2016-06-24 17:57:00

՝՝Ձեր այցը երկար սպասուած էր մեր երկրում ՝՝ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան


Ուրբաթ, 24 յունիս 2016-ին, Հայաստանի նախագահական պալատին մէջ   Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետ հանդիպում ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերճ Սարգսեանի ինչպէս նաեւ քաղաքական իշխանութիւններուն հետ։

 Ստորեւ, ամողջութեամբ կը ներկայացնենք  Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերճ Սարգսեանի արտասանած ճառը.

Ձե՛րդ Սրբութիւն,

Սրբազա՛ն Հայրեր,

Յարգելի՛ ներկաներ,

Այսօր Աստուած մեզ իւրայատուկ օր է պարգևել:

Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագոյն պատիւ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին քրիստոնէութիւնն աշխարհում առաջինը պետականօրէն ընդունած և յանուն քրիստոնէական ինքնութեան ու արժէքների հազարամեայ մաքառումներով անցած հայոց հողում։

Ձե՛րդ Սրբութիւն, Ձեր այցը երկար սպասուած էր մեր երկրում։ Սիրոյ և խաղաղութեան, գթասրտութեան համա­մարդ­­կային արժէք­նե­րի և մարդասիրական գաղափար­ների նկատմամբ Ձեր հաւատարմութեամբ և հայութեանը յուզող հարցերի հանդէպ Ձեր մշտական հոգածութեամբ Դուք վայելում էք հայ ժողովրդի մեծ յարգանքն ու հիացմունքը։

Շնորհակալ ենք ջերմութեամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայութեամբ օրհնութիւն, երջանկութիւն ու խաղաղութիւն էք բերում մեր երկիր, ջերմութեամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպէս այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնեայ երկիր» պաշտօնական կարգախօս հաստատելը և ուղևորութիւնն «ուխտագնացութիւն» բնորոշելը վկայում են մեր երկրի և մեր ժողովրդի հանդէպ Ձեր հոգածութեան, ինչպէս նաև կաթոլիկ և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առանձնայատուկ կապի մասին: Մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ դրա համար:

յարգարժա՛ն հիւրեր,

15 տարի առաջ՝ 2001 թուականին, Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Սուրբ Յովհաննէս Պօղոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամյակի առթիւ էր։ Այսօր Ֆրանչիսկոս Պապի այս պատմական այցը նշանաւորում է մէկ այլ յիշարժան տարելից՝ Հայոց անկախ պետականութեան վերականգնման 25-ամյակը, տօն, որ իւրաքանչիւր հայի համար նուիրական է։

Հայ ժողովուրդն իր հազարամեայ պատմական սլացքում շատ դժուարութիւններ է տեսել՝ ցեղասպանութիւնից, օտարի բռնատիրութիւնից ու բարեկամի անտարբերութիւնից մինչև ժխտողականութիւն: Տեսել է, սակայն չի կորցրել մարդասիրութեան, հանդուրժողականութեան ու համերաշխութեան գաղափարներին հաւատալու իր կարողութիւնը։ Եւ չի կորցրել իր հաւատի, դաւանած արժէքների, խաղաղասիրութեան ու նաև մեզ ձեռք մեկնած ու սատար կանգնած մեծ հումանիստների շնորհիւ։

Ինչպէ՞ս չհաւատալ արդարութեան յաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից յետոյ կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղւում արդարադատ այն ուղերձը, որ մարդկութեանը պատուհասած զանգուածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպանութիւնը պատմական փաստ է և անհերքելի իրողութիւն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականութիւնը սկսում են երերալ պատմական արդարու­թեան առաջ։ Հայոց ցեղասպանութեան ճանաչման նոր ալիքը, որ յաջորդեց Ֆրանչիսկոս Պապի կողմից մատուցուոած պատարագին հենց դա վկայեց։

Մենք մեղաւորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապէս ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչուեն, ինչը թոյլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցեալը, ներողամտութեամբ ու մաքուր խղճով շարժուել դէպի իրական հաշտութիւն և համատեղ բարեկեցիկ ապագայ։

Ձե՛րդ Սրբութիւն,

Սիրելի՛ ներկաներ,

301 թուականին քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն հռչակելու հայ ժողովրդի որոշումը, անշուշտ, կարևոր իրադարձութիւն էր համաշխարհային պատմութեան մէջ։ Սակայն հայ ժողովրդի համար այն առաւել քան ճակատագրական եղաւ․ քրիստոնէական հաւատը դարձաւ հայոց ինքնութեան դրոշմը՝ պայմանաւորելով թէ՛ մեր պատմական ուղին, թէ՛ այն արժէքներն ու կենսամշակոյթը, որ մեզ ուղղորդեցին դէպի 21-րդ դար, դէպի ներկայ,  դէպի այս ակնթարթը։

