2015-11-14 10:18:00

Նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին։


Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Ֆրանսիայի Հանրապետութեան Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչութիւնների կապակցութեամբ: Այս մասին յայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայութիւնից:

«Մեծարգոյ պարոն Նախագահ,

Խորապէս ցնցուած եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադէպ ահաբեկչութիւնների լուրից:

Խստագոյնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողութիւնները, որոնք բազմաթիւ անմեղ կեանքեր խլեցին:

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնոյթի բռնութիւնների աճը լուրջ մտահոգութեան տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրութեան իւրաքանչիւր անդամ կմիանայ բոլորիս պատուհասած այս չարիքի դէմ պայքարին: Մենք չենք կարող թոյլ տալ, որ բռնութիւնը, ծայրայեղականութիւնը և անհանդուրժողականութիւնը գերիշխեն: Մենք պարտաւոր ենք համատեղ ջանքերով բացայայտել և արմատախիլ անել այն բոլոր գործօնները, որոնք ծայրայեղականութեան նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում:

Այս դժուարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ամենայն աջակցութիւն ցուցաբերել:

Խորին ցաւակցութիւն եմ յայտնում Ձեզ, մեծարգոյ պարոն Նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհուածների հարազատներին՝ մաղթելով համբերութիւն, ուժ ու կորով, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում:

Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղօթքները, սրտերն ու հոգիները»,- ասուած է ՀՀ Նախագահի ցաւակցական հեռագրում:








All the contents on this site are copyrighted ©.