2015-10-15 09:13:00

Հայկական Կարիտասի հանդիպումը՝ միջազգային և տեղական գործընկերների հետ


2015թ. հոկտեմբերի 14-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքոյ գործող Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպութիւնը Գյումրիում հանդիպում կազմակերպեց գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Նրանք նախ միասնաբար մասնակցեցին Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասյանի ձեռամբ մատուցուած Սբ. Պատարագին, ապա շարունակեցին իրենց հանդիպումը նորակառոյց Էմիլի Արեգակ կենտրոնում:

Հանդիպմանը ներկայ էր Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, Հայկական Կարիտասի խորհրդի անդամներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան, Զբաղուածութեան Գյումրիի տարածքային կենտրոնի, Հայաստանում գործող միջազգային կազմակերպութիւնների, տասներեք երկրներում գործող Կարիտասների ներկայացուցիչներ և այլ հիւրեր, ում հետ Հայկական Կարիտասը ակտիվ համագործակցել է անցած 20 տարիներին՝ իր ծրագրերի իրականացման ընթացքում և ֆինանսական, խորհրդատուական և այլ տեսակի աջակցութիւն ստացել:

Հանդիպման ընթացքում ներկայացուեց Հայկական Կարիտասի կայացման պատմութիւնը, առաքելութիւնը, իրականացուած ծրագրերի բնոյթը: Միջազգային գործընկերները ներկայացրել են Հայաստանում Հայկական Կարիտասի հետ համատեղ իրականացուող ծրագրերը, ապա կազմուել են աշխատանքային խմբեր՝ քննարկելու համար ռազմավարական առանձին ուղղութիւնները, ծրագրերի իրականացման դժուարութիւնները, նոր առաջարկներ:

Հանդիպումը բացուեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի ողջոյնի խօսքով: Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց բոլոր աջակցող կազմակերպութիւններին՝ Հայկական Կարիտասի կողքին լինելու համար և ասաց.

«Ամենամեծ բանը, որ Կարիտաս Կաթողիկէ կազմակերպութիւնը տալիս է, սէ՛րն է: Սէրը սեփական անձը զոհաբերելն է՝ տալով այն ամենն, ինչի կարիքն ունեն մեր եղբայրները…Մտածէ՛ք այն մասին, թէ ինչպէս կարող էք տալ՝ առանց յիշեցնելու, թէ դուք ով էք, տուեցե՛ք սիրով, և արդիւնքը շատ աւելին կլինի, անհամրելի կլինի: Ես մինչ օրս չգիտեմ, թէ որտեղ են ֆինանսական հաշիւներիս թղթերը, բայց ես երբեք չեմ մոռանում սիրոյ կարևորութեան մասին: Ձեր վստահութիւնը մի՛ դրէք ձեր ունեցածի վրայ, այլ վստահ եղէ՛ք այն բանում, թէ ինչ էք ուզում այս պահին»:

Ապա ներկաներին ողջունեց լիբանանահայ Տկն. Զվարթ Նաջարյանը, ով հիմնել է Հայկական Կարիտասը և մինչ օրս օգնում է կազմակերպութեանն՝ իր խորհրդատուական աշխատանքով: Նա պատմեց Հայկական Կարիտասի կայացման ուշագրաւ պատմութիւնը:

Հայկական Կարիտասի գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը պատմեց, որ 1995թ., երբ կազմակերպութիւնը սկսեց իր աշխատանքը հայ կաթողիկէ առաջնորդարանի սենեակում, ունէին միայն մէկ սեղան և մի քանի աթոռ, որոնք մինչ օրս պահւում են Կարիտասի գրասենեակում՝ որպէս յիշատակ պատմական մեկնարկի:

Այսօր Հայկական Կարիտասը համայնքային զարգացման, առողջապահական, սոցիալական խնամքի, հաշմանդամութիւն ունեցող անձանց, ծերերի ցերեկային խնամքի և այլ ծրագրեր է իրականացնում է Շիրակի, Լոռու, Արարատի մարզերում և Երևանում: Այս պահին ընթացող ծրագրերի թիւը 45-ն է, նախատեսւում է հետագայում ընդլայնել թէ ծրագրերի բնոյթը և թէ իրականացման աշխարհագրութիւնը:

 








All the contents on this site are copyrighted ©.