Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Յունիս 1-ին շնորհաւորական ուղերձ յղած է Երեխաներու պաշտպանութեան միջազգային օրուան առիթով: Այս մասին կը հաղորդեն Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութենէն։
Ուղերձին մէջ նշուած է.
«Սիրելի՛ երեխաներ,
Թանկագի՛ն ծնողներ,
Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Երեխաների պաշտպանութեան միջազգային օրուայ առթիւ:
Երեխաները մեր հարստութիւնն են, մեր ուրախութիւնն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխւում է մեր կեանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եւ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջութեան, կրթութեան ու դաստիարակութեան համար:
Արցախի իշխանութիւններն անում են հնարաւորը, որպէսզի մեր երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ երկրում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղուած այն բազմապիսի ծրագրերը, որ իրականացւում են ամէն տարի մեր հանրապետութիւնում:
Ցաւօք, ապրիլեան քառօրեայ պատերազմն իր անջնջելի հետքը թողեց նաեւ Արցախի փոքրիկ բնակիչների յիշողութեան մէջ: Իւրաքանչիւրիս պարտքն է անել մեզնից կախուած ամէն ինչ, որպէսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդութիւն, նրանց կեանքը լցուած լինի ամենավառ գոյներով ու երանգներով:
Թանկագի՛ն փոքրիկներ,
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիդ այս հրաշալի տօնի կապակցութեամբ եւ մաղթում կապոյտ ու անամպ երկինք, կանաչ ու հարթ ճանապարհ եւ մեծագոյն յաջողութիւններ ձեր ամբողջ կեանքի ընթացքում»:
All the contents on this site are copyrighted ©. |