2015-11-02 10:03:00

ԵՀՕ-2016 նախապատրաստական հանդիպումներ՝ համայնքներում: Առաջին կայանը Արևիկն է:


2015թ. նոյեմբերի 1-ին Արևիկ համայնքում տեղի ունեցաւ հայ կաթողիկէ երիտասարդների հանդիպում՝ ի նախապատրաստութիւն Երիտասարդութեան համաշխարհային օրուայ, որը տեղի է ունենալու 2016թ. յուլիսի 25-31-ը, Լեհաստանի Կրակով քաղաքում:

 Հանդիպմանը մասնակցում էր մօտ 40 երիտասարդ՝ Արևիկից, Ազատանից և Գյումրիից: Կազմակերպիչը Արևիկի, Ազատանի, Լանջիկի և Ձիթհանկովի ժողովրդապետ Արհ. Տ. Նարեկ քահանայ Թադևոսեան էր, ով երիտասարդներին մօտ մէկ ժամուայ ընթացքում ծանօթացրեց ԵՀՕ պատմութեանը, կարևորութեանը՝ Կաթողիկէ Եկեղեցու առաքելութեան մէջ, բացատրեց, թէ ինչպիսին է լինելու ԵՀՕ ծրագիրը, թէ ինչ է սպասւում երիտասարդներին Կրկովում: Տէր Նարեկը խօսեց նաև ԵՀՕ մասնակցութեան համար երիտասարդների ընտրութեան չափանիշների մասին և յորդորեց իւրաքանչիւրին լաւ կշռադատել, թէ արդեօք համապատասխանում է այդ չափանիշներին և արդեօք կարող է արդարացնել Եկեղեցու սպասումները և յոյսերը:

Որպէս կարևոր չափանիշներ Տէր Նարեկն առանձնացրեց երիտասարդ հաւատացեալի բարեպաշտութեան արտայայտութիւնը գործնականում՝ ակտիվ մասնակցութիւնը Եկեղեցու պաշտամունքային կեանքում, Սբ. Պատարագներին, ընդ որում՝ Քրիստոսի Մարմնին և Արեանը հաղորդուելով, յաճախակի խոստովանութիւն կատարելը, ջերմեռանդ ական աղօթքներ կատարելը առանձին և համայնականների հետ միասին, Աստուածածնի տօնական թափորներին և այլ եկեղեցական երիտասարդական միջոցառումներին մասնակցելը, բարոյական նկարագիրը, աւելիին ձգտելու և սովորելու պատրաստակամութիւնը և, ի հարկ է, քրիստոնէական սիրոյ գործեր կատարելը:

Տէր Նարեկը խոստացաւ, որ շարունակելու է այս ամենին հետևել աջալրջօրէն և հետամուտ լինել, որպէսզի միայն արժանաւորները միանան Հայաստանից կատարուելիք միասնական երիտասարդական ուխտագնացութեանը դէպի Կրակով:

Ժողովրդապետը երիտասարդներին խնդրեց յընթացս պատրաստել նաև պարային, երաժշտական, ասմունքային համարներ կամ այլ ցուցադրութիւններ՝ Կրակովում հայ հոգևոր և ազգային նկարագիրը գեղեցիկ ներկայացնելու համար, ինչի հնարաւորութիւնը երիտասարդներն, ամենայն հաւանականութեամբ, կունենան:

Հանդիպման երկրորդ կեսին Տ. Նարեկը խօսեց Խոստովանութեան սուրբ խորհրդի մասին և խոստացաւ հետագայ հանդիպումների ընթացքում խօսել նաև Եկեղեցու միւս սուրբ խորհուրդների, տասը պատուիրանների, Եկեղեցու հինգ պատուիրանների, յօդ մահացու մեղքերի մասին՝ ջանալով խորացնել երիտասարդների գիտելիքները:

Երիտասարդներից մէկը ժողովրդապետին առաջարկեց առանձին խօսել նաև հայ կաթողիկէ ինքնութեան և Հայ Կաթողիկէ Եկեղեցու էութեան ու պատմութեան մասին՝ երիտասարդների մօտ աւելի յստակ պատկերացում ու ինքնագիտակցութիւն զարգացնելու դիտաւորութեամբ:

Նախատեսուում է նման հանդիպումներ կազմակերպել նաև այլ համայնքներում և այդպիսով ձմռան ամիսներին առաջ տանել ԵՀՕ նախապատրաստութիւնը՝ գարնանը դարձեալ Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում ընդհանուր հանդիպումներ կազմակերպելու սպասումով: Յիշեցնեմ, որ 2015թ. ընթացքում ճամբարում կազմակերպեց ԵՀՕ պատրաստութեան 4 հանդիպում: Վերջին հանդիպմանը մասնակցեց մօտ 100 երիտասարդ: Այս թիւը դեռ աճելու է:








All the contents on this site are copyrighted ©.