2015-10-12 11:58:00

ԵՀՕ-2016-ի հերթական երկօրեայ նախապատրաստական հանդիպումը՝ մօտ 100 մասնակիցներով։


2015թ. հոկտեմբերի 10-11-ը Թորոսգիւղի մօտ գտնուող «Աղաճանեան» ճամբարում տեղի ունեցաւ ԵՀՕ-2016-ի պատրաստութեան 4-րդ հանդիպումը: Մասնակիցների թիւն այս անգամ շատ աւելին էր՝ մօտ 100 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից:

Ինչպէս յանձնարարած էր նախորդ հանդիպման մասնակիցներին, իւրաքանչիւր երիտասարդ այս անգամ իր հետ բերել էր ևս մէկ-երկու հոգի՝ իր ժողովրդապետի գիտութեամբ և օրհնութեամբ: Երիտասարդները տարբեր մասնագիտութիւններ և զբաղուածութիւն ունեն, կան նաև արւեստի տաղանդներով օժտուածներ՝ երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ, ովքեր հանդիպման օրերին փորձեցին իրենց կարողութիւններով օգտակար լինել միասնական միջոցառման նախապատրաստութեանը:

Օրինակ, երիտասարդները հայերէն են թարգմանել ԵՀՕ 2016-ի պաշտօնական օրհներգը, որի հեղինակն է լեհ կոմպոզիտոր Jakub Blycharz-ը, և սովորում են երգել միասին, որպէսզի ԵՀՕ-ի օրերին կարողանան այլազգի տարեկիցներին ներկայացնել այն հայկական դիմագծով՝ որպէս կաթողիկէ միասնականութեան մէկ մասը: Երիտասարդներից մէկը օրհներգի մեղեդին պատրաստելու է դաշնամուրային եղանակով, որպէսզի համայնքներում երիտասարդական հաւաքներին կարողանան միշտ երգել այն և իւրացնել գալիք ամիսների ընթացքում: Օրհներգը կոչւում է «Երանի՛ ողորմածներին», ըստ աւետարանական երանիի բառերի:

 

Հանդիպման առաջին օրը երիտասարդներին իր հայրական այցելութեամբ ուրախացրեց Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը: Սրբազան Հայրը երիտասարդներին հրաւիրեց խորհրդածելու սեփական համայնքային ինքնութեան մասին՝ փորձելով աւելի խորութեամբ ըմբռնել այն և արտայայտել սեփական կեանքում՝ առաջին հերթին միասնականութեամբ և միմեանց հանդէպ սիրոյ արտայայտութիւնով:

«Մենք պէտք է միանանք Ընդհանրական Եկեղեցու քայլին` որպէս մէկ մասը Եկեղեցու: 

Ուզում եմ աշխարհին ցոյց տալ, որ մենք ունենք ուժեղ հաւատք, մշակոյթ, միասնականութիւն, ինքնութեան գիտակցութիւն: 

Դուք պէտք է ինձ զօրավիգ լինէք ձեր միասնականութեամբ, միշտ պէտք է յիշէք, որ մենք մի ժողովուրդ ենք, ով իր հաւատքը իր արիւնով է պահել,-ասաց Ռաֆայէլ Սրբազանը և շարունակեց խօսել հոգևոր կեանքի զարգացման կարևորութեան մասին:

–Պէտք է իմանալ, թէ ինչ է նշանակում Աստծոյ ներկայութիւնը մեր կեանքում: Այսօր չենք հասկանում: Երբ դժուարութեան մէջ ենք, երբ ոչ ոք նեցուկ չէ մեզ, բոլորը հալածում են մեզ, այն ժամանակ ենք փնտրում այն Անձը, Ով մեզ կմխիթարի: Այսօր արժէքը չգիտենք Եկեղեցի գնալու, Աստծոյ, Սբ. Պատարագին ներկայ գտնուելու, այս բոլորը պարապ բան է թուում: Բայց վաղը պէտք է լացենք այն օրերի համար, երբ ոչինչ չենք արել: Հարկ է եկեղեցի մտնել՝ Աստծոյ հետ հանդիպման համար: Եթէ այս կէտը կարողանաք իրականացնել կեանքում, ամենամեծ՛ծ հաջողութիւնը կունենաք ձեր կեանքում: Երբ հոգևոր այս հարստութիւնը ունենաք, այն ժամանակ կարող էք ուրիշների հետ շատ աւելի բաց և համերաշխ լինել»:

 Երիտասարդների հետ հոգևոր զրոյցներ անցկացրեցին Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Գերպ. Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը Սբ. Պատարագ մատուցեց երկու օրերին էլ:

Հ.Պետրոսը խօսեց աւետարանական 1-ին և 5-րդ երանիների մասին՝ «Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը» (Մտթ. 5:3), «Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն» (Մտթ. 5:7), որը նաև ԵՀՕ 2016-ի բնաբանն է, օրհներգի հիմքը, կրկներգը: Վարդապետը խօսեց աստուածային ողորմութեան խորհրդի մասին, երիտասարդներին ներկայացուեց նաև Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի «Misericordiae Vultus` Ողորմության դէմքը» կոնդակը՝ հրապարակուած 2015թ. ապրիլի 11-ին՝ Ողորմութեան յոբելենական տարի հռչակելու մասին: ԵՀՕ 2016-ը առանձնակի նշանակութիւն է ստանում այս յոբելենական խորհրդի ֆոնին: 

Սրբազան Հայրը յայտարարեց, որ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ԵՀՕ-2016-ի մասնակիցների ընդհանուր թիւը կարող է լինել առաւելագոյնը 450 երիտասարդ: Այս պահի տուեալներով, Ռուսաստանից կմասնակցի 75 երիտասարդ, միւսները կլինեն Հայաստանից և Վրաստանից:

Երկօրեայ այս հանդիպումը գեղեցիկ առիթ եղաւ նաև շփման, նոր ծանօթութիւնների, միմեանց ճանաչելու, միասին հոգևորի մասին խորհրդածելու, միասնական աղօթքի, հետաքրքիր ժամանցի համար: Զրոյցները, խաղերը երկարեցին մինչև գրեթէ լուսաբաց, տաք բուխարիի կողքին, ջերմ ու մտերիմ մթնոլորտում:

Նախապատրաստական յաջորդ հանդիպումները, հաւանաբար, կլինեն գարնանը:








All the contents on this site are copyrighted ©.