2015-10-27 08:54:00

Հայկական Կարիտասի հովանաւորութեամբ վերանորոգման աշխատանքներ Արևիկի դպրոցում


2015թ. հոկտեմբերի 21-ին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը այցելեց Արևիկ համայնք և ներկայ գտնուեց գիւղի վերանորոգուած մանկապարտէզի բացման արարողությանը:

Արևիկի մանկապարտէզը տնակներում գործում է 1991թ. ի վեր, երբ հին շէնքը երկրաշարժի պատճառով վթարային դարձաւ: Երկու տասնամեակից աւելի մանկապարտէզին ծառայած տնակները ևս նորոգման կարիք ունէին:

2015թ. մանկապարտէզը վերանորոգուեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքոյ գործող «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպութեան հովանաւորութեամբ և Արևիկի գիւղապետարանի համաֆինանսաւորմամբ (Հայկական Կարիտասը տրամադրել է մոտ 20.000 եւրօ և կազմակերպել է վերանորոգման աշխատանքները, իսկ գիւղապետարանը յատկացրել է 760.000 դրամ): Ամբողջովին նորոգուել են մանկապարտէզի յատակը, սանհանգույցը, փոխուել են պատուհանները, դռները: Իսկ համագիւղացիների աջակցութեամբ մանկապարտէզը համալրուել է նոր կահոյքով: Հայ Կաթողիկէ Եկեղեցին 2014թ. մանկապարտէզին նուիրել էր նաև մէկ սառնարան և մէկ գազօջախ:

 Բացման արարողութեան ժամանակ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանին աղուհացով դիմաւորեցին մանկապարտէզի սաները և աշխատակիցները: Ներկայ էին Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, Հայկական Կարիտասի գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը, Արևիկի գիւղապետ Գարեգին Ստեփանյանը, մանկապարտէզի տնօրէն Գարունիկ Միքայելյանը, համագիւղացիները: Բացման ժապաւէնը երեխաների օգնութեամբ կտրեց Սրբազան Հայրը: Իր խօսքում նա ասաց, որ միշտ պարտական է գալիք սերունդներին, որոնք մեզ հետագայում մխիթարելու են իրենց գեղեցիկ ապագայով, որակեալ կրթութեամբ, որոնց հասնելու համար երեխաներին բոլորը պէտք է նեցուկ կանգնեն:

Մանկապարտէզի նախկին շէնքը մօտ ապագայում պետութիւնը խոստացել է հիմնովին նորոգել: Կազմուել է շինարարական աշխատանքների ծրագիր՝ մօտ 170մլն. դրամ արժողութեամբ, որը կիրականացուի Գիւղական համայնքների տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով և Արևիկի գիււղապետարանի 7% համաֆինանսաւորմամբ: Աշխատանքների մեկնարկի ժամկէտը դեռևս անյայտ է:

Նոյն օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանն այցելեց նաև Արևիկի միջնակարգ դպրոց և ծանօթացաւ Հայկական Կարիտասի հովանաւորութեամբ կատարուած նորոգման աշխատանքներին: 2015թ. Հայկական Կարիտասի տրամադրած մօտ 16.000 եւրօ գումարով փոխուել են դպրոցի պատուհանները (55 պատուհան, պատուհանագոգ) և դռները (4 դուռ): Կարիտասը նաև դպրոցին նուիրել է նաև 2 համակարգիչ, 1 տպիչ և 1 պրոյեկտոր:

 Իսկ Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդների հիմնումը` գիւղական համայնքներում» ծրագրի շրջանակներում Արևիկի դպրոցում գործող ձյուդոյի խմբակի համար գնուել են նոր տատամիներ (Կարիտասի ներդրումը՝ 450.000 դրամ, գիւղապետարանի ներդրումը՝ 70.000 դրամ):

Պէտք է ասել, որ Արևիկում Հայկական Կարիտասի 2015թ. ծրագրերի իրականացումը տեղի է ունեցել Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի օրհնութեամբ և Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսեանի խնդրանքով ու միջնորդութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.