Քրիստոնէութեան արմատները շատ խորն են հայոց հողում և հայ մարդու մէջ։ Հաւատարիմ մնալ քրիստոնէութեանը՝ սա է հայ ժողովրդի կարևոր նկարագիրը․ պատահական չէ, որ աշխարհի գրեթէ բոլոր երկրներում կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների ու խաչքարերի։ Պատահական չէ նաև, որ կաթոլիկ եկեղեցու բարձրագոյն՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացաւ և քրիստոնէության 36 մեծագոյն մտածողների շարքը համալրեց մեր ժողովրդի մեծագոյն զաւակներից մէկը՝ Սուրբ Գրիգոր Նա­րեկացին: Դա մեծ պատիւ էր, ազգային արժևորման կարևոր իրադարձութիւն, որը եկաւ կրկին փաստելու, որ Հայաստանին և Սուրբ Աթոռին միաւորող կապերը բխում են նոյնակունք քրիստոնէական արժեհամակարգից:

Քրիստոնէութիւնը մեզ համար ոչ միայն դաւանանք է, այլեւ կենսակերպ. այն հայ ժողովրդի մէջ արմատաւորել է խաղաղութեամբ ապրելու ձգտումը և դժուարութիւնները զսպուածութեամբ ու պատուով յաղթահարելու փիլիսոփայութիւնը: Եւ որքան մենք աւելի քրիստոնեայ ենք դարձել, այնքան աւելի ենք յարգել ու արժևորել այլոց դաւանանքը, այնքան աւելի հանդուրժող ու խաղաղասէր ենք դարձել, կարողացել ենք համերաշխ ապրել այլ ժողովուրդների հետ, ինչպէս նաև՝ առաւել խնամքով մեր հողում պահել այլոց հոգևոր-մշակութային արժէքները։

Միջկրօնական բարեկամական յարաբերութիւնների օրինակները շատ են. Հայաստանի Հանրապետութեան և Իրանի Իսլամական Հանրապետութեան համագործակցութիւնը ակնառու օրինակ է, կամ հենց նոյն Մերձաւոր Արևելքում մինչև վերջին տարիների անբարենպաստ զարգացումները հայ համայնքների խաղաղ ու ծաղկուն գոյութիւնը, ներդաշնակ համագոյակցութիւնը հիւրընկալ ժողովուրդների, ազգային ու կրօնական փոքրամաս­նութիւնների հետ դրա լաւագոյնն ապացոյցն են: Մենք խոր ցաւով ենք հետևում  Մերձաւոր Արևելքում վանդալիզմի ու այլատյացության դրսևորումներին, որի միակ նպատակը այդ տարածքներից մշակութային սպանդի միջոցով պատ­մական յիշողութեան վերացումն է:

Ձե՛րդ Սրբութիւն, ինչպէս  իրաւացիօրէն նկատել էք ապրիլի 12-ի Ձեր ելոյթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղութեան կարիք ունեն, խօսքն այն ժողովուրդների մասին է, որ անցեալում, չնայած տարա­ձայնու­թյուններին և ճնշումներին, համատեղ խաղաղ կեանքի երկարա­տև ժամանակահատուածներ են ունեցել, նոյնիսկ դժուարութիւնների մէջ աջակցել միմիանց։

Այսօր էլ Հայաստանը խաղաղութեան է ձգտում, մեզ համար ցանկացած դէպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակ­ցութ­եան, որքան էլ որ դէպի խաղաղութիւն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժուարանցանելի: Գուցէ այն պատճառով, որ տևական խաղաղութեան հիմքում ժողովուրդների ազա­տութեան ու ազատ կամընտրութեան գաղափարն է։

Ձե՛րդ Սրբութիւն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղութիւնը որքան Աստծոյ պարգևն է, նոյնքան էլ մարդկային ձեռքբերում է»։ Ես հաւատում եմ մարդկային ձեռքբերումներին, ամեն մի վայրկեան սեփական կեանքի գնով խաղաղութիւն պահպանող­նե­րին, խաղաղութիւն պարտադրողներին:

Ես լաւատես եմ. ես հաւատում եմ, որ ազատութեան և խաղա­ղութեան մասին մարդկութեան՝ դարերով փափաքած երա­զանքները մի օր իրականութիւն են դառնալու:

Բարով էք եկել առաջին քրիստոնեայ երկիր:

 








All the contents on this site are copyrighted ©.