2016-06-25 17:59:00

Համամիութենական հանդիպում եւ խաղաղութեան աղօթք Երեւանի մէջ ։


(Ռատիօ Վատիկան) Շաբաթ, 25 յունիս, 2016ին, Ֆրանչիսկոս Սրբազան  Քահանայապետը, Երեւանի Հանրապետութեան հրապարակին վրայ Ամենայն Հայոց կաթողիկոսին հետ միասին գլխաւորած համամիութենական հանդիպումով ու խաղաղութեան աղօթքով եզրափակեց Հայաստան կատարած առաքելական ճամբորդութեան երկրորդ օրուան յայտագիրը։

Բացօթեայ այս արարողութեան ներկայ գտնուեցաւ նաեւ Հայաստանի հանրապետութեան նախագահը ու պետական իշխանութիւններու ներկայացուցիչներ ինչպէս նաեւ բազմաթիւ հայորդիներ։

Արարողութիւնը սկիզբ առաւ Հայր Մեր Աղօթքով եւ սուրբ գրային ընթերցանութիւններով հուսկ խօսք առաւ Գարեգին Բ Ամենայն Հայոց  Կաթողիկոսը որմէ ետք Նորին Սրբութիւնը արտասանեց ճառ մը որուն մէջ ըսաւ  

 Նորին Սբրութիւնը իր յղած պատգամին մէջ ըսաւ.

՝՝ Մեծարգոյ եւ յոյժ սիրելի Եղբայր, Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց,

Պարոն Նախագահ,

սիրելի եղբայրներ եւ քոյրեր,՝՝

 Աստծոյ օրհնութիւնն ու խաղաղութիւնը ձեր հետ լինի:

            Շատ փափաքեցայ այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեայ հաւատը: Ինձ համար առանձնաշնորհութիւն է գտնուել այս բարձունքների վրայ, որտեղ, Արարատ լերան հայեացքի ներքոյ, նոյնիսկ լռութիւնը մեզ խօսուն է թւում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմութիւն, ամրակուռ հաւատով եւ սոսկալի տառապանքներով հիւսուած, մի պատմութիւն՝ հարուստ Աւետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն էք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտաւոր, ձեր հետ հանդիպելու եւ սրտի խորքից բխող իմ զգացումը արտայայտելու.  այն ձեր եղբօր սէրն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու, որ ձեզ սիրում է եւ ձեր կողքին է:

            Անցեալ տարիներին մեր Եկեղեցիների միջեւ միշտ շատ յարգալից եւ ստէպ յիշարժան, այցերն ու հանդիպումները, Աստծու շնորհօք սերտացան. Նախախնամութիւնը կամենում է, որ հենց այս օրը, երբ այստեղ Քրիստոսի սուրբ Առաքեալների յիշատակն է կատարւում, կրկին միասին ենք ամրապնդելու առաքելական հաղորդութիւնն մեր միջեւ: Երախտապարտ եմ Աստծոյ մեր Եկեղեցիների «իսկական եւ ներքին միութեան համար» (ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՕՂՈՍ Բ, Համամիութենական ծիսակատարութիւն, Երեւան, 26 սեպտեմբեր 2001. Ուսուցումներ ԻԴ,2 [2001], 466) եւ շնորհակալ եմ ձեզ Աւետարանին շատ անգամ հերոսական հաւատարմութեան համար, որ անգնահատելի պարգեւ է բոլոր քրիստոնեաների համար: Մեր հանդիպումը «գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է» (հմմտ. Նոյն, Շրջաբերական նամակ՝ Զի եղիցին մի, 28). Հնձենք այն ինչ Հոգին է մեր մէջ ցանել, որպէս իւրաքանչիւրին նուէր (հմմտ. Առաքելական յորդոր Աւետարանական ցնծութիւն, 246): Մեծ ուրախութեամբ կիսում ենք միասին կտրած արդէն շատ առաջացած ճանապարհի բազում քայլերը, եւ իրօք լիայոյս նայում ենք այն օրուան, երբ Աստծոյ օգնութեամբ, միացած կը լինենք Քրիստոսի զոհասեղանին շուրջ, հաղորդութեան լրիւ միութեամբ: Դէպի այդ բազմատենչ նպատակը «ուխտաւորներ ենք, եւ միասին ճամփորդում [...] մեր սրտերը անկասկած ու անվարան վստահելով ուղեկցին» (Նոյն, 244):

