2016-04-19 09:01:00

ԵՀՕ-2016 հայկական խմբի ղեկավարները աշխատանքային հանդիպումներ են ունեցել Լեհաստանում


2016թ. ապրիլի 11-15-ը ԵՀՕ-2016 ուխտագնացութեան կազմակերպչական խմբի նախագահ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը և Հոգշն. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը գտնւում էին Լեհաստանում: Այցի նպատակը հայկական խմբի ուխտագնացութեան կազմակերպչական հարցերի շուրջ հանդիպումներ ու քննարկումներ ունենալն էր:

Այցի առաջին օրը նրանք Պլոտսկում հանդիպել են լեհ վարդապետ Հ. Ռաֆայել  Գժելչիկի հետ, ով խոստացել է, որ ուխտագնացութեան առաջին հինգ օրերին, որոնք լինելու են Պլոտսկի շրջանում, հայ երիտասարդների համար կ՝ապահովվեն բաւարար պայմաններ՝ կեցութիւն, սննդի, սրբավայրերի այցելութիւնների համար: Նա խոստացել է նաև գումար տրամադրել Հայաստանից Լեհաստան ուղևորափոխադրման ծախսերի վճարման համար:

Պլոտսկում Հայր Գառնիկը հարցազրոյց է ունեցել տեղական Gosc մամուլի հետ, որի ընթացքում խօսել է հայ երիտասարդութեան նախապատրաստութեան մասին, հոգևոր պատրաստուածութեան, ջերմեռանդութեան, հաւատքի գործնական դրսևորումների մասին:

Հայր Գառնիկը և Հայր Ռաֆայէլը հնարաւորութիւնն են ունեցել Սրբուհի Ֆաուստինա Կավալսկայի վանքում մասնակցելու Սբ. Պատարագի: Այդ վանքում է Տէր Յիսուս Քրիստոս 1931թ. փետրուարի 22-ին երևացել Սրբուհի Ֆաուստինային:

Երկրորդ օրը խմբի ղեկավարները Կրակովում հանդիպել են ԵՀՕ-2016-ի կազմակերպման ընդհանուր գլխաւոր քարտուղար Հայր Grzegorz Suchodolski-ի հետ, ով խոստացել է հայ երիտասարդների համար ապահովել 40 փաթեթի (կեցութեան համար անհրաժեշտ պայմաններ, սնունդ, ապահովագրութիւն, տրանսպորտ) համար անհրաժեշտ գումարը: Մէկ փաթեթի արժէքը 180 եւրօ է:

Խմբի ղեկավարները հանդիպումներից յետոյ ուխտագնացութեան են մեկնել Վադովիցէ քաղաքը, որտեղ գտնւում է Սբ. Յովհաննէս Պօղոս Բ-ի սրբավայրը և խնդրել սուրբ քահանայապետի բարեխօսութիւնը՝ հայկական խմբի ուխտագնացութիւնը պատշաճ ձևով կազմակերպելու համար:








All the contents on this site are copyrighted ©.