2016-06-15 09:26:00

ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵԴՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ


(Ռատիօ Վատիկան) Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան ճամբորդութեան օրակարգը կը նախատեսէ նաեւ առանձնական այցելութիւն` Անարատ Յղութեան Հայ Քոյրերու Գիւմրիի Տիրամայր Հայաստանի կեդրոնին։ Ստորեւ կը ներկայացնենք կեդրոնին հակիրճ պատմականը։

Հայաստանի անկախացումով՝ 1991թ.-ին Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան դարաւոր երազանքը իրականացաւ եւ առաքելական լայնածաւալ դաշտ բացուեց՝ նոր պարտաւորութիւններով լի:

1988թ.-ի ահաւոր երկրաշարժից յետոյ, Քոյրերը կեանքի գնով եկան Հայաստան՝ ամոքելու ցաւատանջ ժողովրդի վիշտն ու կորուստը, սրբելու հայ որբուկների եւ այրիների արցունքը, տալու յոյս, ժպիտ, կենսունակութիւն ու արիութիւն:

1990-1991թ.-ին, Քոյրերը հերթաբար մնացին Սպիտակում՝ աշխատելով հոգեբանական կեդրոնում եւ իտալական թաղամասի միջնակարգ դպրոցում, ապա Արեւիկում՝ գիւղի միջնակարգ դպրոցում ուսուցանելով կրօն:

1992թ.-ից Քոյրերը հաստատուեցին Արեւիկ գիւղում, իսկ Փանիկ եւ Լանջիկ գիւղերում ծաւալում էին կրօնի դասաւանդում՝ Կրօնի խորհրդի եւ Լուսաւորութեան Նախարարութեան հրամանով: Դասաւանդման հետ, Քոյրերը կազմակերպում էին հոգեւոր, թատերական ներկայացումներ, տարբեր ընտանիքների այցելութիւններ, որտեղ հանդիպում էին բազմաթիւ երեխաների, որոնք որբ էին մնացել երկրաշարժի կամ պատերազմի հետեւանքով: Այս երեխաների հոգեկան եւ նիւթական ցաւալի վիճակը պատճառ դարձաւ ծրագրելու ամարային ճամբարները:

Ճամբարային ծրագրերը պատճառ հանդիսացան հիմնադրելու Գիւմրիի Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը: Պօղոսեանների ցանկութիւնն էր, որ ճամբար եկող բոլոր երեխաները կարողանային մնալ Քոյրերի հոգածութեան ներքոյ ամբողջ տարին:

Կեդրոնի շինարարական աշխատանքները սկսուեցին 1996թ.-ին, իսկ պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 1998թ.-ի սեպտեմբերի 16-ին: Կառոյցը ամբողջութեամբ «Ռոպերդ Պօղոսեան եւ Որդիներ» հիմնադրամի նուէրն է, որոնք շարունակում են մասամբ հովանաւորել Կեդրոնը:

Կեդրոնի նպատակն է հաւաքագրել թափառող երեխաներին, ծնողազուրկ, նաեւ սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաներին եւ նրանց տալ խնամք ու ծնողական գորով: Այս երեխաները ամէնօրեայ ուշադրութեան կարիք ունեն, չէ՞ որ միայն ճամբարների օգնութեամբ հնարաւոր չէ մէկ-երկու ամսում լիարժէքօրէն աշխատել երեխաների հետ:

Մինչև 2010 թուականը, Կեդրոնը ունեցել է վաթսունհինգից աւել երեխաներ, որոնցից կէսը եղել են ցերեկօթիկ:  Այսօր Կեդրոնը ունի 37 երեխայ, որոնք գրեթէ բոլորն էլ գիշերօթիկ են:

Կեդրոնում դասաւանդում են կրօն, երգ, հայկական ժողովրդական պար, լեզուներ, համակարգիչ, վոկալ, ջութակ, դաշնամուր եւ այլն: Կեդրոնի նպատակն է երեխաներին տալ առաւելագոյն կրթութիւն:

Պէտք է նշել, որ Կեդրոնի ներշէնքային մաքրութիւնը երեխաների գործն է. իւրաքանչիւրը գիտի իր անելիքը եւ պարտականութիւնը:

Աւելացնենք, որ Կեդրոնում դասաւանդող մանկավարժները բաւարարում են տեղի խիստ պահանջները: Կրթական հարցում մեծ դեր ունեն Քոյրերը:

Առաւօտեան երեխաները մասնակցում են ժամերգութեան, նախաճաշում են, յետոյ գնում են հանրակրթական դպրոց: Դպրոցից յետոյ գալիս են Կեդրոն արտադասարանական դասընթացներին, որոնք են երգ, պար, ասեղնագործութիւն, համակարգիչ եւ այլն:

Իւրաքանչիւր կիրակի երեխաները գնում են եկեղեցի եւ մասնակցում Սուրբ Պատարագի:

Ի դէպ, ամէն տարի սաները իրենց ամարային հանգիստն անցկացնում են Ծաղկաձորում:

Կեդրոնի սաները կազմակերպել են մի շարք միջոցառումներ, հանդէս եկել մեծ բեմերում:

Ի դէպ, երգչախումբը թողարկել է իր երեք ձայնասկաւառակ:

Երեխաների հետ ունեցած զրոյցի ընթացքում, մենք համոզուեցինք, որ եւ մանկավարժներին, եւ ք նրանք համարում են երկրորդ մայր, քանզի նրանք փորձում են լինել թշուառի, լքուածի եւ յուսահատուածի կողքին՝ տալով յոյս, սէր եւ հաւատ:

Ինչեւէ, Քոյրերի տարիների երազանքը այսօր իրականացել է, իսկ նրանց կատարած աշխատանքի արդիւնքը նկատում են բոլորը:








All the contents on this site are copyrighted ©.