2016-05-17 10:00:00

Պետրոս՝ Վէմը Հաւատքի։ Հայ Գէորգ Ծայրագոյն Վարդապետ Զապարեանի խորհրդածութիւնը


«ԶՊետրոս  ո'չ  միայն  յուրացութեան  գլորմանէն  կանգնեաց,  այլ  եւ՝  գլուխ  առաքելոցն  եւ հիմն  եկեղեցւոյ  եւ  փակող  արքայութեան  լինիլ  պատրաստեաց»  (Խոսրով  Անձեւացի,  Մեկնութիւն ժամակարգութեան, Կ. Պոլիս 1840, էջ 73-74):

Իր  առաջին  հանդիպումին  իսկ,  Յիսուս Սիմոնին  անունը  փոխեց  Կեփասի,  որ  կը նշանակէ  Պետրոս,  այսինքն՝  Վէմ,  Ժայռ (Յովհաննէս  1,  42):  Շուրջ  տարի  մը  ետք՝ Փիլիպպոսի  կառուցած  Կեսարիա  քաղաքին  մէջ,  Սիմոնի  անունին  այս  փոփոխութիւնը պաշտօնականացաւ,  երբ  Աստուածային Վարդապետը  անոր  ըսաւ. «  Դուն  ես  Վէմը,  եւ  այդ Վէմին  վրայ  պիտի  շինեմ  իմ  Եկեղեցիս...Քեզի պիտի տամ երկինքի արքայութեան բանալիները» (Մատթէոս, 16, 18):

Յիսուսի  տուած  խոստումը,  թէ  Սիմոն պիտի  ըլլար  հիմնաքարն  ու  միութեան ակնաղբիւրը  քրիստոնեայ  նորածին հասարակութեան,  իրականացաւ  այն  պահուն (Յովհաննէս  21,  19)  երբ  մեր  Տէրը՝  գործածելով նոր  փոխաբերութիւն  մը՝  Սիմոն  Պետրոսը «Հովիւ»  անուանեց,  որպէսզի  զինք  տեղակալէ  իբրեւ  գլուխ  եւ  առաջնորդ քրիստոնեաներու  հօտին:  Հովիւ  անուանուած  Պետրոսին  շնորհուեցաւ  պաշտօնը «ապահովութիւն  եւ  ճարակ»  հայթայթելու  Քրիստոսի  ոչխարներուն  եւ  գառնուկներուն:

Այլ  խօսքով,  Յիսուսի  մէկ  կարգադրութեամբ,  Պետրոս  դարձաւ  պահակն  ու  գլուխը Քրիստոսի Եկեղեցւոյ:

Նորածին  Եկեղեցւոյ  կեանքը  նկարագրող  Գործք  Առաքելոցի  գրեթէ իւրաքանչիւր  էջ  կը  հաստատէ,  թէ  Պետրոսի  վերոնշեալ  հեղինակութիւնը  իբրեւ Առաքելապետ  ճանչցուած  էր  բոլոր  Առաքեալներուն  եւ  առաջին  Քրիստոնեաներուն կողմէ:  Արդարեւ,  ի'նքն  է,  որ  նախագահեց  առաքելական  դասէն  ներս  Յուդան փոխարինող  Մատաթիայի  ընտրութեան  (Անդ.  1,  15-26):  Ի'նք  տուաւ  առաջին քրիստոնէական  քարոզը  Հոգեգալուստէն  ետք  (Անդ.  2,14-40):  Ի'նք  գործեց  առաջին հրաշքը  (Անդ. 3, 1-11):  Ի'նք  արտաբերեց  դատապարտութիւնը  խաբեբայ  Անանիայի  եւ Սափիրայի  (Անդ.  5,  1-11):  Ի'նք  ընդունեց  Եկեղեցիէն  ներս  առաջին  նորադարձ Հեթանոսը  (Անդ.  11,  1-18):  Ի'նք  պաշտպանեց  Պօղոսին  առած  դիրքորոշումը՝ Երուսաղէմի Ժողովի ընթացքին (Անդ. 15, 6-11):

Նման  բացայայտութեան  դիմաց,  ոչ  մէկ  աչալուրջ  պատմագէտ  կրնայ  ուրանալ,  որ  միւս  Առաքեալները  եւ  առաջին  քրիստոնեաները  ճանչցած  էին  Պետրոսը  որպէս Եկեղեցւոյ գլուխն ու  Քրիստոսի ներկայացուցիչը: Պետրոս  մեռաւ,  բայց  Պետրոսի  պաշտօնը  պիտի  տեւէ  մինչեւ  որ  վերջին  մարդը երկինք  չհասնի:  Քսաներորդ  ու  Երեսուներորդ  դարերը  այ'նքան  կարիքն  ունին «պաշտպանութեան ու ճարակի», ո'րքան առաջին դարերունը:

Քրիստոսահիմ  Եկեղեցւոյ  համար,  իրերայաջորդ  սերունդներուն  եւ  դարերու հոլովոյթին՝  Պետրոսի  գահին  վրայ  բազմող  եպիսկոպոսը,  նովին  գործով,  կը  դառնայ Առաքելապետ,  Քահանայապետ  եւ  Հիմնավէմ.  արդարեւ  «Որպէս  Պետրոս  ի  վերայ Քրիստոսի  շինեաց  զանձն՝  իւր  վկայութեամբ  մահու,  նո'յնպէս  եւ  Եկեղեցի  շինեցաւ  ի վերայ  Պետրոսի  հաւատոցն՝  ո'չ  միայն  ի  Հռոմ,  այլ  եւ՝  ընդ  ամենայն  քաղաքս  եւ  գէօղս մեծամեծս  մինչեւ  ցփոքունս»  (Եղիշէ  Վարդապետի  Մատենագրութիւնք,  Վենետիկ  1859,  էջ 320):

Մինչ  Հայաստան  կը  պատրաստուի  յառաջիկայ  Յունիսին,  ընդունելու Ֆրանչիսկոս  Քահանայապետը՝  266րդ  Յաջորդը  Պետրոս  Առաքելապետին,  բարձրացնենք  մեր  աղօթքը  առ  Աստուած՝  ըսելով  .  «  Կեցո'  զորդի  ծառայի  քո,  որ  ի Հռովմայ գահիցն վերապատուեցեր, ուր եդին զվէմն հաւատոյ հիման սուրբ եկեղեցւոյ»:

Հ. Գ. Զ.








All the contents on this site are copyrighted ©.