         Այս ընթացքում մեզ նախորդում եւ ընկերակցում են բազում վկաներ, յատկապէս բազմաթիւ նահատակները որ արեամբ կնքեցին հասարակաց հաւատը ի Քրիստոս. նրանք մեր աստղերն են երկնքում, որ փայլում են մեր գլխավերեւում եւ նշում են ճանապարհը՝ որ մեզ մնում է կտրել այս աշխարհում, դէպի ամբողջական հաղորդութիւն: Մեծ Հայրերի շարքին, ուզում եմ ակնարկել սուրբ Ներսէս Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սէր էր տածում իր ժողովրդի եւ նրա աւանդութիւնների հանդէպ, եւ միաժամանակ հակուած էր միւս Եկեղեցիներին, անխոնջ միութեան փնտռտուքին, Քրիստոսի կամքը իրականացնելու փափաքող. որպէսզի հաւատացողները «մէկ լինեն» (Յվ, 17,21): Արդարեւ, միութիւնը ռազմավարական առաւելութիւն չէ, փոխադարձշահերի փնտռտուքով, այլ այն ինչ Յիսուս խնդրում է մեզնից, եւ որ մեզ է մնում իրագործել բարի կամքով եւ բոլոր ուժերով, իրականացնելու համար մեր առաքելութիւնը. Աշխարհին պարգեւել Աւետարանը հետեւողականօրէն:

            Անհրաժեշտ միութիւնը իրականացնելու համար, սուրբ Ներսէսի համաձայն, բաւարար չէ որեւէ մէկի բարի կամքը Եկեղեցում. անհրաժեշտ է բոլորի աղօթքը: Գեղեցիկ է այստեղ հաւաքուած լինելը՝ մէկս միւսի համար, մէկս միւսի հետ աղօթելու: Եւ յատկապէս աօղթքի նուէրն է որ եկել եմ այս երեկոյ ձեզնից խնդրելու: Իմ կողմից, վստահեցնում եմ, որ Հացն ու Բաժակը սուրբ սեղանի վրայ ընծայելուց, չեմ դադարում ներկայացնելու Տիրոջ Հայ Եկեղեցուն եւ ձեր սիրելի ժողովրդին:

             Սուրբ Ներսէս զգում էր նաեւ փոխադարձ սէրը աճեցնելու անհրաժեշտութիւնը, որովհետեւ միայն սէրը ի վիճակի է դարմանելու յիշողութիւնը եւ անցեալի վէրքերը բուժելու. միայն սէրը ջնջում է նախապաշարումները եւ թոյլ է տալիս ընդունելու, որ եղբօր հանդէպ բացուածքը մաքրում եւ բարւոքում է սեփական համոզումները: Այդ սուրբ Կաթողիկոսի համար, դէպի միութիւն ճանապարհին՝ էական է նմանակել Քրիստոսի սիրոյ ոճը, «նա որ հարուստ էր» (Բ Կոր 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ 2,8) : Իր օրինակով, կանչուած ենք քաջութիւնն ունենալու ձերբազատուելու քարացած համոզումները եւ սեփական շահերը՝ յանուն սիրոյ՝ որ խոնարհւում է եւ նուիրւում, յանուն խոնարհ սիրոյ.  այն քրիստոնէական կեանքի օրհնեալ իւղն է, հոգեւոր թանկարժէք բալասանը, որ առողջացնում է, զօրացնում եւ սրբացնում: «Թերութիւններին ծածկենք միասնական սիրով» (Ներսէս Շնորհալի Կաթողիկոս Հայոց, Նամակք, Վենետիկ 1873, 316), եւ նոյնիսկ – հասկացնում էր – սիրոյ իւրայատուկ քաղցրութեամբ, որ փափկացնում է սրտի կարծրութիւնը նաեւ քրիստոնեաների, որ շատ յաճախ եսակենտրոն եւ սեփական շահերի ետեւից են: Ոչ թէ հաշիւները եւ օգուտը, այլ խոնարհ եւ անձնուրաց սէրըՀօր բարեգթութիւնն է շարժում, Քրիստոսի օրհնութիւնը եւ Սուրբ Հոգու առատութիւնը: Աղօթելով եւ «սրտանց իրար բուռն սիրելով» (հմմտ. Պտ 1,22), խոնարհութեամբ եւ հոգու բացուածքով տրամադրուենք ստանալու միութեան աստուածային ընծան: Վճռականութեամբ շարունակենք մեր ընթացքը, մանաւանդ թէ, վազենք դէպի մեր միջեւ ամբողջական հաղորդութիւնը:

