2016-02-20 09:25:00

ԵՀՕ-2016-ի հայկական խմբի ղեկավարները հանդիպել են պապական նուիրակի հետ։


Պապական նուիրակը իր ուրախութիւնն է հայտնում, որ հայ երիտասարդների նման մեծ խումբ մեկնելու է՝ ԵՀՕ-2016-ին մասնակցելու:

 2016թ. փետրուարի 18-ին, Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, Երիտասարդութեան համաշխարհային օրուայ հայ երիտասարդների մասնակցութեան կազմակերպչական խմբի ղեկավարները՝ Գերպ. Հ. Գառնիկ  վրդ. Յովսէփեանը և Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկը` Թիֆլիսում հանդիպել են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պապական նուիրակ Արհ. Մարեք արքեպս. Սոլչինսկիի և Վրաստանում Լեհաստանի հիւպատոս Պյոտր Ապոստոլիդիսի հետ: Նրանց է միացել նաև  Թիֆլիսում հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Միքայէլ վրդ. Խաչկալյանը, ով օգնել է կազմակերպել հանդիպումը:

Հանդիպման նպատակը ԵՀՕ-2016-ին հայկական խմբի մասնակցութեան կազմակերպչական հարցերի քննարկումն էր: Պապական նուիրակը մանրամասնօրէն հարցրել է ԵՀՕ-2016-ի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ընթացքի, մասնակիցների թուի, պատրաստութեան մասին և խոստացել անել ամեն հնարաւորը՝ հայկական խմբին օգնելու համար: Վրաստանում Լեհաստանի հիւպատոս Պյոտր Ապոստոլիդիսը իր հերթին ասել է, որ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը կհեշտացնի վիզայի համար հարկաւոր թղթաբանական և այլ գործողութիւնները: Պարզաբանուել են նաև այլ հարցեր՝ կապուած հայկական խմբի՝ Լեհաստանում կեցութեան օրերի հետ:

Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը պապական նուիրակին հրաւիրել է ներկայ գտնուելու ԵՀՕ-2016-ի նախապատրաստական յաջորդ հանդիպմանը: Սրբազան Հայրը սիրով համաձայնել է ներկայ լինել և խօսել այդ կարևոր համաշխարհային միջոցառման մասին, որը տեղի է ունենալու 2016թ. յուլիսի 26-31-ը՝ Կրակովում:

Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը շնորհակալութիւն է յայտնում Գերպ. Հ. Միքայէլ վրդ. Խաչկալյանին՝ այդ կարևոր հանդիպումը կազմակերպելու համար:








All the contents on this site are copyrighted ©.