2015-11-11 09:32:00

Լեհաստանի Կլեբարկ քաղաքում մատուցուել է Սբ. Պատարագ՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին


 2015թ. նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքի Մալթայի Ինքնիշխան մարտական ուխտի հոգածութեան ներքոյ գտնուող Սուրբ Աստուածածին եկեղեցում տեղի ունեցաւ Սուրբ Պատարագ՝ նուիրուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Սբ. Պատարագը մատուցուեց ձեռամբ՝ արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի և համապատարագութեամբ՝ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի, ով ներկայացնում էր Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանին, ինչպէս նաև՝ Վարշավայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկի:

Ըստ պաշտօնական տեղեկատւութեան, ներկայ էին նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության մարշալեկ Գուստավ Մարեկ Բրժեժին, Լեհաստանի մշակոյթի և ազգային ժառանգութեան փոխ նախարար Պիոտր Ժուխովսկին, Լեհաստանի սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, «Լեհահայերի մշակոյթի և ժառանգութեան հիմնադրամի» նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Սեյմի պատգամաւորներ, Լեհաստանի կառավարութեան և Ազգային ու էթնիկ փոքրամասնութիւնների համատեղ յանձնաժողովում հայ փոքրամասնութեան ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ասպետներ, տեղական և մարզային իշխանութիւնների, Լեհաստանի Վարշավա, Էլբլոնգ, Լոդձ, Վորցլավ, Պոզնան և այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Սուրբ Պատարագի ընթացքում արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչը իր ծաւալուն քարոզը նուիրեց  Հայոց ցեղասպանութեանը: Ապա, ներկաներին դիմեց Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը և ասաց, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի թափած արիւնը հայ ժողովուրդը միշտ յիշում է և շարունակում է պահանջատէր լինել իր և իր զոհերի  իրաւունքներին՝ պահանջելով Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչումը՝ այսօրուայ Թուրքիայի իշխանութիւններից, որոնք շարունակում են մերժել պատմական փաստը: Պահանջատիրութեան այդ գիտակցութիւնը այսօր սերմանում ենք նաև նոր սերնդի մէջ՝ մանուկ հասակից, ասաց Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը: Վարդապետը նաև պաշտօնապէս ընթերցեց Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի 2014թ. յուլիսի 13-ի որոշումը՝ Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Հ. Հենրի Բլաշչուկին (Henryk Piotr Blaszczyk) Հայ Կաթողիկէ Եկեղեցու ծայրագոյն վարդապետի աստիճան շնորհելու մասին՝ ի գնահատումն Կլեբարկի հայ կաթողիկէ համայնքին նրա մատուցած հոգևոր ծառայութեան:

Արարողութիւնից յետոյ ելոյթով հանդէս եկաւ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով շնորհակալութիւն յայտնեց արարողութեան բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին իրենց աղօթքների և համամարդկային 100-ամյա ողբերգութեան հանդէպ իրենց յարգանքի և մարդկային վերաբերմունքի համար:

Սբ. Պատարագից յետոյ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը և Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը Կլեբարկի եկեղեցու առջև տեղադրուած հայկական խաչքարի առջև հոգեհանգստեան արարողութիւն կատարեցին՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի համար:

Նոյն օրը տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեանը և հայկական մշակութային ժառանգութեան թեմայով գիտական քննարկում, որի ընթացքում ելոյթներով հանդէս եկան Լեհահայոց մշակութային ժառանգութեան հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը և Գերհ. Հ. Հենրի ծ. վրդ. Բլաշչուկը:

 Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ, Մալթայի ասպետների սոցիալական թողարկել է յատուկ նամականիշ և փոստային բացիկ, որոնք բաժանուել են արարողութեան մասնակիցներին:

 








All the contents on this site are copyrighted ©.