2016-06-08 13:12:00

ԵՀՕ-2016 նախապատրաստութեան հերթական հանգրուանը Թորոսի «Աղաճանեան» ճամբարում


2016թ. յունիսի 4-ին  Թորոսգյուղի  հայ կաթողիկէ «Աղաջանյան» ճամբարում տեղի ունեցաւ ևս մէկ ընդհանրական երիտասարդական հաւաք` համախմբելով  Հայաստանի ու Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների շուրջ 250 երիտասարդների: Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Երիտասարդաց  համաշխարհային օրուան ընդառաջ այս հաւաքը` 2016թ չորրորդ նախապատրաստական հանդիպումն էր: Նպատակն էր՝ կաթողիկէ համայնքներում ապրող երիտասարդութեանը պատրաստել ուխտագնացութեանը՝ նուիրում ցուցաբերելով Եկեղեցուն, ի յայտ բերելով նոր կոչումներ և խթանելով երիտասարդների միջհամայնքային կապի ամրապնդումը:

Հանդիպման սկիզբն ազդարարեց  Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկը՝ ողջոյնի խօսքով, որից յետոյ Հայր Ռաֆայէլը  երիտասարդներին ներկայացրեց այն պահանջները, որոնք ուղղուած են երիտասարդութեանը ԵՀՕ օրերի համար:

«Սիրելի՛ երիտասարդներ, այսօր շատ ուրախ եմ՝ ձեզ դարձեալ տեսնելու այստեղ: Մէկ ու կէս ամիս մնաց՝ մեր Լեհաստան մեկնելուն: Եւ մեր պատրաստութիւնը պէտք է, որ իսկապէս աւելի լուրջ լինի: Մեր նախորդ հանդիպումների ընթացքում, մենք՝ հոգևորականներս,  ձեզ ասել ենք, որ մենք չենք գնում տուրիստական ճանապարհորդութեան նպատակով, այլ մեր  այսքան ամիսների պատրաստութիւնը  ուխտագնացութեան համար է: Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը մեզ Լեհաստան է հրաւիրում  համաշխարհային երիտասարդաց օրուայ համար: Հռոմի պապը միշտ հրաւիրում է: Այդ օրերին տարբեր երկրների կաթողիկէ երիտասարդութիւնը հնարաւորութիւն կունենայ  հանդիպելու Սրբազան Քահանայապետին ու աղօթելու նրա հետ միասին: Եթէ մենք ուզում ենք հանդիպել Հռոմի պապի հետ, մասնակցել այս համաշխարհային օրերին տեղի ունեցող իրադարձութիւնը Իր հետ  միասին, ապա մենք պէտք է ունենանք հոգևոր պատրաստութիւն: Մենք գնում ենք Լեհաստան՝ ոչ միայն օտար  երկիր տեսնելու, մենք գնում ենք, որ նաև ցոյց տանք ինչպէս է մեզ մօտ՝  մեր քրիստոնէական կեանքը: Բոլորը գիտեն, որ Հայաստանն է եղել առաջինը, որ ընդունել է քրիստոնէութիւնը՝ որպէս պետական կրօն: Հոգևորականները, երիտասարդները Լեհաստանում սպասում են մեզ, շատ են սպասում:  Իրենց պատրաստութիւնը  մեծ է: Նրանք մեզ համար շատ են տանջւում:  Մեր Սրբազան Հայրը՝ արքեպիսկոպոս Մինասեանը, ամեն բան անում է Ձեզ համար, որ դուք կարողանաք այդ օրերն անցկացնել լաւագոյն կերպով:    Սա ոչ միայն հաւատքի հարց է, այլ նաև մարդկային հարց է: Մենք պէտք է լինենք շնորհակալ Աստծուն և այն մարդկանց, ում ջանքերի շնորհիւ կգնանք այս կարևոր ու հոգևոր ուխտագնացութեանը:   Եւ դրա համար էլ պէտք է  նախևառաջ պատրաստուած  լինենք հոգով, որովհետև մենք, բոլորս ՝ աշակերտներ ենք՝ Յիսուսի աշակերտները: Պէտք է յիշենք նաև, որ այս տարի Երիտասարդաց համաշխարհային օրերին  առաջին անգամ հայերէնով աղօթք կը բարձրացուի առ Աստուած»:








All the contents on this site are copyrighted ©.