2016-03-05 09:59:00

Գիւմրիի հայ կաթողիկէ երիտասարդաց միութիւնն ընդլայնւում է


2016թ.Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ եկեղեցու երիտասարդաց միութիւնն իր գործունութիւնը վերսկսեց նոր խանդավառութեամբ, նոր տարածքում, աւելի ընդլայնուած կազմով և նոր ծրագրերով: Ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը երիտասարդական միութեանը յատկացրեց նորակառոյց եկեղեցու ներքնայարկի ընդարձակ սրահը, որտեղ տեղի են ունենում միութեան հանդիպումները և միջոցառումները:

Գլխաւոր ծրագիրն այս ամիսներին, իհարկէ, Երիտասարդաց համաշխարհային օրուայ կարևորագոյն միջոցառմանը հաւուր պատշաճի պատրաստուելն է, միւս կաթողիկէ համայնքների հետ միասին: 2016թ.փետրուարի 13-ին, հերթական հանդիպման ընթացքում, Տէր Գրիգորը խօսեց այդ միջոցառման կազմակերպչական հարցերի մասին, լսեց նոր ծրագրերի մասին, որոնք առաջարկում են երիտասարդները: Դրանք վերաբերում են աղքատախնամ նախաձեռնութիւններին, ինտելեկտուալ խաղերի կազմակերպմանը, հոգևոր թեմաներով սեմինարների կազմակերպմանը և այլ մտայղացումների:

Տէր Գրիգորը մեծ ուշադրութիւն է դարձնում նախ և առաջ երիտասարդների հոգևոր նկարագրի ձևաւորմանը, նրանց համար ինքնազարգացման և հոգևոր ինքնակատարելագործման համար պատշաճ պայմանների ապահովմանը, ջերմեռանդական աղօթքներին կանոնաւոր մասնակցութեանը և, յատկապէս, Խոստովանութեան ու Սբ. Հաղորդութեան խորհուրդների գանձարանից մշտապէս սնուելու սովորութիւնը երիտասարդների մեջ ամրապնդելուն: Այս թեմաներով պարբերաբար զրոյցներ ու քննարկումներ կլինեն: Իսկ հետաքրքիր ժամանցի կազմակերպման նախաձեռնութիւնների պակաս երիտասարդները չեն զգում:








All the contents on this site are copyrighted ©.