք  փառաբանում  ենք  ամենասուրբ  Երրորդութեանը` Հօրը,  Որդուն  և  Սուրբ Հոգուն, ընձեռնելու համար մեզ հնարաւորութիւնը մէկտեղուելու Պիպլիական Արարատի երկրում,  որը  կանգուն  է  որպէս  վկայութիւն,  որ  Աստուած  է  միշտ  մեր պաշտպանութիւնն ու փրկութիւնը:

Գոհունակութեամբ  ու  հոգևոր  ուրախութեամբ  ենք  անդրադառնում,  որ    2001թուականին քրիստոնէութիւնը Հայաստանում  պետական կրօն հռչակման 1700-ամեակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ  Յովհաննէս-Պօղոս Բ Պապը՝ որպէս Հայ և Կաթոլիկ եկեղեցիների  եղբայրական  ջերմ  յարաբերութիւնների  պատմութեան  նոր  էջի վկայութիւն:  Մենք երախտապարտ ենք, որ շնորհն  ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսաւոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր յանձնառութիւնն արտայայտեցինք հակադարձելու բռնութեան ու անհանդուրժողականութեան  ցանկացած  դրսևորում՝  վերակոչելով  այն,  ինչ  արդեն հաստատուել  էր  Յովհաննէս  Պօղոս  Բ-ի  և  Գարեգին  Բ  Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի կողմից  ստորագրուած  համատեղ  յայտարարութիւն  մէջ,  որ  «մէկուկէս  միլիոն  հայ քրիստոնեաների  բնաջնջումն  ընդհանրապէս  ընկալւում  է  իբրև  Ի  դարի  առաջին ցեղասպանութիւն» (Համատեղ յայտարարութիւն, Գարեգին Բ և Յովհաննէս-Պօղոս Բ, (27սեպտեմբերի, 2001թ.):

Փառք  Բարձրեալին,  որ  այսօր  քրիստոնէական  հաւատը  կենսունակ իրականութիւն  է  Հայաստանում,  և  Հայոց  եկեղեցին  իր  լիարժէք  առաքելութիւնն  է իրականացնում՝  եկեղեցիների  միջև  տիրող  համագործակցութեան  եղբայրական  ոգով նեցուկ լինելով հաւատացեալներին՝ զօրակից, արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում:  Ցաւոք,  մենք  վկաներ  ենք  մեր  աչքերի  առաջ  տեղի  ունեցող  մի  մեծ ողբերգութեան՝  անթիւ  անհամար  անմեղ  մարդկանց  սպանութիւնների,  Մերձաւոր Արևելքում և աշխարհի այլ ծագերում  էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրօնական հիմքերի վրայ զարգացող շարունակական բնոյթի հակամարտութիւններով թելադրուած տեղահանումների  կամ  պարտադրուած  ցաւալի  ու  անորոշ  աքսորների:  Այդ  ամենի արդիւնքում կրօնական և էթնիկ  փոքրամասնութիւնները դարձել են հալածանքների և դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրօնական համոզմունքի համար տառապելը  դարձել է ամենօրեայ իրականութիւն: Նահատակները պատկանում են  բոլոր  եկեղեցիներին  և  նրանց  տառապանքը  «արեան  էկումենիզմ»  է,  որը անդրացնում է  քրիստոնեաների միջև առկայ պատմական բաժանումները՝ մեզ բոլորիս կոչելով  նպաստել  Քրիստոսի  առաքեալների  տեսանելի  միասնականութեանը:  Մենք, Սուրբ  Առաքեալների`  Պետրոսի  և  Պօղոսի,  Թադէոսի  և  Բարդուղիմեոսի բարեխօսութեամբ, միասնաբար աղօթում ենք, որպէսզի սրտերի փոփոխութիւն տեղի ունենայ բոլորի մէջ, նրանց, ովքեր գործում են այսպիսի յանցանքներ և նրանց, ովքեր իրենց  դիրքի  շնորհիւ  կարող  են  կանգնեցնել  բռնութիւնները:  Մենք  յորդորում  ենք ազգերի  առաջնորդներին՝  ունկնդրելու  միլիոնաւոր  մարդկային  արարածների  կոչին, ովքեր խաղաղութիւն և արդարութիւն են տենչում աշխարհում, ովքեր յարգանք են պահանջում  իրենց  աստուածատուր  իրաւունքների  նկատմամբ,  ովքեր  անյապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թէ զէնքերի: Ցաւօք,  մենք  ականատես  ենք  կրօնի  և  կրօնական  արժէքների  արմատական դրսևորումների,  որոնք  կիրառւում  են՝  ատելութեան,  խտրականութեան  ու  բռնութեան տարածումն արդարացնելու  համար:  Նմանատիպ  յանցանքների՝  կրօնական գաղափարներով  արդարացումն  անընդունելի  է,  քանի  որ  «Աստուած  խռովութեան Աստուածը  չէ,  այլ  խաղաղութեան» (Ա  Կոր. 14:33):  Աւելին,  կրօնական տարբերութիւնների հանդէպ յարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրօնական տարբեր համայնքների խաղաղ համակեցութեան համար: Եւ հենց քրիստոնեայ լինելով է, որ մենք կոչուած ենք խաղաղութեան ու հաշտութեան ուղիներ փնտռելու և իրագործելու: Այս իմաստով մենք յուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում: Յիշելով  այն ամենը, ինչ Յիսուս սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, և դուք ինձ հաց տուեցիք, ես ծարաւ էի և դուք ինձ խմելու մի բան տուեցիք, ես  օտարական  էի,  և  դուք  ինձ  ընդունեցիք,  ես  մերկ  էի,  և  դուք  ինձ  հագցրեցիք,  ես հիւանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, և դուք եկաք ինձ տեսութեան» (Մատթ.25:35-36), մենք  խնդրում  ենք  մեր  եկեղեցիների  հաւատացյալներին  բացելու  իրենց սրտերն  ու  ձեռքերը`  օգնելու  պատերազմի  և  ահաբեկչութեան  զոհերին, փախստականներին և նրանց ընտանիքներին:  Կարևորուում է մեր մարդասիրութեան զգացումը,  մեր  զօրակցութիւնը,  կարեկցանքը  և  մեծահոգութիւնը,  որոնք  կարող  են ճիշտ արտայայտել միայն առկայ նիւթական պաշարների անյապաղ և գործնական նուիրատուութեամբ: Մենք ընդունում ենք  այն, ինչն արդեն իսկ արւում է, բայց պնդում ենք, որ աւելին պէտք  է  արուի  քաղաքական  առաջնորդների  և  միջազգային  կառոյցների  կողմից, որպէսզի ապահովուած լինի  բոլորի՝ խաղաղութեան և անվտանգութեան մէջ ապրելու իրաւունքը,  պաշտպանուած  լինի  օրէնքի  գերակայութիւնը,  կրօնական  և  էթնիկ փոքրամասնութիւնների  պաշտպանութիւնը,  կանխուած  լինեն  մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգութիւնը: Հասարակութեան  ստուար  հատուածների  աշխարհիկացումը,  օտարումը  հոգևորից  ու աստուածայինից, անխուսափելիօրէն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նիւթապաշտական ընկալմանը:  Այս առումով մենք  մտահոգ ենք շատ  երկրներում  ընտանեկան  կեանքի  ճգնաժամով:  Հայ  և  Կաթոլիկ  եկեղեցիներն ընտանիքի  մասին  նոյն  ընկալումն  ունեն,  որը  հիմնուած  է  ազատ  կամքով  ու հաւատարմութեամբ  ծնուած  սիրոյ  արդիւնք  հանդիսացող  տղամարդու  և  կնոջ ամուսնութեան վրայ: Մենք ուրախութեամբ արձանագրում ենք, որ չնայած քրիստոնեաների միջև առկայ բաժանումներին,  այն, ինչ մեզ միաւորում է, աւելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրայ էլ պէտք է կառուցել Քրիստոսի եկեղեցու միութիւնը, ըստ Տիրոջ խօսքի, որբոլորը  մէկ  լինեն  (Հովհ.  ԺԷ  21) :  Վերջին  տասնամեակներում  մեր  եկեղեցիների յարաբերութիւնները  թևակոխել  են  որակապէս  նոր  փուլ՝  ամրապնդուած  լինելով համատեղ  աղօթքներով  և  ժամանակակից  մարտահրաւէրներին  դիմագրաւելու միասնական  ջանքերով: 