           «Ձեզ եմ թողնում իմ խաղաղութիւնը: Ոչ ինչպէս աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս» (Յվ 14,27): ԼսեցինքԱւետարանի այս խօսքերը, որ մեզ տրամադրում են Աստծուց պաղատելու այն խաղաղութիւնը որ աշխարհը գտնելու շատ է տառապում: Ինչքան մեծ են այսօր խաղաղութեան ճանապարհին կանգնած խոչընդոտները, իսկ ինչքան ողբերգական պատերազմների հետեւանքները: Մտածում եմ այն ժողովուրդներին՝ որ ստիպուած են թողնել ամէն ինչ, յատկապէս Միջին Արեւելքում, որտեղ բազմաթիւ եղբայրներ եւ քոյրեր ենթարկւում են բռնութեան եւ հալածանքի, ատելութեան եւ հակամարտութիւնների պատճառով, շարունակ հրահրուած զէնքի վաճառքի եւ բազմացման խարանից, ոյժի դիմելու փորձութիւնից եւ մարդկային անձի յարգանքի պակասից, յատկապէս տկարների, աղքատների եւ նրանց ովքեր խնդրում են միայն պատուարժան կեանք:

            Չեմ կարող չտածել սոսկալի փորձութիւններին, որոնց միջով անցած է ձեր ժողովուրդը. հազիւ մի դար է անցել «մեծ եղեռնից» որ ձեզ պատահեց: Այս «անլուր եւ խոլ  ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին, հայածէս հաւատացեալներին, 12 ապրիլ 2015), այս անարդարութեան ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրայ կրեց՝ միշտ տպաւորուած է մնում յիշողութեան մէջ եւ այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել որ ձեր տառապանքները մեզ են պատկանում. «Քրիստոսի խոհրդաւոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՕՂՈՍ Բ, Առաքելական նամակ հայ Ժողովրդի Մկրտութեան 1700 ամեակի առիթով. Ուսուցումներ ԻԴ,1 [2001], 275). յիշելը միայն պատեհ չէ, այլ պարտաւոր. ամէն ժամանակների համար ազդարարութիւն լինի, որպէսզի աշխարհը այլեւս երբեք չընկնի այդպիսի սխալների յորձանքի մէջ:

            Ցանկանում եմ միաժամանակ հիացմունքնով յիշել ինչպէս քրիստոնէական հաւատը, «նոյնիսկ հայոց պատմութեան ամենաողբերգական պահերին, մղիչ զսպանակն է եղած, որ նշեց տառապեալ ազգի ժողովրդի վեածնունդը: (Նողն, 276): Այդ է ձեր իսկական ողժը, որ թոյլատրում է Զատկուան խորհրդաւոր եւ փրկարար ճանապարհին բացուելու. բաց մնացած եւ կատաղի ու անիմաստ ատելութիւնից պատճառուած վէրքերը կարող են որոշ կերպով յարուցեալ Քրիստոսի վէրքերին համեմատուել, այն վէրքերին, որ նրան պատճառեցին եւ որ դեռ իր մարմնի վրայ տպաւորուած են: Նա փառաւորուած ցոյց տուեց նրանց աշակերտներին՝ Զատկուան երեկոն (հմմտ. Յվ 20,20). խաչի վրայ կրած ցաւերի այդ սարսափելի վէրքերը: Այսպէս, նոյնիսկ ամենամեծ ցաւը, Խաչի փրկագործ զօրութիւնից փոխակերպուած, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղութեան սերմ դառնալ ապագայի համար:

