2016-01-25 12:11:00

Սուրբ Սարգսի տօնը՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում


Վասն հաւատոյ նահատակուած Սբ. Սարգսի, նրա Մարտիրոս Որդու և 14 նահատակ ընկերների յիշատակութեան տօնը Հայ Եկեղեցին այս տարի նշեց յունուարի 23-ին: Հայ Կաթողիկէ եկեղեցիներում մատուցուեց Սբ. Պատարագ, կազմակերպուեցին երիտասարդական միջոցառումներ:

Գիւմրիի Առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցում Սբ. Պատարագը մատուցեց Գիւմրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը: Ներկայ երիտասարդներին և միւս հաւատացեալներին իր խօսքն ուղղելով՝ Տէր Գրիգորն ուշադրութիւն հրաւիրեց հաւատքի համար նահատակութեան խորհրդին՜

«Լոյսի մէջ ապրելու համար հարկ է նեղութիւններ կրել, չարչարանքներ կրել, վերցնել Յիսուսի Խաչը և հետևել Նրան: Յիսուս ասում է՝ ով, որ ուզում է ինձ հետևել, թող վերցնի իր խաչը և գայ իմ հետևից: Բայց մենք շատ յաճախ չենք ուզում խաչ վերցնել, այլ ուզում ենք հեռու մնալ խաչից, այն աստիճան, որ ուզում ենք մեռցնել այն սերը, որն Աստուած դրել է մեր մէջ: Հալածանք, թշնամութիւն, այս բոլորը պէտք է, որ պատահեն, ասում է Յիսուս:

Այդպիսի հալածանքներ կրեց նաև Սուրբ Սարգիսը: Այդքան չարչարանքներ կրելով՝ երբեք չուրացաւ Տիրոջը՝ Քրիստոսին: Սպաննուեց, նահատակուեց, բայց իր հաւատքը երբեք չկորցրեց: Այսօր քչերը կարող են այդպէս անձնուրաց ապրել իրենց հաւատքի համար: Երբ տեսնում ենք, որ մէկը քիչ թէ շատ հաւատքով է ապրում, ասում ենք՝ այս մարդը սուրբ է, բայց մենք բոլո՛րս էլ կոչուած ենք սուրբ լինելու: Աստծոյ Որդին իջաւ Երկնքից, որպէսզի բոլո՛րս սրբանանք և սրբութեամբ առաջնորդուենք դէպի Երկինք: Դրա համար անհրաժեշտ է լոկ հաւատարիմ լինել Քրիստոսի պատուիրաններին, «Սիրեցէ՛ք զմիմեանս» խօսքին: Եթէ մենք իրար չենք սիրում, չարախօսում ենք միմեանց, սա քրիստոնեավայել չէ, հակասում է Աստծոյ սիրուն: Յիշեցե՛ք, ինչ որ չէք ուզում, որ մարդիկ ձեզ անեն, նոյնն էլ դուք մի արէք ուրիշներին: Խոնարհութիւնը և սերն է, որ փրկում է մեզ: Յաճախ ասում ենք՝ «ե՛ս, ինձ նմանը չկայ»:

Սրբազան Պապի կողմից հռչակուած այս սուրբ տարուայ ընթացքում պէտք է ողորմութիւն տանք, ոչ թէ ֆինանսական ողորմութիւն, այլ՝ իրական ողորմութիւն, որը մարդուն կներշնչի սեր և վստահութիւն: Այլապէս, նոյնիսկ շատ էլ աղօթենք, եթէ եկեղեցուց դուրս ենք գալիս և մոռանում Տիրոջ մասին, իմաստ չունի մեր աղօթքը:

Հայցում եմ Սբ. Սարգսի բարեխօսութիւնը, որպէսզի ամուր լինենք հաւատքով, սիրով, երկիւղածութեամբ, խոնարհութեամբ»:

Սբ. Պատարագից յետոյ երիտասարդների հետ հանդիպում ունեցաւ Տէր Գրիգորը և խօսեց երիտասարդական միութիւնից Եկեղեցու և իր ակնկալիքների մասին՝ գալիք ամիսների ընթացքում, երիտասարդներին խնդրեց մտածել ու իրականացնել ծրագրեր՝ երիտասարդական կեանքն աշխուժացնելու, հոգևոր զարգացման համար:








All the contents on this site are copyrighted ©.