2016-05-17 10:32:00

ԵՀՕ-2016-ի պատրաստութեան համայնքային հանդիպում՝ Աշոցքում


Երիտասարդութեան տաղանդներն օգտագործել ի սպաս Եկեղեցու և ի փառս Աստուծոյ:

2016թ. մայիսի 14-ին Աշոցքի տարածաշրջանի «Տիրամայր Նարեկի»  հիւանդացուում    տեղի ունեցաւ երիտասարդական հոգևոր դասընթաց` նախաձեռնութեամբ` Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովիւ Գերպ Հայր Ռաֆայել Կրավչիկի: Հոգևոր հանդիպմանը մասնակցում էին Բավրա, Սիզավետ, Հովտուն, Մեծ Սեպասար, Արփենի և Աշոցք գիւղերի շուրջ 2 տասնեակ  երիտասարդներ: Նպատակը ոչ միայն կայանալիք ԵՀՕ-2016 պատրաստութիւնն էր, այլ նաև համայնքներում երիտասարդական միութիւնների հոգևոր գործունէութեանը առնչուող թեմաների քննարկումը:

Հանդիպման սկզբում  Գերպ. Հայր Ռաֆայել Կրավչիկի ձեռամբ մատուցուեց Սուրբ Պատարագ: Քարոզի ընթացքում Հայր Ռաֆայել Կրավչիկը երիտասարդների հետ  խօսեց Եկեղեցում նրանց կարևոր դերի մասին.

«Սիրելի երիտասարդներ, ես այսօր շատ ուրախ եմ, քանի որ մենք այսօր կարող ենք հաւաքուել, մի քիչ զրուցել ու միմեանց հետ ծանօթանալ: Սիրելի երիտասարդներ,  կարծում եմ, որ դուք գիտէք, որ երիտասարդական միտքն ու մտածելակերպը ուրիշ է` նոյնիսկ երիտասարդի երազանքն է տարբեր:  Եկեղեցին կարիքն ունի երիտասարդների նորանոր մտքերին ու գաղափներին:

Ես ուզում եմ, որ մենք Հայ Կաթողիկէ Եկեղեցու մէջ միասին աշխատենք: Միայն վարդապետը, քահանան չէ, որ պէտք է աշխատի, այլ դուք, երիտասարդներ, դուք էլ պէտք է աշխատէք մեզ հետ  միասին՝ Եկեղեցու համար, որպէս երիտասարդ առաքեալներ: Սա քրիստոնէական մեծ ու արժէքաւոր առաքելութիւն է: Առանց Եկեղեցու ոչ մի բան չկայ:

Ձեր երիտասարդութիւնը պէտք է մեր Եկեղեցու համար: Մեր այս ժողովի նպատակն է համախմբել ձեզ Եկեղեցու շուրջ: Շուտով Հայաստան պէտք է գայ Սրբազան Քահանայապետը: Սրբազան  Քահանայապետը մեր Եկեղեցու գլուխն է: Ի՞նչ նուեր ենք մենք ստանում, որ պիտի գայ ու հասնի Գյումրի: Դուք կը տեսնէք նրան ոչ միայն մէկ անգամ, այլ երկու անգամ: Սկզբից նա կը գայ մեզ մօտ, ապա մենք կը գնանք իր մօտ: Եւ սա մեզ համար իսկապէս մեծ առիթ է ուրախանալու համար: Առանց Եկեղեցու ոչ մի բան չկայ»:

Սուրբ  Պատարագից յետոյ  Հայր Ռաֆայէլի առաջարկով համայնքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցաւ ծանօթութիւն: Երիտասարդները մեծ ուրախութեամբ  պատմեցին  իրենց առօրեայի, նպատակների ու ակնկալիքների մասին, ընդգծելով, որ այսպիսի հոգևոր հանդիպումները իրենց տալիս են հոգևոր մեծ սնունդ և դարձնում էլ աւելի միասնական:

Ապա վրդ. Հայր Ռաֆայել Կրավչիկը  երիտասարդների համար կարդաց հատուած` Պօղոս առաքեալի նամակներից՝  ուղղուած երիտասարդութեանը:

Երիտասարդները միասին դիտեցին ֆիլմ, որը հոգևոր մեծ իմաստ և ուղերձ էր պարունակում:








All the contents on this site are copyrighted ©.