            Յիշողութիւնը, սիրուց ներթափանցուած, արդարեւ նոր եւ զարմանալի արահետներով գնալու ատակ է դառնում, որտեղ ատելութեան դաւերը փոխակերպւում են հաշտութեան ծրագիրների,  ուր կարելի է յուսալ լաւագոյն ապագայ բոլորի համար, ուր «երանի խաղարարարներին» (Մթ 5,9): Բոլորի համար լաւ կը լինի աջակցել ապագայի հիմքերը դնելու, որ թոյլ չտայ վրէժի խաբէական ոյժից ներծծուել. ապագայ, որտեղ երբեք չյոգնեն ստեղծելու խաղաղութեան պայմաններ. բոլորի համար արժանավայել աշխատանք, առաւել կարիքաւորների խնամատարութիւն եւ անխոնջ պայքար կաշառակերութեան դէմ, որ պէտք է արմատախլել:

            Սիրելի երիտասարդներ, այս ապագան ձերն է. Ձեր մեծերի իմաստութիւնն ամբարելով, խաղաղարարներ դառնալու հնարաւորութիւնն էք ունենում. ոչ թէ ստատուս-քվոի նոտարներ, այլ հանդիպումի եւ հաշտութեան մշակոյթի դրական գործիչներ: Աստուած օրհնի ձեր ապագան եւ «պարգեւի, որ հայ եւ թուրք ժողովուրդների հաշտութեան ուղին կրկին ձեռք առնուի, եւ խաղաղոթիւնը տիրի Ղարաբաղում» (Պատգամ Հայերին, 12 ապիրլ 2015):

            Այս տեսանկիւնից, կ՚ուզենայի վերջապէս յիշել Քրիստոսի խաղաղութեան մեծ վկայի եւ գործչի, սուրբ Գրիգոր Նարեկացու, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր յայտարարուել նաեւ «Խաղաղութեան Վարդապետ»: Նա այսպէս է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրու եմ անուանել որպէս «հայ ժողովրդի հոգեւոր օրէնսգիրք». «Յիշի՛ր, [Տէր,...] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մէջ իրագործիր ներում եւ ողորմութիւն [...] Մի՛ վերացնիր նրանց ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտաւոր ընթացքը եւ տնկիր բարին իմ եւ նրանց մէջ» (Մատեան ողբերգութեան, 83, 1-2):  Նարեկացին, «խորապէս գիտակից մասնակից ամէն կարիքի (Նոյն, 3,2), կամեցաւ մինչեւ ամէն ժամանակի եւ տեղանքի տկարների եւ մեղաւորների հետ նոյնանալ, միջնորդելու համար բոլորի օգտին (Նոյն, 31,3; 32,1; 47,2). նա դարձաւ «ամբողջ աշխարհի աղօթամատոյցը» (Նոյն, 28,2): Նրա այսպիսի ընդհանրական զօրակցութիւնը մարդկութեան հետ, քրիստոնէական մեծ պատգամ է խաղաղութեան, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմութիւն է հայցում: Տարբեր երկրներում ներկայ հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդակցութեան իղձին լինեն պատգամաբերներ, «խաղաղութեան դեսպաններ» (ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՕՂՈՍ Բ, Առաքելական նամակ հայ Ժողովրդի Մկրտութեան 1700 ամեակի առիթով. Ուսուցումներ ԻԴ,1 [2001], 278): Աշխարհը բոլոր կարիքն ունի ձեր այս քարոզութեան, կարիքն ունի ձեր ներկայութեան, կարիքն ունի ձեր ամենաջինջ վկայութեան: Խաղաղութիւն ամենեցուն:

 








All the contents on this site are copyrighted ©.