Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…
2015թ. նոյեմբերի 6-ին ի Տէր հանգչեց Անարատ Հղության հայ քույրերի միաբանության առաքինազարդ քույր Սեսիլ (մկրտության անունով՝ Թագուհի) Քէհէյանը: Քույր Սեսիլն իր հոգին ավանդեց առ Աստված Գյումրիի հիվանդանոցում:
Կենսագրական
Քույր Սեսիլ Քէհէյանը ծնվել է 1923թ. ապրիլի 13-ին, Կիպրոսում: 1946թ. մեկնել է Հռոմ՝ ուսանելու նորընծայարանում:1947թ. դեկտեմբերի 8-ին ստացել է նորընծայության սքեմը: Անարատ Յղութեան միաբանութեան վանական անդրանիկ ուխտերն ընդունել է 1948թ. դեկտեմբերի 9-ին:
1949թ. միաբանության մեծավորուհիները քույր Սեսիլին ուսման են ուղարկել Գան, Ֆրանսիա՝ Ուրսուլին միանձնուհիների մոտ, ուր մնացել է երկու տարի և ստացել մանկավարժի վկայական:
Աւարտելով կրթությունը՝ 1957թ. ուղարկվել է Բեյրութ, 1967թ.՝ ստանձնել Հռիփսիմեանց վարժարանի մեծավորուհու և տնօրենի պաշտոնները և մեծ հաջողությամբ ղեկավարել է վարժարանը՝ մինչև 1992թ.:
1992թ. ուղարկվել է Բոսթոն, ապա՝ 1994թ.՝ Ֆիլադելֆիա, որտեղ չորս տարի վարել է մեծավորուհու և հայերենի ուսուցչի պաշտոնները: Քույր Սեսիլը մեծ եռանդով դասավանդում էր հայերեն, հայոց պատմություն, մշակույթ, մանուկների հոգիներում սերմանում սեր առ հայրենիք և հայկականություն:
1998թ. մեկնել է Մարսել, ուր երկու տարի մնալուց հետո, 2000թ. տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի, որտեղ ծառայել է մինչև 2003թ., ապա վերադարձել Բոսթոն:
Վերջին ամիսներին քույր Սեսիլը դարձյալ Գյումրիում էր, որտեղ էլ խոր ծերության հասակում, վախճանվեց՝ աստվածային շնորհներով առատորեն զարդարված:
Քոյր Սեսիլ Քէհէյանի թաղման արարողությունը տեղի կունենա 2015թ. նոյեմբերի 7-ին՝ նախագահությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի: Արարողությանը կնախորդի Սրբազան Հոր ձեռամբ մատուցվելիք Սուրբ Պատարագը՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում՝ ժամը 11:00-ին:
All the contents on this site are copyrighted ©. |