2015-11-07 09:54:00

Լեհ եպիսկոպոսների ժողովը յիշատակել է հայոց ցեղասպանութիւնը։


2015թ. նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքում նախատեսուած է կազմակերպել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման օր: Միջոցառմանը կնախորդի Սբ. Պատարագը, որը կմատուցուի ձեռամբ արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի: Ապա նախատեսուած է անցկացնել գիտաժողով՝ նուիրուած հայկական մշակոյթին՝ դասախօսութեամբ Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Henryk Piotr Blaszczyk-ի: Միջոցառումը կազմակերպելու են Կլեբարկի հայ համայնքը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանատան աջակցութեամբ: Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանին Կլեբարկի միջոցառումների ընթացքում կներկայացնի Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը:

Նոյն օրը Լեհաստանի բոլոր կաթողիկէ եկեղեցիներում կընթերցուի Լեհաստանի եպիսկոպոսների խորհրդաժողովի հրապարակած նամակը՝ արդի աշխարհում քրիստոնեաների նկատմամբ հալածանքների մասին: Այդ նամակում, որտեղ լեհ եպիսկոպոսները իրենց համերաշխութիւնն ու միասնութիւնն արտայայտել վասն հաւատոյ զոհուած բոլոր քրիստոնեաների հետ, անդրադարձ կա նաև Հայոց Ցեղասպանութեանը:

Այսպէս, նամակում գրուած է, որ այս տարի յիշատակւում են Օսմանեան Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանութիւնները, և փաստւում, որ զոհերի ամենամեծ խումբը բաժին ընկաւ հայ ժողովրդին՝ 1,5 մլն սպաննուած, որին յաջորդում են սիրիացիները՝ մօտ 300.000, յոյները՝ մօտ 200.000:

Զանգուածային ջարդերի պատճառը քրիստոնէութեան հանդէպ ատելութիւնն էր, գրում են լեհ եպիսկոպոսները: Հազարաւոր քրիստոնեաներ հարկադրուած էին ընտրութիւն կատարել իսլամի և Քրիստոսի միջև և հերոսաբար ընտրում էին Քրիստոսի Խաչը: Նամակում կա նաև վիճակագրութիւն.ըստ Aid to the Church in Need կազմակերպութեան տուեալներով, 2014թ. ընթացքում քրիստոնեաները հալածուել են 116 երկրներում, ամենատարբեր ձևերով՝ ծաղր, արհամարհանք, տեղահանութիւն, բռնաբարութիւն, դաժան սպանութիւն և այլն: Ամեն տարի մօտ 100.000 քրիստոնեայ սպաննւում է հաւատքի պատճառով:

Եպիսկոպոսները գրում են, որ, որպէս քրիստոնեաներ, չենք կարող անտարբեր մնալ այս ողբերգութիւնների հանդէպ: Հարկ է պատասխան տալ հասարակութեան մէջ արմատացած մեղքին ու չարիքին: Մենք պէտք է որդեգրենք աւետարանական կեցուածք: Հալածուած և սպաննուած քրիստոնեաները Յիսուս Քրիստոսի Զոհի մէկ մասն են, որը Նա արեց աշխարհի փրկութեան համար: Մենք պէտք է պատրաստ լինենք տառապելու՝ պաշտպանելով մեր հաւատքը: Աղօթենք, որ Քրիստոս օգնի մեզ մեռնելու Իր հետ միասին ամէն օր, գրում են լեհ եպիսկոպոսները:

Այս նամակում Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան համար կարևոր դեր են խաղացել Լեհաստանի հայկական համայնքի պաշտօնական ներկայացուցիչ Mr. Edward Mier-Jędrzejowicz-ը և «Լեհահայերի մշակոյթի և ժառանգութեան հիմնադրամի» նախագահ Jan Abgarowicz-ի:








All the contents on this site are copyrighted ©.