2016-02-23 10:22:00

Բակօ Սահակեանի շնորհաւորական ուղերձը Հայրենիքի պաշտպանի օրուան առիթով։


Արցախի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Փետրուար 23-ին շնորհաւորական ուղերձ յղած է Հայրենիքի պաշտպանի օրուան առիթով:

Նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան հաղորդած տեղեկութիւններով՝  ուղերձին մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրուայ առթիւ:

Այսօր տօն է Արցախի իւրաքանչիւր ընտանիքում, որովհետեւ մեր երկրում դժուար է գտնել մի ընտանիք, որը մասնակից չլինէր հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: Տօն է մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ Արցախի ազատութեան ու անկախութեան կերտմանը մասնակցել են շատ քաջ հայորդիներ աշխարհի տարբեր ծայրերից:

Ես շնորհաւորում եմ բոլորիդ եւ յատկապէս նրանց, ովքեր օր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը` հնարաւորութիւն տալով մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Դա մեր խիզախ զինուորներն են, սպաներն ու գեներալները, դա մեր հերոսական բանակն է, որը եղել է, կայ ու կը լինի մեր ժողովրդի հպարտութիւնն ու պարծանքը, նրա անվտանգութեան հիմնական երաշխաւորը: Յաւե~րժ փառք ու պատիւ Արցախի նուիրեալ զաւակներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս տօնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղութիւն, քաջառողջութիւն, յաջողութիւններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին` անպարտելի ուժ ու զօրութիւն»:








All the contents on this site are copyrighted ©.