Մենք  այսօր  համոզուած  ենք  այս  յարաբերութիւնների շարունակականութեան  խիստ  կարևորութեան  մէջ՝  երկուստեք  առաւել  խորը  և վճռական յանձնառութեամբ ոչ միայն աստուածաբանական մարզում, այլեւ աղօթական և գործնական  համագործակցութեամբ  տեղական  համայնքներում՝  լիարժէք հաղորդակցութիւն  և միութեան յստակ արտայայտութիւններ կիսելու տեսլականով: Մենք  յորդորում  ենք  մեր  հաւատացեալներին  ներդաշնակ  կերպով  աշխատելու հասարակութեան  մէջ  քրիստոնէական  արժէքների  զօրացման  համար,  որոնք արդիւնաւոր  կերպով  նպաստում  են  արդարութեան,  խաղաղութեան  և  մարդկայինհամերաշխութեան  քաղաքակրթութեան  կառուցմանը:  

Հաշտութեան  և  եղբայրութեան ուղին  բաց  է  մեր  առաջ:  Թող  Սուրբ  Հոգին,  ով  առաջնորդում  է  մեզ  ամենայն ճշմարտութեան /հմմտ. Յովհ. ԺԶ 13/, զօրացնի ամեն  ազնիւ ջանք, որ  ուղղուած է մեր մէջ սիրոյ և հաղորդութեան կամուրջների կառուցմանը:

Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հաւատացյալներին միանալու մեզ  աղօթքով,  Սուրբ  Ներսէս  Շնորհալու  խօսքերով. «Փառաւորեալ  Տէր,  ընդունիր ծառաներիդ աղաչանքները և ի բարին կատարիր մեր խնդրանքները՝ բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնի, և Յովհաննէս Մկրտիչի, և Սուրբ Ստեփանոս Նախավկայի, և մեր սուրբ  Գրիգոր  Լուսաւորչի,  և  սուրբ  առաքեալների,  մարգարէների,  վարդապետների, մարտիրոսների,  հայրապետների,  ճգնաւորների,  կոյսերի  և  Քո  բոլոր  երկնային  ու երկրային  սրբերի:  Եւ  Քեզ՝  անբաժանելի  Սուրբ  Երրորդութեանդ,  փառք  ևերկրպագութիւն, յաւիտեանս յաւիտենից, ամեն.»:

Ս. Էջմիածին, 26 յունիսի, 2016

Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս,  Նորին Սրբութիւն Գարեգին Բ

 








All the contents on this site are copyrighted ©.