2016-05-23 12:08:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտաւորներին:


Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայից և Իրաքից Հայաստան ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու շուրջ 50 ուխտաւորների` ուղեկցութեամբ Մեծ Բրիտանիայի Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մար Աթանաս եպիսկոպոսի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով ուխտաւորներին` Մար Աթանաս եպիսկոպոսը նշեց, որ Հայաստան են ժամանել` ծանօթանալու առաջին քրիստոնեայ ժողովրդի հարուստ մշակոյթին ու հոգևոր արժէքներին:

Վեհափառ Հայրապետը, իր հայրապետական պատգամը փոխանցելով Քոյր Եկեղեցու ուխտաւորներին, մասնաւորապէս նշեց, որ երկու դաւանակից Եկեղեցիների պատմական առնչութիւնները հասնում են մինչև հեռաւոր դարերի խորքեր: Հայոց Հովուապետն ընդգծեց, որ երկու քրիստոնեայ ժողովուրդները պատմութեան ընթացքում յաճախ ստիպուած են եղել սեփական կեանքով հատուցել քրիստոնէական հաւատքի ու արժէքների համար, ինչի վկայութիւնն են նաև  Օսմանեան Թուրքիայում իրականացուած զանգուածային կոտորածները, որոնց զոհ գնացին միլիոնից աւել հայեր և հարիւր հազարաւոր ասորիներ: Նորին Սրբութիւնը փաստեց, որ զօրեղ հաւատքի ու Տիրոջ Ս. Յարութեան նկատմամբ հաւատքի շնորհիւ է, որ երկու ժողովուրդները կարողացել են դիմագրաւել այդ բոլոր արհաւիրքներին ու փորձութիւններին:

Նորին Սրբութիւնը, վերստին իր գնահատանքը փոխանցելով ուխտաւորներին, յորդորեց, որ իրենց ամուր, աննկուն ու հաստատուն հաւատքով մշտապէս շարունակեն նեցուկ լինել Սիրիայի և Իրաքի քրիստոնեաներին: Վեհափառ Հայրապետը նաև իր եղբայրական սիրոյ ջերմ բարեմաղթանքները փոխանցեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբութիւն Մորան Մոր Եփրեմ Բ-ին` աղօթելով Ասորի Եկեղեցու ողջ հոգևորականաց դասի համար:

Զրոյցի ընթացքում անդրադարձ եղաւ նաև տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը և փախստականներին վերաբերող խնդիրներին: Այս առնչութեամբ Աթանաս եպիսկոպոսը անդրադարձաւ Մերձաւոր Արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, որի հետևանքով տարածաշրջանի խաղաղ բնակչութիւնը կանգնած է ոչնչացման լուրջ սպառնալիքի առջև:

Միասնական Տէրունական աղօթքից յետոյ հանդիպումն եզրափակուեց հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների և արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանն ու Մայր Աթոռի միջ-եկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու` Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտաւորները Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:

Մայր աթոռի տեղեկատուական համակարգ:








All the contents on this site are copyrighted ©.